Գլխավոր / Բանտ / Վարդգես Գասպարիին խոշտանգելու գործի վերաբերյալ նոր քննություն կանցկացվի

Վարդգես Գասպարիին խոշտանգելու գործի վերաբերյալ նոր քննություն կանցկացվի

Քրեական վերաքննիչ դատարանը բավարարել է ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի պաշտպանների միջնորդությունը և որոշել է պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայությանը նոր քննություն իրականացնել «Նուբարաշենում» Գասպարիին խոշտանգելու փաստի առթիվ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Գասպարին։

Նա ընդգծել է, որ դատարանը նման որոշում է կայացրել իր փաստաբանների հետևողականության, ինչպես նաև դեպքի առթիվ հանրային աջակցությամբ, տեղական և միջազգային իրավավապաշտպան կազմակերպությունների և կառույցների արձագանքի պատճառով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վարդգես Գասպարին կալանավորվել էր։

Նա մեղադրվում էր վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:

Գասպարին բոյկոտում էր դատաքննությունը և չէր ներկայանում նիստերին, ինչն էլ հիմք էր հանդիսացել, որ դատավորը կալանավորման որոշում կայացներ։

Մի շարք տեղական իրավապաշտպան կազմակերպություններ նշել էին, որ Գասպարիի կալանավորումն ապօրինի է և քաղաքական պատճառներ ունի։

Փետրվարի 25-ին ակտիվիստը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՄԻՊ արագ արձագանքման խմբին տեղեկություններ էր հայտնել, որ իրեն փետրվարի 22-23-ը բանտախցում խոշտանգել են՝ ենթարկելով շարունակական ահաբեկման, նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի։

Գասպարին պատմել էր, որ իրեն խցակիցները սկսել էին ծեծի ենթարկել, երբ «վերևներից զանգեցին, հրահանգ տվեցին»։ Մեկ շաբաթ կալանքի տակ մնալուց հետո փետրվարի 26-ին նա ազատ էր արձակվել։

Մարտի 10-ին ակտիվիստին խոշտանգելու փաստի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ ՔՕ 315 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական անփութություն)։ Սակայն սեպտեմբերի 5-ին գործը կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով։

Նշենք, որ Գասպարիի խցակիցներից Մխիթար Սարգսյանին կախված վիճակում գտել էին 2016 թվականի մարտի 1-ին՝ «Նուբարաշենի» լոգարաններից մեկում։

Չնայած պաշտոնական ինքնասպանության վարկածին, Գասպարաիի համոզմամբ, նրան սպանել էին, իրեն «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգելու համար:

Հանգուցյալի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը ևս համոզված է, որ ինքնասպանության մասին խոսք լինել չի կարող և իրականում ամուսնուն սպանել են։