Ազգային Ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։
Քաղաքացիների մեծ մասը ոգևորվածությամբ է ընդունում փոփոխությունները, որոնցով հեշտացվում է զենք գնելու գործընթացը՝ պատճառաբանելով, որ նոր օրենքի շնորհիվ հայաստանցիները կդառնան ավելի մարտունակ։ Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք հարցեր ունեն, օրինակ՝ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել օրենքը, ինչու՞ է պետք, որ քաղաքացին զինված լինի, ո՞ւմ են ձեռնտու այս փոփոխությունները և այլն։
Օրենքի նախագծով, մասնավորապես,
— չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը,
— չեղարկվում է Որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը,
— զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը դառնում է 10 տարի (5 տարվա փոխարեն),
— թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն (5 միավորի փոխարեն)։
— զենքի հավաքածու կազմելու նպատակով քաղաքացին այժմ կարող է անսահմանափակ թվով հրազեն և մարտական սառը զենք գնել,
— համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք այժմ ունի միայն 21 տարին լրացած քաղաքացին,
— քաղաքացիական այլ տեսակի զենք կարող է ձեռք բերել նաև 18 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո,
— սահմանվել է, որ օրինական հրազեն ստանալու համար պետք է քննություն հանձնել․ պարապմունքներն և համապատասխան քննությունը իրականացվում են լիցենզավորված հաստատություններից մեկում։
Կարծիքներ
Նախագծի հեղինակները պնդում են, որ նոր օրենքը անվտանգային համակարգի հարցեր է լուծելու։ Շրջանառվող փաստարկներից է, որ բարեփոխումից հետո զենքին տիրապետողների թիվը կմեծանա (պարապմունքների ու քննության շնորհիվ), մարդիկ ավելի հեշտ կինտեգրվեն մարտական գործողություններում։ Բայց նախ պետք է հիշել՝ ովքե՞ր են զենք գնողները։ Հարուստները։
«Էսօր մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, ո՞վ ա գնալու մի քանի հարյուր հազար դրամ տա, զենք առնի, հետո 5 տարին մեկ մուծումներ անի՝ թեստեր անցնելու համար», – Epress.am-ի հետ զրույցում ասում է Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը։
Գևորգյանի կարծիքով՝ խնդիրը ավելի շատ ոչ թե նախագծի, այլ դրա շուրջ ձևավորված ոգևորվածության մեջ է։
«Խնդիրը նախագծի գերագնահատման մեջ ա։ Մի հատված կա հասարակության մեջ, որ մտածում ա՝ հեսա որ զենքը օրինականացրին, սաղս զինվեցինք, գնալու ենք հասնենք Բաքու։ Էդ ոգևորությունը, որ ես տեսնում եմ, ինձ համար աբսուրդային ա։ Ասենք՝ սաղին զինեցիք, ամեն մեկը մի հատ կալաշնիկով տունը ունեցավ, դա ի՞նչ պաշտպանություն ա ապահովում։ Ակոսափող զենքերով 5-րդ սերնդի պատերազմ վարելը․․․», – ընգծում է Գևորգյանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դեմ չէ, որ ներկայիս պայմաններում ժողովուրդը զինվելու հնարավորություն ունենա, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում։ Հարցին, թե սահմանամերձ գյուղի բնակիչներին արդյո՞ք դժվար չէ լինելու գումարի տեսանկյունից զենք գնելը, իրավապաշտպանը պատասխանեց, որ դա էլ պետք է մտածվի և դրա շուրջ էլ պետք է հնարավորություններ ստեղծվեն։
