2021 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել էր նախկին նախագահի արձակուրդային և «աշխատանքային» այցերը Բադեն-Բադեն և պարզել, որ նախագահության 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը ավելի քան 16 անգամ (այդ թվում՝ ներքաղաքական լարված իրավիճակներում, պաշտոնական այցերից առաջ կամ հետո) պետական օդանավով՝ բյուջեի հաշվին, թռել է գերմանական կուրորտ:
Նախագահի մեծ սերը Բադեն-Բադենի նկատմամբ հայաստանյան լրատվամիջոցներում կապվել է նրա ենթադրյալ խաղամոլության հետ։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության գործող ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեռևս 2013 թվականին՝ ԵԽԽՎ նիստի ընթացքում, Սարգսյանին հարցրել էր․ «Ճի՞շտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուլ տվել: Ո՞վ է վճարել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»: Սերժ Սարգսյանը հերքել էր, որ խաղատներում փող է տանուլ տալիս, հավաստիացրել էր, որ առհասարակ չի խաղում և «70 միլիոն եվրո տնօրինելու հնարավորություն չունի», և հավելել՝ «եթե ունենայի, կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք»։
Բադեն-Բադենյան խաղատներում բյուջեի փողերը վատնելու մեջ Սերժ Սարգսյանին մեղադրել էր նաև նախկին ընդդիմադիր, ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր ձեռներեց (օլիգարխ) Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) հայտարարել էր, որ երկրորդ նախագահը խաղատներում պարտվել է շուրջ 100 միլիոն դոլար և հավելել՝ «էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն»։ Հայաստանի երրորդ նախագահը հերքել էր այդ մեղադրանքն ու դատի տվել Սուքիասյանին։