Home / Բանակ / «Համահայկական ճակատի» առաջնորդը ազատ է արձակվել Մոսկվայում

«Համահայկական ճակատի» առաջնորդը ազատ է արձակվել Մոսկվայում

Մոսկվայում դեկտեմբերի 29-ին հայտնաբերել, ձերբակալել, ապա ազատ են արձակել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, որի նկատմամբ Երևանը միջազգային հետախուզում էր հայտարարել։

Արդյո՞ք նրա ազատ արձակումը նշանակում է, որ Մոսկվան մերժել է Երևանի դիմումն ու հրաժարվել Կարապետյանին արտահանձնել Հայաստանին։ Եվ եթե այո՝ ինչու են Կարապետյանին առհասարակ բռնել, ինչու են նրա ձերբակալության մասին լուրերը մեկ օր անց հայտնվել կառավարամետ ռուսական տելեգրամ-ալիքներում և ԶԼՄ-ներում։

Հայաստանյան իրավապահները այս հարցերին չեն պատասխանում։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ միջպետական հետախուզում են հայտարարել մի քանի ծանր հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, իշխանազանցություն կամ անգործություն կազմակերպելու համար:

Կոնտեքստ

Մոտ 3 տարի Արշակ Կարապետյանը վարչապետ Փաշինյանի խորհրդականն է եղել, 2021-ի օգոստոսին՝ արդեն 44-օրյա պատերազմից և այսպես կոչված «ռազմական հեղաշրջման փորձից» հետո, նշանակվել է պաշտպանության նախարար։

Պաշտոնանկ է արվել 2021-ի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումից անմիջապես հետո։ Իշխանամերձ փորձագետները նրան մեղադրում էին ռուսական ագենտ լինելու մեջ։ ՔՊ-ական պատգամավոր, նախկին ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը հայտարարում էր, թե Կարապետյանը նախարար է նշանակվել Կրեմլի ցուցումով։

Արդեն 2024-ի մարտի 12-ի ասուլիսին Փաշինյանը ասում էր, որ Կարապետյանին նշանակելիս իրոք հաշվի է առել նրա հատուկ և մտերմիկ կապերը ռուսական որոշ շրջանակների հետ։ «2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը արդեն ներխուժած են եղել Հայաստանի տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել», – ասել է վարչապետը:

Գեներալ Կարապետյանն այս տեղեկությունը հերքել է։ Պաշտոնանկությունից հետո նա ընդդիմադիր է դարձել, մոտ երկու տարի լռելուց հետո մեղադրել է Փաշինյանին դավաճանության մեջ, հայտարարել, թե իրեն պաշտոնից հեռացրել են չնահանջելու հրաման տալու և Լեռնային Ղարաբաղ պաշտոնական այց կատարելու համար։

Կարապետյանն այս գարնանը նոր կուսակցություն է բացել՝ «Համահայկական ճակատ», որի համագումարին մասնակցել է տեսաուղերձով՝ Ռուսաստանից: Նրա քաղաքական ուժի հիմնական ծրագիրը ՌԴ-ի հետ սերտացումն է․ «Առաջարկում ենք հարավային ռազմական բլոկ ստեղծել՝ Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ։ Բայց սոցիալական տարբեր նախաձեռնություններ էլ ունենք։ Օրինակ՝ ուզում ենք նվազեցնել ֆիզիկական անձանց հարկային բեռը»։