Գյուղատնտեսության նախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ դատի տալու «Վինար» ընկերությանը՝ «գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար»։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն գյուղնախի տարածած հաղորդագրության, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հանդիմանել է «անբարեխիղճ մթերողներին» և պաշտպանել «գյուղացիների ոտնահարված իրավունքները»։
«Սա նախադեպ է, քանի որ նախարարությունը մշտապես փորձել է աշխատանքային մթնոլորտում կարգավորել խնդիրները, սակայն սա բացառիկ դեպք էր, որը կարծում եմ հետագայում զսպաշապիկ կդառնա անբարեխիղճ մթերողների համար: Այս պահին չեմ ցանկանում որակումներ տալ, նախաքննությունը կպարզի հանգամանքները, սակայն մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն: Նման իրավիճակների կրկնություն թույլ չտալու համար պետք է նաև գյուղացիների իրավագիտակցությունը բարձրանա, նրանք պետք է պահանջատեր լինեն իրենց ոտնահարված իրավունքներին»,- ասել է Մակարյանը:
Նշենք, որ իրականում բազմաթիվ խաղողագործներ վերջին տարվա ընթացքում պահանջատեր են եղել, սակայն որոշ դեպքերում դա չի օգնել ստանալ իրենց հասանելիք գումարները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի ֆերմերներին։ Այս տարվա նոյեմբերի 3-ին Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղղակի խուսափել էր պատասխանել քաղցրաշենցի խաղողագործներին, որոնք մթերված խաղողի դիմաց չստացած գումարների համար բողոքի ցույցի էին դուրս եկել Կառավարության շենքի մոտ։
«Վինար» գործարանը քաղցրաշենցիներին պարտք է 2015 թվականի աշնանը մթերված խաղողի դիմաց։ Այն ժամանակ խաղողագործներն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց միայն գումարի մի մասն են կարողացել ստանալ։
Այս տարվա աշնանն Իգնատի Առաքելյանի՝ գյուղնախարար նշանակվելուց հետո, քաղցրաշենցիներին խոստացել էր գումարները տալ մինչև դեկտեմբերի 1-ը, բայց այդ խոստումն էլ չէր կատարվել։
Տևական ժամանակ քաղցրաշենցիներին «հույս տված նախարարությունը» այսօր միայն հայտնում է, որ պարզել է՝ «Վինար»-ի պարտքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամի։
«Այն կուտակվել է ընկերության ղեկավարության անփույթ և անպատասխանատու աշխատանքի արդյունքում», – այսօր ասել է Մակարյանը։
Նրա խոսքով՝ գործարանատերը սկզբնապես պատճառաբանում էր, որ չի կարողանում իրացնել սպիրտը, նախարարությունը շուրջ 1,5 ամիս բանակցություններ է վարել տարբեր կազմակերպությունների հետ, գնորդներից մեկի հետ գործարքը չի կայացել, այնուհետև նոր գնորդ է գտնվել, սակայն պարզվել է, որ փաստացի «Վինարը» սպիրտ չունի:
Մակարյանը տեղեկացրել է, որ հաջողվել է վերոնշյալ ընկերությունից վերցնել 16,5 մլն դրամի սպիրտ, որը գնել է Պռոշյանի գինու գործարանը, մարզպետից ստացվել են գյուղացիների ցուցակները, հաշվեհամարները և այդ գումարը առաջիկայում կփոխանցվի պարտատերերին:
Դեկտեմբերի 8-ին Մակարյանը Կառավարության շենքի մոտ հավաքված քաղցրաշենցիներին կրկին նույն խոստումն էր տվել՝ ասելով, որ գործարանի սեփականատերերից Ավետ Գալստյանը տալու է քաղցրաշենցիների փողերը։ Մակարյանի խոսքերին խաղողագործները ոչ միայն չէին հավատացել, այլ նաև պնդել էին, որ նույն Գալստյանն է կաշառել չինովնիկներին։
«Ավոն քեզ էլ է փող տվել, քո շեֆին էլ է փող տվել․․․ Ավետը մեզ խաբում է արդեն մի տարուց ավել, իսկ դուք ոչ մի բան չեք ձեռնարկում իրա դեմ, էլ ի՞նչ մտածենք», ֊ դիմելով Մակարյանին՝ ասել էր խաղողագործներից մեկը։
Լուսանկարում՝ քաղցրաշենցի խաղողագործը զրուցում է Ռոբերտ Մակարյանի հետ