Home / Շուկա / Կարում են աչքերն ու բերանները․ մյուս կողմում բրիտանական բիզնեսն է և վրացական կառավարությունը

Կարում են աչքերն ու բերանները․ մյուս կողմում բրիտանական բիզնեսն է և վրացական կառավարությունը

Արդեն 15-րդ օրն է՝ վրացական Ճիաթուրայի հանքափորները գործադուլ են անում։ 9 օր առաջ բանվորներից 10-ը նաև հացադուլ են սկսել։ Երեկ նրանցից մեկը կարել է աչքերը, հունիսի 16-ին մեկ այլ բանվոր կարել էր բերանը։ Հանքի աշխատանքը ամբողջությամբ խափանված է, արտադրությունը կանգ է առել։ Աշխատավորների հիմնական պահանջները չեն բավարարվել։

Ճիաթուրայում մանգանի և Զեստափոնում ֆեռոհամաձուլվածքների հանքերը պատկանում են բրիտանական Stemcor ընկերության վրացական դստերը՝ Georgian Manganese Holding-ին։

Գործադուլի մասնակիցները աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում և աշխատանքային նախկին գրաֆիկի վերականգնում են պահանջում։ Հոլդինգի ներկայացուցիչների և հանքափորների միջև բանակցությունները համակագրում է Վրաստանի Աշխատանքի նախարարության նշանակած մեդիատորը, հունիսի 12-ից բանակցություններին միացել է նաև առողջապահության նախարարությունը։

chiatura_moshimshile2-800x400
գործադուլի 11-րդ օրը հանքափորներից մեկը կարել էր իր բերանը

Հունիսի 10-ից գործադուլավորներից 10-ը հացադուլ են սկսել․ «Նրանք ոչ մի զիջման չեն գնացել, մեր վերջնագիրը հաշվի չեն առել․․․ Մենք հացադուլ ենք հայտարարում։ Հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չբավարարվեն մեր պահանջները»։

Ճիաթուրայի հանքերում պրոբլեմները սկսվել են դեռ անցյալ տարվա նոյեմբերին՝ «Էխո Կավկազային» պատմել է պրոֆիլային արհմիության նախագահի պաշտոնակատար Թեյմուրազ Սուրամելաշվիլին։ Ուկրաինական պատերազմի, ընդհանուր տնտեսական ճգնաժամի, օգտակար հանածոների գնաճի պատճառով Georgian Manganese-ը որոշակի խնդիրների է բախվել և որոշել ժամանակավորապես դադարեցնել ձեռնարկության աշխատանքը։ Կոլեկտիվ պայմանագիր են կնքել, գործատուն պարտավորվել է շարունակել վճարել հանքափորների աշխատավարձի առնվազն 60 տոկոսը։ Ընթացիկ տարվա փետրվարին բանվորներին հետ են կանչել, աշխատանքը վերականգնվել է։

«Գործատուն նոր՝ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ է առաջարկել։ Առաջ նրանք աշխատում էին 12-ժամյա գրաֆիկով, գոյություն ուներ որոշակի պլան՝ այսքան տոննա մանգան պետք է ստանան։ Աշխատավարձը ֆիքսված էր։ Եթե նրանք գերակատարում էին պլանը, ստանում էին հավելավճարներ՝ բոնուսներ։ Այժմ հավելավճարի հնարավորություն, փաստացի, չի լինելու», – բացատրել է Սուրամելաշվիլին։

Ճիաթուրայում մոտ 3000 հանքափոր կա։ Նրանց միջին ֆիքսված աշխատավարձը 1700 լարի է (մոտ 655 դոլար)։ Որոշ հաստիքների դեպքում գումարը կարող է ավելի քիչ լինել։ Մարդկանց համար, որոնք հանքերում վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, սա արժանապատիվ աշխատավարձ չէ՝ նշել է արհմիութենականը։

Georgian Manganese Holding-ի հանքափորները առաջին անգամ չեն բողոքում աշխատավարձերից և աշխատանքային պայմաններից։ 2021 թվականի գործադուլի ժամանակ նրանցից մեկը կարել էր բերանը (պրոտեստի այս ձևը տարածված է հատկապես բանտերում և հոգեբուժարաններում)։ Չնայած բանվորները ստիպված են դիմել ծայրահեղ միջոցների, Վրաստանի իշխանությունները վեճի կարգավորմանը կա՛մ չեն միջամտում, կա՛մ միջամտում են ձևականորեն․ «Արդեն որերորդ անգամն է՝ Ճիաթուրայում բողոքի ցույցեր, հացադուլներ և գործադուլներ են, ամեն անգամ հանքագործներին ուղղակի խաբում են», – նկատում է ակտիվիստ Նոդար Չաչանիձեն։

Գործադուլի 11-րդ օրը հացադուլավորներից մեկը ի նշան բողոքի կարել էր բերանը։ Նախօրեին նրա գործընկերը՝ Գեորգի Կուպատաձեն, կարելի է նաև աչքերը։

14-19-1024x538
երեկ երեկոյան գործադուլավորներից մյուսը կարել էր նաև աչքերը

«Մեր հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է, և նրանք դա անտեսել են։ Մնացած պահանջներին մասսամբ են անդրադարձել։ Բայց աշխատավարձն այսօր ցանկացած հանքափորի ցավն է, հիմնական խնդիրը․․․ Մենք այնպիսի աշխատանք ենք կատարում, որ չպետք է անընդհատ կարիքի մեջ լինենք։ Բոլոր հանքափորները վարկերի տակ են։ Իսկ նրանք գալիս են և հոլդինգի անունից ծաղրում են մեզ։ Ես հոգնել եմ, չեմ ուզում այլևս տեսնել մարդկանց, որոնք ստում են, ուղղակի խաբում են մեզ։ Դրա համար է, որ կարել եմ աչքերս։ Մինչև մեր պահանջները չկատարեն», – քիչ առաջ Sova.news-ի հետ զրույցում ասել է Կուպատաձեն։

Georgian Manganese Holding-ը ժամեր առաջ խոստացել է բարձրացնել աշխատավարձերը՝ պահանջված 40 տոկոսի փոխարեն ընդամենը 5 տոկոսով։ Խոստացել են մինչև 2024-ի փետրվարի 1-ը չկրճատել նաև աշխատաժամերը։ Հանքափորները հայտարարությամբ բավարարված չեն։ Այսօր՝ ժամը 16։00-ն, նրանք հանրահավաք են անելու Թբիլիսիում։

Ի աջակցություն Ճիաթուրայի բանվորների բողոքի ցույց է հրավիրել նաև ընդդիմադիր «Սիրցխվիլիա» շարժումը, որը առաջարկում է ժամը 21։00-ին հավաքվել Վրաստանի խորհրդարանի մոտ․ «․․․10 հանքափորներ հացադուլ են հայտարարել, նրանցից ոմանք կարել են իրենց բերանները, աչքերը, կտրել երակները։ Անհնար է նայել բողոքի նման ռադիկալ դրսևորումներին և շարունակել արդարացումներ փնտրել Georgian Manganese-ի կամ իշխանությունների համար․․․»։