Հոնկոնգի կենտրոնի կամուրջներից մեկի վրա սփրեյ ներկով արված պոետիկ գրաֆիտի է հայտնվել․ «Ստրկություն այլևս չուզողնե՛ր, վե՛ր կացեք»։ Այդպես է սկսվում Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնը, այնպես որ այդ ոչ արտոնված գրառման մեջ առաջին հայացքից ոչ մի բողոքական բան չկա։ Ներկային Հոնկոնգում, սակայն, դա ևս ըմբոստություն է համարվում, և իհարկե արվել է մարդու կողմից, ով կոչ է անում չընկրկել Պեկինի ճնշումներից։
Նախկին բրիտանական գաղութում այժմ իրավիճակը հանգիստ է․ փորձում են վերաիմաստավորել հունիսի վերջի և հուլիսի սկզբի իրադարձությունները, երբ Չինաստանի իշխանությունները աննախադեպ կոպտության օրինագիծ ընդունեցին ազգային անվտանգության մասին։ Այն ընդհուպ մինչև ցմահ դատապարտում է նախատեսում հակապետական գործունեության, ահաբեկչության, անջատականության և այլ պետությունների հետ պայմանավորվածությունների համար։ Այսպիսի մեղադրանքներ կարելի է առաջադրել Հոնկոնգի ցուցարարներից շատերին։ Ակցիաների կարգախոսներից էին․ «Պահանջում ենք անկախություն», «Հեղափոխություն հիմա», «Վերադարձնենք Հոնկոնգը»։ Բողոքի մասնակիցները բրիտական գաղութային իշխանության ժամանակվա դրոշներ էին բերում։ Ոմանք ամերիկյան դրոշներով էին և անգամ օգնություն էին խնդրում Միացյալ Նահանգներից։ Այս ամենը հեշտությամբ կարելի է որակել որպես հակապետական գործունեություն, անջատականություն, համագործակցություն օտարերկրյա ուժերի հետ։
Հատուկ ծառայությունները Չինաստանից
Մինչև նոր օրենքը մարդիկ զանգվածային բողոքի ակցիաներ էին իրականացնում ընդդեմ մեկ այլ օրինագծի, որով թույլատրվում էր Հոնկոնգում ձերբակալված դատապարտյալներին Չինաստան արտահանձնել։ Ցույցերի շնորհիվ օրենքը չընդունվեց։ Պաշտոնական Պեկինն ու Հոնկոնգի իր դաշնակիցները, կարծես, պարտություն կրեցին։
Նոր օրենքով, սակայն, պետական անվտանգության գործով ձերբակալվածներին թույլատրվում է տեղափոխել Չինաստան և դատել չինական օրենքներով։ Պեկինը հետևողական է գործում․ արդեն հուլիսի 3-ին հայտարարվեց Հոնկոնգում Ազգային (պետական) անվտանգության հանձնաժողովի ստեղծման մասին, որն անմիջականորեն ենթարկվում է Չինաստանի կառավարությանը։ Պաշտոնապես համարվում է, որ այդ հանձնաժողովի նախագահը Հոնկոնգի ադմինիստրացիայի ղեկավար Քերի Լամը կլինի, ում հրաժարականն անցյալ տարի պահանջում էին ցուցարարները։ Բայց դե ֆակտո այդ կառույցը կնախագահի Հոնկոնգում Պեկինի գլխավոր ներկայացուցիչը, ով Չինաստանի կողմից առայժմ այդ հանձնաժողովի խորհրդական է նշանակվել։
Հուլիսի 3-ին Հոնկոնգում նաև Ազգային (պետական) անվտանգության վարչություն է հիմնվել։ Հարկ է հիշել, որ Լոնդոնի և Պեկինի միջև ինքնավար շրջանի հետ կապված համաձայնագրով արգելվում էր չինական հատուկ ծառայությունների գործունեությունը Հոնկոնգում․ ավտոնոմ հատվածում գործել կարող էր միայն տեղական ոստիկանությունը։ Այդ պայմանականություններն այլևս չեն գործի։ Պետական անվտանգության վարչությունը ձևավորվել է Չինաստանի վերահսկողության տակ գտնվող հատուկ ծառայությունների աշխատակիցներից։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ոչ վարչության աշխատողները և ոչ էլ նրանց տրանսպորտային միջոցները չեն ենթարկվում Հոնկոնգի իշխանություններին, նրանց անհնար է կանգնացնել կամ խուզարկության ենթարկել։ Ընդ որում, ինքնավար մարզի ուժային կառույցները պարտավոր են ճշգրտությամբ կատարել վարչության հրամանները։ Հակառակ դեպքում Չինաստանի դատարանների կողմից դաժան պատժամիջոցների կարժանանան։
Ի՞նչ է լինելու բրիտանական դատական համակարգի հետ
