Կառավարությունը 3,1 մլրդ դրամ է հատկացրել՝ պարեկային ծառայության համար «Տոյոտա Երևան» ընկերությունից (առանց մրցույթի) մեքենաներ գնելու համար։
«Տոյոտա Երևանի» բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար, «Հ2»-ի համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, 30 տոկոսը՝ Քոչարյանի ավագ որդի Սեդրակին, 10 տոկոսն էլ ընկերության տնօրեն Վահե Գզրարյանին։ 2018 թվականի հոկտեմբերին Մայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ նա մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ․․․
Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023 թվականի հունվարից նոր պարեկային ծառայության է գործելու․ գումարը հատկացվել է ծառայության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով։ «Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ» նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 մեխանիկական և 130 ավտոմատ տուփով ավտոմեքենաներ, համապատասխանաբար՝ 15 միլիոն 900 հազար և 18 միլիոն 400 հազար դրամով։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հավաստիացմամբ, մայիսի 23-ին հայտարարվել էր մեքենաների գնման մրցույթ, որին ոչ ոք չի մասնակցել։ Ըթացակարգը հայտարարվել է չկայացած։
«Հանրահայտ ապրանքանիշերի հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին կատարված հարցումով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, նշված քանակով, նախատեսված ժամկետում ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն», – Կառավարության այսօրվա նիստին ասել է ոստիկանապետը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե որոշման նախագիծը ներառել են զեկուցվող հարցերի օրակարագում, քանի որ «կան զգայուն ձևակերպումներ, զգայուն վերնագրեր, նաև նախապատմություն»։
«Կարևոր համարեցի թափանցիկության սկզբունքի շրջանակում զեկուցենք և մանրամասն ներկայացնենք՝ ինչի մասին է խոսքը», – ասել է վարչապետը։
Ըստ նրա, հրավիրվել են Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչները, նշվել է, որ ոստիկանությանն անհրաժեշտ են նման պարամետրերով մեքենաներ, արձանագրվել է, որ «մեքենաների առաջարկի հետ կապված պրոբլեմ ունենք», «մյուս ընկերությունները անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ», «ժամանակ չկորցնելու համար ուղիղ գնում ենք անում»։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։