«Եթե մարդիկ, այդ թվում՝ սահմանամերձ գոտում գտնվող, իրենց թույլ են տալիս օրինակ վարկով նոր այֆոն գնել, որը նույնպես մի քանի հարյուր հազար դրամ արժի, ես կարծում եմ՝ ինքնապաշտպանության նպատակով զենքը էն անհրաժեշտ գործիքն ա, որը մենք պետք ա ունենանք։
Պետությունն էլ պետք ա ինչ-որ մեթոդաբանություն մշակի, որ առանձին տարածքներում, սահմանամերձ գոտիներում ինչ-որ արտոնություններ, փոխհատուցման ինչ-որ տարբերակներ լինեն», – Epress.am-ի հետ զրույցում ասում է Կարապետյանցը։
Իրավապաշտպանի կարծիքով՝ նախագիծը հարուստների համար առանձնապես ոչինչ չի փոխելու։
«Կարևոր ա մի բան արձանագրել՝ նրանք, ովքեր ֆինանսական հնարավորություն են ունեցել զենք պահելու, ունեցել են և՛ օրինական, և՛ անօրինական զենքեր։ Էն մարդիկ, ովքեր ունակ են եղել ապօրինի կերպով կիրառել էդ զենքերը, կիրառել են մեծ ոգևորվածությամբ և շատ դեպքերում չեն ենթարկվել պատասխանատվության», – նշել է նա։
44-օրյա պատերազմից հետո մեծ թվով զենք էր ապօրինաբար դուրս բերվել պատերազմական գոտիներից։ Վերջին երեք տարում ոստիկանությունը 1758 միավոր զենք է առգրավել քաղաքացիներից։ Ինչքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ իշխանությունները կարողանալու են վերահսկել օրինական զենքի շրջանառությունը։
Կարապետյանցի կարծիքով՝ օրինականի դեպքում ամեն բան հաշվառվում է, ուստի վերահսկելը ավելի հեշտ է։
Համեմատենք
2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում միայն ընտանեկան բռնության 391 քրգործ է հարուցվել Հայաստանում։ Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել քաղաքացիների զինումը։ Նայենք մյուս երկրների օրինակին։
Քարտեզում ներկայացված է ատրճանակների տիրապետելու սահմանափակումների աստիճանը՝ ըստ երկրների։
— Կապույտով՝ չեն պահանջվում թույլտվություններ կամ լիցենզիաներ ատրճանակներ ձեռք բերելու համար
— Կանաչով՝ չի պահանջվում հիմնավոր պատճառ
— Դեղինով՝ պահանջվում է հիմնավոր պատճառ (օրինակ՝ սպորտային հրաձգության լիցենզիա կամ կյանքին վտանգ ներկայացնող ապացույց)
— Բաց կարմիր՝ լիցենզիաներ քիչ են տրվում
— Մուգ կարմիր՝ քաղաքացիական անձանց արգելվում է ձեռք բերել ատրճանակ
Ճապոնիան (մուգ կարմիրով) զենքի ամենախիստ օրենքներ ունեցող երկրներից է։ 2011 թվականի դրությամբ 127 միլիոն բնակչություն ունեցող երկրում, ըստ ոստիկանության տվյալների, օրինական զենքի սեփականատերերի քանակը կազմում էր 271 հազար: Հրազենով սպանությունների տարեկան դեպքերը շատ քիչ են, 2014-ին օրինակ՝ 6 դեպք։
Միացյալ Նահանգները (կապույտով), իհարկե, այդ ծայրահեղության մյուս կողմում է։ ԱՄՆ քաղաքացիների զենք պահելու և կրելու իրավունքը պաշտպանված է սահմանադրությամբ։ Երկրում օրեկան միջինում 30 մարդ է գնդակահարվում։ Հրազենով սպանությունների մակարդակը ԱՄՆ-ում 25 անգամ ավելի բարձր է, քան մյուս բարձր եկամուտ ունեցող երկրներում։
Հրազենով սպանությունները մեկ տարում՝ մեկ միլիոն մարդու հաշվով․
Անկախ նոր նախագծի շուրջ ստեղծված երկու տարբեր կարծիքներից, արդյոք այն ավելի է հեշտացնում, թե բարդացնում զենք ունենալու գործընթացը, զենք ունենալու շուրջ ստեղծված հասարակական ոգևորությունը մտահոգիչ է։