Home / Մարզեր / Չինաստանը զավթում է Հոնկոնգը

Չինաստանը զավթում է Հոնկոնգը

Հոնկոնգում բերման են ենթարկվել տասնյակ հակակառավարական ակտիվիստներ, ովքեր պայքարում էին տեղական իշխանությունների կեղմից ընդունված ազգային անվտանգության մասին օրենքի դեմ։ Այդ օրենքի համաձայն, չինական ազգային օրենքները կգործեն նաև Հոնկոնգի տարածքում։

Ոստիկանությունը ԶԼՄ֊ներին հայտնել է, որ առաջինը ձերբակալվել է «Անկախ Հոնկոնգ» գրառմամբ դրոշ ունեցող մի տղամարդ։ Ոստիկանները թվիթերում տեղադրել են դրոշի լուսանկարն ու նշել, որ այն հակասում է նոր օրենքին։

Հուլիսի մեկին՝ Հոնկոնգը Բրիտանիայից Չինաստանին փոխանցելու 23-ամյակի օրը, ժողովրդավարության կողմակիցները լցրել են քաղաքի առևտրական շրջանի փողոցները։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

«Հոնկոնգի իրավական համակարգի և իրավաիրագործման մեխանիզմների կատարելագործման մասին» օրենքը չինական իշխանություններին լայն հնարավորություններ է տրամադրում ավտոնոմ շրջանում քաղաքացիական ազատությունների սահմանափակման համար։ Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների համար Հոնկոնգի բնակիչներն այսուհետ կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման։

ԱՄՆ֊ն, Եվրոպան և Ավստրալիան դատապարտել են նոր օրենքը։ Քննադատները կարծում են, որ այն հակասում է սկզբունքին, որով Չինաստանը պարտավորվում էր ապահովել քաղաքացիական ազատություների ապահովումը Հոնկոնգում։

1997 թվականին Բրիտանիան իր նախկին գաղութը փոխանցել էր Չինաստանին, նվազագույնը՝ 50 տարով։ Համաձայնության հիմքում «Մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքն էր, որի համաձայն, Հոնկոնգը պետք է պահպաներ ինքնիշխանությունը, իսկ բնակիչները պետք է լայն քաղաքական իրավունքներ ունենան մինչև 2047 թվական։