Հոնկոնգի ոստիկանությունում ազգային անվտանգության հատուկ բաժին է ձևավորվել։ Հավանաբար դա հետիոտնային ջոկատ կլինի, որը կգործի մայցամաքային Չինաստանի ենթակայության ներքո։
Նոր օրենքը թույլատրում է անհրաժեշտության դեպքում Հոնկոնգի տարածք բերել չինական զինված ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք ներքին զոքերի լավ վարժված անալոգն են։
Հոնկոնգում հայտարարվել է վեց հատուկ դատավորների նշանակման մասին, ովքեր կզբաղվեն բացառապես ազգային անվտանգությանն առնչվող գործերով։ Առաջին այդպիսի գործն արդեն կա․ վերջերս ձերբակալված ցուցարարներից մեկին մեղադրում են անջատականության և ահաբեկչության մեջ․ նա «Անկախություն Հոնկոնգին» պաստառ ուներ և մոտոցիկլետով քշել է ոստիկանների ուղղությամբ։
Հոնկոնգի ազատությունը՝ գոնե ոստիկանական ոլորտում, փաստացի չեղարկվել է, չնայած ըստ Պեկինի և Լոնդոնի միջև համաձայնության, նախկին գաղութի ոստիկանական համակարգը պետք է անձեռնմխելի մնար առնվազն մինչև 2047 թվականը։
Պետական անվտանգության հարցերով հատուկ դատավորների նշանակումը Հենկոնգի համար հատկապես խնդրային է, քանի որ բրիտանական օրինակով անկախ դատարանների առկայությունը գրավում էր օտարերկրյա ձեռներեցներին։
Հոնկոնգում աշխատող դատավորներից շատերը Չինաստանի քաղաքացիություն չունեն։ Ժամանել են Մեծ Բրիտանիայից, Կանադայից կամ Միացյալ թագավորության այլ գաղութներից։ Նոր ընդունված օրինագծով անգամ բրիտանական դատարանը պետք է աշխատի Չինաստանի ժողովրդական հանրապետության օրենսդրությամբ։
Ազգային անվտանգության օրենքին այսուհետ ենթարկվելու են նաև արտասահմանցիները։ Հակապետական գործունեության կամ օտարերկրյա ուժերի հետ համագործակցության մեջ մեղադրվող արտասահմանցիներին ևս կարող են դատել չինական դատարաններում։ Օրինակ, կարող են պատասխանատվության ենթարկել Տիբեթի բուդդիստների կամ Սինցզյանի մահմեդականների աջակցության համար կազմակերպված հանրահավաքների մասնակիցներին, նույնիսկ եթե այդ հավաքները Լոնդոնում կամ Նյու Յորքում են իրականացվել։
Ճապոնական մամուլը գրում է, որ սա անհանգստություններ է առաջացրել Հոնկոնգի օտարերկրյա համայնքներում, որոնցում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են գործում։ Նրանց ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել տեղական և Չինաստանի իշխանությունների հետ․ պարզաբանումներ և երաշխիքներ են պահանջում։
Փախուստ Հոնկոնգի՞ց
Պեկինն ակնհայտորեն կցանկանար պահպանել Հոնկոնգի՝ աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկի գործառույթը։ Դա Պեկինին անհրաժեշտ է օտարերկրյա կապիտալի ներգրավման համար, ինչն անհնար է Չինաստանի և Շանհայի խոշորագույն ֆոնդային շուկայի միջոցով։ Բիզնեսմենները, սակայն, վատատեսորեն են տրամադրված․ օրենքը վերջերս է ուժի մեջ մտել, բայց արդեն կապիտալի արտահոսք է նկատվում, հիմնականում՝ Հոնկոգից Սինգապուր։ Ճապոնացի վերլուծաբանները կարծում եմ, որ Հոնկոնգի՝ ֆինանսական կենտրոնի և տարածաշրջանի կարևորագույն արբիտրաժային դատարանն ունենալու գործառույթներն իր վրա կվերցնի հենց Սինգապուրը։
Հոնկոնգում արտերկիր փախչելու մեծ միտում է նկատվում։ Առավել ապահովվածները ներդրումային վիզայի համար են դիմում, ոչ այնքան հարուստ քաղաքացիները փորձում են Թայվան տեղափոխվել։ Վերջինիս իշխանությունները հայտարարել են Հոնկոնգից հնարավորինս մեծ թվով փախստականների ընդունելության պատրաստակամության մասին։ Ներգաղթի հատուկ քվոտաներ հոնկոնգցիների համար սահմանել է նաև Ավստրալիան։ Ճապոնիայում քննարկվում է ինքնավար մարզից բարձր որակավորմամբ մասնագետներին երկարաժամկետ վիզայի տրամադրման հարցը։ Բրիտանիան ևս կտրուկ հեշտացրել է իր նախկին գաղութից ժամանած ներգաղթյալների ընդունելության պայմանները։