Home / Համայնքներ / Կառավարությունը փողոցում է թողնում արցախցի ադրբեջանահայերին

Կառավարությունը փողոցում է թողնում արցախցի ադրբեջանահայերին

Լեռնային Ղարաբաղից տեղահանված շատ ընտանիքներ մայիսից սկսած չեն ստացել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամի աջակցությունը։

Մի քանի օր առաջ Սոցապից իմացել են, որ Ադրբեջանից փախստականները, Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցված հայաստանցիները և նրանց ժառանգները չեն անցնելու բնակապահովության նոր ծրագրով։ Մեկ շնչի հաշվով 3-5 միլիոն դրամի փոխարեն նրանց առաջարկում են 10 միլիոնի վկայագիր վերցնել՝ ամբողջ ընտանիքի համար։ Կառավարության մոտ այսօր հավաքվածների մեծ մասը կրկնակի կամ եռակի փախստականներ են՝ ադրբեջանահայեր, որոնք 90-ականների տեղահանությունից հետո ապրել են Շուշիում, 2020 թվականի տեղահանությունից հետո հաստատվել են Ստեփանակերտում, 2023-ի տեղահանությունից հետո՝ հայտնվել Երևանում, Չարենցավանում, Դիլիջանում․․․։

Գրեթե բոլորը վարձով են ապրում։ 40+10 հազարը կտրելուց հետո նրանք հայտնվելու են փողոցում․ «150 հազար դրամ աշխատավարձով հնարավոր չի համ ապրել, համ երեխա պահել, համ տուն վարձել»։

2023-ի սեպտեմբերին տեղահանվածներին պետությունը նախատեսում է բնակարանի գնման սերտիֆիկատներ տալ՝ մեկ շնչի հաշվով 3-ից 5 միլիոն դրամ։ Հիմա պարզվել է, որ այս ծրագիրը չի տարածվելու վերաբնակների և նրանց ժառանգների (այսինքն՝ մարդկանց, որոնք ծվել և ամբողջ կյանք ապրել են Արցախում) վրա։ Մարդահաշվով 3-5 միլիոնի փոխարեն նրանց, անկախ ընտանիքի անդամների քանակից, 10 միլիոնի վկայագիր են առաջարկում։

10 միլիոնով մեծ ընտանիքները, որոնք խնայողություններ չունեն, տուն առնել չեն կարող․ հեռավոր գյուղերում աշխատանք չկա, քաղաքներում էլ գներն են բարձր։

Կառավարության մոտ հուլիսի 15-ին հավաքվածներին ընդունարանում առաջարկեցին սպասել՝ նամակը կփոխանցեն պատասխանատու գերատեսչություններին, 7-օրյա ժամկետում կպատասխանեն բոլոր հարցերին։ Սպասելու ընթացքում մարդիկ տուն են վարձում պարտքով։

Տե՛ս

Եռակի փախստականներին թողնելու են փողոցում

120 հազար արցախցի եք ընդունել, է՞ս ա ձեր ընդունածը․ հանրահավաք Երևանում

Ղարաբաղցի Լիանայի և Արթուրի մեծ տղան էպիլեպսիա ունի, մյուսը՝ տեսողական հաշմանդամություն