17։30 Վարդգես Գասպարին քիչ առաջ ազատ արձակվեց կալանքից։ Ակտիվիստի նկատմամբ խափանման միջոցը Վերաքննիչ դատարանի կողմից փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
«Ինձ դարձրեցին գաղութի փոշի»,֊ դատարանի դահլիճից դուրս գալով՝ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Լեյլա Յունուսին մեջբերեց Գասպարին։
Մանրամասները՝ քիչ անց։
14։ 36 ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր որոշել է բավարարել քաղբանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբանների բողոքն ու բեկանել առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու մասին որոշումը։
Գասպարիի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման մասին նորությունն Epress.am֊ի հետ զրույցում հաստատել է ակտիվիստի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Փաստաբանի խոսքով, ինքը դատական նիստին ներկա չի գտնվել ու ազատ արձակման մասին որոշումը դեռ չի ստացել, բայց ակնկալվում է, որ Գասպարիին կալանավայրից կազատեն օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին կալանավորվել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Գասպարին բոյկոտում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իր գործով ընթացող դատաքննությունը և չէր ներկայանում նիստերին։