Հոնկոնգում 2019 թվականին բռնկված բողոքի ցույցերի մասնակիցներից 14-ը մեղավոր են ճանաչվել պետական կարգը տապալելու փորձի համար։ Նրանց ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։ Դատապրոցեսը հայտնի է որպես «47-ի գործ»: Մեղադրյալներից երկուսը արդարացվել են, 31-ը՝ ընդունել մեղքը։
Դատախազության վարկածի համաձայն, «տապալումը» պլանավորվում էր իրագործել 2020 թվականին՝ Հոնկոնգում ոչ պաշտոնական փրայմերիզների միջոցով, որոնց ընթացքում նախատեսվում էր անկախ թեկնածուներ ընտրել Օրենսդիր խորհրդի համար։ 2019-ի ազատագրական ցույցերից հետո՝ 2020-ի հունիսին, Չինաստանը խստացնող օրենքներ մի ամբողք փաթեթ էր սահմանել Հոնկոնգում, ժողովրդավարական ուժերի բլոկը կոնսոլիդացվել էր տեղական ընտրություններում հաղթելու համար։ Չինական օրենքի ընդունումից մոտ մեկ ամիս անց նրանք նախաքվեարկություն էին կազմակերպել՝ գալիք ընտրությունների համար իրենց թեկնածուների ցանկը հստակեցնելու նպատակով։ Գործող իշխանությունը, որին աջակցում է Պեկինը, այդ քվեարկությունն անօրինություն և պրովոկացիա էր համարել և դիմել դատարան։
Դատապրոցեսը կարևորվում է հատկապես Չինաստանի կողմից ընդունված՝ Ազգային անվտանգության մասին օրենքի կոնտեքստում։ Օրենքի մասին տեղացի ընդդիմադիրները և արևմտյան մամուլը խոսում էին որպես Հոնկոնգը զավթելու վաղաժամ փորձ Պեկինի կողմից։ Օրենքը Հոնկոնգում ուժի մեջ է մտել 2020 թվականին։ Սահմանվել է, որ Չինաստանում գործող կարգավորումների զգալի մասը տարածվելու է նաև Հոնկոնգի վրա։ Կղզու ինքնավարարությունը, Հոնկոնգում մինչ այդ գործող քաղաքացիական ազատությունները էապես սահմանափակվել են։
Ինչպես և կանխատեսվում էր, «47-ի գործում» դատարանը մեղադրողների կողմն է բռնել և վճռել, որ փրայմերիզի՝ նախնական ընտրությունների կազմակերպումն «անխուսափելիորեն հանգեցնելու էր սահմանադրական ճգնաժամի»։ Դատավճռում նշվում է, որ եթե Հոնկոնգում ժողովրդավարամետ թեկնածուներ ընտրվեին, նրանք կփորձեին «վետո դնել կամ հրաժարվել» Պեկինի կողմից առաջարկված բյուջեի հաստատումից, ինչը, ըստ դատարանի, կհանգեցներ «Հոնկոնգի կառավարության կողմից ստանձնած օրինական գործառույթների և պարտավորությունների տապալման կամ խաթարման»։
Epress.am-ի հետ զրույցում հոնկոնգցի ակտիվիստ Ռ.-ն պատմել է՝ Ազգային անվտանգության մասին չինական օրենքը շատ լուրջ սանկցիաներ է ենթադրում․
«Դրանով խաղաղ ակցիաներն արգելված են, չինական իշխանությունների դեմ օնլայն հրապարակում անելը ուղղակի վտանգավոր է։ Ամեն ինչ կարող է որակվել «պետական դավաճանություն»։ Սա շատ տխուր է։ Մի ժամանակ Հոնգ Կոնգում մամուլն այնքան ազատ էր, որ նույնիսկ Էդվարդ Սնոուդենն էր այստեղ ապաստան հայցել»։
Դրակոնյան օրենքներից բացի՝ Չինաստանը, ըստ նրա, փորձում է վերափոխել նաև Հոնկոնգի ազատագրական պայքարի պատմությունը։ Տիանանմեն հրապարակը, որտեղ ցուցարարները հավաքվում են ի հիշատակ 1989 թվականի ուսանողական շարժման զոհերի, այժմ զարդարվել է կառնավալով՝ Պեկինի ջարդի մասին հիշեցնող հուշարձանը հեռացվել է։ Մեր զրուցակիցը վստահ է՝ այս ամենը չի ստիպի Հոնկոնգին մնալ Չինաստանի տիրապետության տակ, քանի որ «հոնկոնգցիները արևմտյան մեդիա են կարդում»։
Բրիտանական նախկին գաղութ Հոնկոնգը Չինաստանի ժողովրդական հանրապետության մասն է կազմում 1997 թվականից։ Նրան հատուկ վարչական շրջանի կարգավիճակ են տվել, և մինչև 2047 թվականը երաշխավորվել են լայն իրավունքներ, ինչպիսիք են մամուլի, հավաքների և կարծիք արտահայտելու ազատությունները։ 2020 թվականից հետո այդ երաշխիքները հետզհետե թուլանում կամ չեն գործում։