Գյումրիում նշում են Վարդան Ղուկասյանի պաշտոնեական վերակենդանացումը։ Նոր ավագանու առաջին նիստն այսօր էր․ Քաղաքացիական պայմանագիրը զբաղված էր բոյկոտով, ընդդիմադիր երեք խմբակցությունները միավորվել էին Կոմունիստական կուսակցության անկուսակցական թեկնածուի շուրջ, որին վերջերս էլ Վարդանիկ չեն ասում։
Վարդան Ղուկասյանը տեղական առասպել է։ Գյումրեցիները նրան կամ սիրում են, կամ ատում։ «Որովհետև Վարդանը կարգին տղա է», – բացատրում է տաքսիստը։ «Ինքը չեսնի մարդ է, բայց տղեն կոնչենի հանցագործ էր, հորը քաղաքական առումով քաշեց։ Հիմա մեծացել է, խելոքացել է», – արդարանում է Մուշի բնակիչը։ Գյումրեցի ծանոթներից այլ կարծիքներ էլ ենք լսել, նախկին և արդեն ներկա քաղաքապետին բնութագրում էին որպես «եկեղեցական բարեգործ», «կրիմինալ հեղինակություն», «տեղական բիզնեսմեն», «ծաղրածու» և այլն։
2000-ից մինչև 2012 թվականը Վարդան Ղուկասյանը եղել է Գյումրու քաղաքապետ։ Նրանք, ովքեր Վարդանիկի վերադարձը համարում են խայտառակություն, հիշում են քաղաքապետի ընտանիքի, նրա հարազատների և թշնամիների սպանությունների և ինքնասպանությունների, նրա դեմ մահափորձերի, տարբեր կրակոցների, կլանային կոնֆլիկների, սեռական ոտնձգությունների մասին։ Կոմունիստական կուսակցության նոր թեկնածուին մեղադրում են նաև հարստանալու ու հարստահարելու մեջ։ Վերջին ՏԻՄ ընտրությունները թարմացրել են Թուրքի մայլի և Սլաբոդկայի մասին հիշողությունները։ Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որի ղեկավարած ուժը այսօր կանխորոշեց Ղուկասյանի հաղթանակը, Թուրքի մայլից է, իսկ Վարդան Ղուկասյանը Սլաբոդկայից է, նրանց պատերազմը ժամանակին արյան վրեժ էր ներկայացվում, հիմա քաղաքական կոնսուլտացիաներ են։ Գրիգորյանը պատրաստ է աջակցել Ղուկասյանին, որ չաջակցի ՔՊ-ին։
Բայց Վարդան Ղուկասյանի ֆանատներն ուրիշ հիշողություններ ունեն։ 2000-ականների մասին խոսում են նոստալգիայով։ «Վարդանը եկեղեցին սարքեց», «նպաստները տվեց», «ֆիդայիններին օգնեց», «հարստացել է, բայց ժողովրդի մասին չի մոռացել», «ժողովրդի ծոցից է ելել», «լավ տղա է», «կարգին տղա է», «հարգված տղա է», «տղայավարի է ապրել», «ինքը ոչ ՀՀԿ էր, ոչ ԲՀԿ էր, ոչ էլ Կոմունիստ է», ասել է թե՝ «ինքնուրույն քաղաքական գործիչ», «գյումրվա նվիրյալ»։ Սա կրկնում էր նաև Ղուկասյանը, երբ գովում էր ինքն իրեն քարոզարշավի կամ ավագանու այսօրվա նիստի ժամանակ, որը նրա մեկուկես ժամանոց բենեֆիսն էր։
Ընթացակարգը մեծամասամբ չէր պահպանվում։ Վարդանիկին աջակցելու էին եկել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից երկուսը, ընդդիմադիր լրագրողները, բլոգերները, հարևան գյուղերի ակտիվիստները, տարբեր սևազգեստ տղամարդիկ։ Նոր քաղաքապետը աղոթում էր, պատարագ էր անում, անեկդոտներ պատմում, սիրահետում ծանոթ լրագրողներին, բշտում իրեն քննադատողներին, հիշում Խաչատուր Աբովյանի հայտնի մեջբերումը, խոսում մոնումենտալ արվեստից։ Անդրադառնում էր նաև գեոպոլիտիկ հարցերին, որ ռուսների հետ պետք է լինել եղբայրաբար կիպ։
Վարդանիկը լարված միասնականության մթնոլորտում ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Հնչեցին ծափահարություններ։ Բոլոր ներկաներն ուրախ էին՝ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից բացի․ Մարտուն Գրիգորյանը մանդատը վայր է դրել, նրա թիմից նիստին եկել էին նվազագույն անհրաժեշտ քանակի ավանգանու անդամներ։
Կենտրոնական իշխանության հետ Վարդանիկը խոսում էր հեռակա․ ՔՊ ավագանու անդամներից ոչ ոք ներկա չէր։ Հիմնական մտքերն էին՝ պատրաստ է համագործակցել և քրիստոնեաբար փռվել ոտքերի տակ, բայց շանտաժի տրվել չէր ուզի։
Շանտաժի տակ նկատի էր առնվում հասունացող քաղաքական ճգնաժամը․ քանի որ ՔՊ-ն, որն ամենաշատ ձայնն էր հավաքել, Ղուկասյանի հետ համագործակցել չի պատրաստվում, իսկ Մարտուն Գրիգորյանի խմբակցությունը (անցյալի կլանային կռիվների պատճառով) նրա հետ չի դաշնակցելու, ավագանու ապագան անորոշ է։ Կա և՛ քվորումի, և՛ որոշումների ընդունման համար մինիմալ անհրաժեշտ քվեների խնդիր։
ՔՊ-ն հույս ունի, որ խնդիրը կսրվի։ Իշխանությունները նոր արտահերթ ընտրություններ են ուզում։ Ղուկասյանը սպառնում է, դրանք ավելի կոշտ հանգուցալուծում կստանան։
Քննարկվում է նաև նոր քաղաքապետի ձերբակալության հարցը․ 2018-ի հեղափոխությունից հետո նա ամենատարբեր քրեական գործերով է անցնում, վաղ թե ուշ դրանք դատավճիռ են ստանալու, և խափանման միջոցը ցանկացած պահի կարող է փոխարինվել կալանքով։