Բարձրաստիճան հետախույց, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այսօր այցելել է Ազգային ժողով՝ մասնակցելու 2016թ. ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։
2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, իսկ հեղափոխությունից հետո՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը երկրորդ անգամ է Ապրիլյանի քննիչ հանձնաժողով ներկայանում․ առաջինը՝ 2019-ի հոկտեմբերին էր։ 2019-ի նիստից հետո գեներալը լրագրողների հարցերին պատասխանել հրաժարվել էր, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, թե՝ այո, բոլոր նախադրյալները, որ հակառակորդը պատրաստվում էր հարձակման, եղել են։
Այսօրվա դռնփակ նիստից հետո լրագրողի հարցին՝ ինչու են իրեն երկրորդ անգամ հրավիրել «հարցաքննության», Կարապետյանը պատասխանել է. «Այդ հարցը հանձնաժողովին տվեք։ Ճշտելու բաներ ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի: Մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել»:
Ըստ գեներալի, հրապարակայնորեն խոսել ինքը չի կարող գաղտնիության պատճառով․ «Որովհետեւ Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ մեր հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ ոչ: Եթե չենք իմացել, դա էլ է կարևոր իրենց համար, եթե իմացել ենք՝ դա էլ: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, պաշտպանվել, հարցն այն է, որ մենք սա չենք կարող իրենց ասել»։
Դիտարկմանը, թե վարչապետն արդեն հայտարարել էր, որ օպերատիվ տեղեկությունների պակաս 2016-ի ապրիլին չի եղել, Կարապետյանը պատասխանել է՝ «ինչո՞ւ ես պետք է քննարկեմ վարչապետի ասածը, վարչապետի ասածը ես ո՞նց կարամ քննարկեմ»:
Լրագրողների հետ խոսել է նաև Քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Եթե մենք երկրորդ անգամ կանչում ենք որևէ մեկին հանձնաժողովի նիստին, ուրեմն վերլուծությունների արդյունքում առաջացել են հարցեր, որոնք մենք պետք է կարողնանաք ճշտել», – ասել է նա՝ ամփոփելով՝ «կարծում եմ՝ մեզ հաջողվեց ճշտել»։
Քոչարյանը նշել է, որ հաջորդը նիստին հրավիրվելու է նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, և հերթական անգամ հորդորել Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ով ավելի վաղ հրաժարվել էր հանձնաժողով ներկայանալուց, վերանայել իր դիրքորոշումը․ «Այս պահի դրությամբ շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության ներկայանալու խնդիրը, ով մինչև հունիսի 4-ը ունի ժամանակ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու։ Այդ մարդը Յուրի Խաչատուրովն է։ Պարոն Կարապետյանին երկրորդ անգամ կանչելու պատճառներից մեկն էլ պարոն Խաչատուրովի չգալն է»։
Հանձնաժողովը, Քոչարյանի խոսքերով, Խաչատուրովին հերթական հրավերն ուղարկելն այլևս նպատակահարմար չի գտնում։ Նա առանց հրավերի էլ գիտի, որ պետք է ներկայանա․ «5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում նա անկաշկանդ պատմում է ապրիլյան դեպքերից դրվագներ, նույն դրվագները կարող էր պատմել նաև հանձնաժողովին», – ասել է Քոչարյանը։ Նա ընդգծել է՝ ֆիլմից հետո հանձնաժողովի հարցերը միայն շատացել են։
Քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին։ Սեպտեմբերին կհրապարակվի ամփոփիչ զեկույցը՝ հանձնաժողովի եզրակացության այն հատվածը, որը չի հակասում Պետական գաղտնիքի մասին օրենքին․ «Մենք այնքան տեղեկատվություն ենք ստացել, որը հնարավորություն է տվել մեզ ունենալ ամբողջական եզրակացություն», – ընդգծել է հանձնաժողովի նախագահը։
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ստեղծվել է 2019 թվականի հունիսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հիմնական նպատակն է՝ հասկանալ, ի՞նչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին, արդյո՞ք կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք նվազեցնել դրանք, որո՞նք են մարդկային, տարածքային կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։
Հանձնաժողովը ստեղծվել էր վեց ամիս ժամկետով՝ ևս վեց ամիս ժամկետ ավելացնելու հնարավորությամբ։ Այն աշխատում է դռնփակ նիստերի ձևաչափով: Նշված ժամկետի վերջում քննիչ հանձնաժողովը հանդես է գալու ամփոփիչ եզրակացությամբ։
Հանձնաժողովն արդեն հանդիպել է մի շարք գործող ու նախկին պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի, նախկին նախագահ, նախկին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի (ապրիլի 16-ին) , պատերազմի ժամանակ Ղարաբաղի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մնացականյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ 2016 թվականին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանձնաժողովի նիստին ներկայանալ հրաժարվել էր։