Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն այսօր փակել են Երևան-Արարատ մայրուղին և Քաղցրաշենի գինու գործարանից պահանջել են վճարել 2015 թվականի սեպտեմբեր֊հոկտեմբերին մթերված խաղողի գումարները։ Epress.am֊ի հետ զրույցում խաղողագործներից Զաքար Պետրոսյանը նշել է, որ իրենց ամեն անգամ խաբում են ասելով, որ շուտով կտան իրենց փողերը, բայց իրականում ոչինչ չեն անում։
«Էսօր մեզ ասել էին ժամը 2-ին 40 մլն դրամ կբերեն, կտան մի մասի գումնարները, հետո մնացածինն էլ կտան, բայց սպասեցինք մինչև ժամը 5-ը ու չկային, ստիպված ամբողջ գյուղով փակել ենք փողոցը։ Փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը ասեց, որ զանգել են ու մինչև վաղը 12-ը կբերեն փողը։ Հիմա մենք ուզում ենք որոշենք մեր անելիքները, որովհետև եթե վաղը չտան գումարները ու նորից խաբեն, մի քանի գյուղերով կհավաքվենք ու նորից կփակենք փողոցը», – ասել է Պետրոսյանը։
Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանը ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։
Նրանք բողոքի ցույցեր են անցկացրել նաև ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։
Գյուղացիների հավաստմամբ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։
Տարվա սկզբին խաղողագործների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը խոստացել էր, որ այդ խնդիրները մինչև հունվարի 15-ը լուծում կստանան։