Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում. Կազինոյում 70 միլիոն տանուլ չեմ տվել

Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում. Կազինոյում 70 միլիոն տանուլ չեմ տվել

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերջերս եվրոպական կազինոներից մեկում 70 միլիոն եվրո է կորցրել: Այսօր Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից հետո վերջինիս նման հարց է ուղղել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է նաև, որ Սարգսյանը փետրվարին կայացած նախագահական ընտրություններին քվեների գողություն է արել և Փոստանջյանը չի կարող այլ հարց ուղղել, որովհետև Սարգսյանը դե-յուրե չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը:

«Դուք հանրությանը հայտնի եք որպես խաղամոլ: Արդյո՞ք կազինոյում 70 միլիոն եվրո եք կորցրել, ո՞վ է վճարել ձեր տեղը այդ գումարը: Եթե այդքան չի կազմել գումարը, ապա որքա՞ն է կազմել ձեր կորցրած գումարը», – հարցրել է Զարուհի Փոստանջյանը:

Սարգսյանը նախ նշել է, որ խորապես համոզված է, որ ներկայացնում է հայ ժողովրդին ու դրանով հպարտ է:

«Ցավոք սրտի, ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին: Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, ձեր հերթական երևակայության արդյունքն է:

Ես երբեք չեմ եղել Եվրոպայում որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 միլիոն եվրոյի: Եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեիք և այդքան չարություն ձեր մեջ չկուտակվեր: Հաշվեք, որ ես ձեզ չեմ պատասխանել», – ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi