Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն այսօր Կառավարության դիմաց հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ․ նրանք կրկին ցանկանում էին բարձրացնել 2015-ին մթերված խաղողի դիմաց չվճարված միլիոնավոր դրամների խնդիրը։
Միևնույն ժամանակ խաղողագործներից Ներսես Ղազարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք այլևս չեն հավատում, թե պետական պաշտոնյաները ինչ֊որ բան կանեն իրենց խնդիրը լուծելու համար․ «Մենք պայքարում ենք, որ մեր հալալ քրտինքով աշխատանքը վերցնենք։ Մեզ անընդհատ խաբում են։ Մեր վարչապետը հեռուստացույցով լավ խոսում ա.․. Բա թող մի հատ գա, մեզ հետ հանդիպի, տենանք՝ ինչ ա ասում։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոնե մեզ ընդունեց մի 50 միլիոն ուղարկեց, բաժանեցին, էս էլ որ տենց անի, կփակվեն սաղ պարտքերը։ Մենք դիմել ենք նաև նախագահին, բայց ոչ մի բան էլ չեն անում։ Ձևացնում են թե գործ են անում, բայց սուտի բան ա»։
Գյուղացիներին այսօր չի հաջողվել հանդիպել վարչապետին, սակայն նրանք կարողացել են կանգնեցնել կառավարության նիստի շտապող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, որը խաղողագործներին ասել է, թե ինքը այդ խնդրի հետ կապ չունի և գյուղացիներին «Վինար» գինու գործարանն է խաբել։ Վերջինս պնդել է նաև, որ ինքն արել է այն, ինչ կարող էր՝ խնդրի առնչությամբ դիմելով ՀՀ Գլխավոր դատախազություն։
Զրույցի ընթացքում, սակայն, նախարարը սկսել է խաղողագործներին հարցը լուծելու ձևեր առաջարկել․ մասնավորապես, հորդորել է մտնել իրենց պարտքերը չմարող գործարանի սեփականատերերից Ավետ Գալստյանի տուն և վերցնել նրա ունեցվածքը․ «Հիմա մեկը քեզնից բան ա վերցրել, փողը չի տալիս, պետք ա գնաս, մտնես, տնից ինչ գտնես, վերցնես։ Ուրիշ ձև չկա»։
Բողոքողներից մեկը պատասխանել է, որ իրենք պատրաստ են այդ ճանապարհով վերցնել իրենց գումարները, եթե նախարարը երաշխավորի, որ իրավապահ մարմիններն իրենց չեն ձերբակալի․ «Դե մի հատ թուղթ գրի, որ կարանք անենք, գնանք, անենք։ Մենք Ավոյից չենք վախենում է, էս ֆոռմով տղերքից ենք վախենում (ցույց է տալիս ոստիկանների կողմը֊խմբ․)։ Թե չէ Ավոն ով ա՞, որ իմ փողն ուտի։ Մենք վախենում ենք, որ կգան, կասեն՝ դու ո՞վ ես, որ Ավոյին կպել ես։ Իսկ Ավոյին ո՞վ ա բերել։ Էս Կառավարությունն ա բերել, բա կարող ա՞ հերս ա բերել։ Ուրեմն ղեկավարությունից թող մեկը գա, պատասխան տա»։
Խաղողագործները նաև պնդել են, որ Քաղցրաշենում պարտատերերին գումարներ են բաժանվել նաև խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն իրենց այդ գումարից ոչ մի կոպեկ չի հասել․«Ավոն փող ա բերում գյուղապետարան, բայց մեզ չի հասնում էդ փողից։ Հասնում ա մենակ նրանց, ովքեր պաշտոնյա են, դուխավիկ են, կամ էլ մեջք ունեն»։
Գյուղնախարարն ասել է, որ իր իրավասության մեջ չի մտնում այդ գումարների բռնագանձումը, պատճառաբանել է, որ ուշանում է նիստից և շտապել է Կառավարության շենք։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ շփվել է նաև գյուղատնտեսութան փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նա, իր հերթին, նշել է, որ իրենք Ավետ Գալստյանին այսօր հրավիրել են նախարարություն, քանի որ վերջինս խոստացել է 10 միլիոն դրամի չափով գումար բերել և բաժանել գյուղացիներին։
Լրագրողի այն հարցին, թե որտեղից պետք է բերի այդ գումարները Գալստյանը, եթե պաշտոնյաներն անընդհատ պնդում են, որ նա գումար չունի, և իրենք չեն կարողանում բռնագանձել գյուղացիների պարտքերը։
«Մեր իրավասության մեջ չի մտնում, որ պարզենք գումարի ծագման աղբյուրը, բայց այսօր նա գալու է նախարարություն, որ պայմանավորվենք և իր խոստացած 10 միլիոն դրամը ցուցակներով բաժանենք»,- նշել է փոխնախարարը։
Խաղողագործներին, սակայն, այդ խոստումը համոզիչ չի թվացել և նրանք սպասել են Կառավարության նիստի ավարտին, որից հետո կրկին զրույցել են Գյուղատնտեսության նախարարի հետ։ Առաքելյանը պնդել է, որ Կառավարությունը չի կարող գործարանի փոխարեն մարել պարքերը, քանի որ այդ դեպքում նախադեպ կստեղծվի և բոլորն իրենց պարտքերը կգան, Կառավարությունից կպահանջեն։
«Եթե ես դիմում եմ դրան, նախադեպ է ստեղծվում, որ ինչ գործարան փողը չտա, գալու են Կառավարությունից վերցնեն։ Հետևաբար այդ առաջարկը չի ընդունվելու։ Բայց միակ հնարավոր լուծումը դա է, մենք կդիմենք Կառավարությանը ու կասենք, որ սա միակ լուծումն է․ կամ փողը տալիս ենք, կամ էդ մարդիկ մնում են քցված»,- նշել է Առաքելյանը։
Նա պնդել է, որ մեկ շաբաթվա ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կքննարկեն հարցը և խաղողագործներին կտեղեկացնեն, թե ինչ որոշում են կայացրել։
Գյուղացիներն էլ պնդել են, որ բացասական պատասխան ստանալու դեպքում պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել։