Յուրացումներ կատարելու և հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը։
«Վարդանյանը խոստովանել է, որ, տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի՝ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը», – նշված է հաղորդագրության մեջ։
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:
Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ։
Նշնեք, որ տարիներ շարունակ հայաստանյան և սփյուռքահայ տարբեր գործիչներ, իրավապաշտպաններ բարձրաձայնել են, որ հիմնադրամին նվիրաբերված գումարները նպատակային չեն օգտագործվում։ Մասնավորապես 2015 թվականին ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը զրուցել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանի հետ, որը խոստովանել է՝ հիմնադրամի կողմից հավաքված ռեսուրսները ոչ նպատակային են ծախսվում Հայաստանում։
«Գիտես, Հիմնադրամի պատմության ընթացքում ինչ ասես՝ չի պատահել։ Անկեղծ, բացեիբաց խոսում եմ հետդ․ փողերը գողացել են, կերել, և այլն․․․Նրանք բոլորը չտեսի նման թալանում են»,֊ Մանուկյանի փոխանցմամբ` իր հետ զրույցում խոստովանել էր Քոթանջյանը։