հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Դատարանը կարող է պարտավորեցնել Սերժ Սարգսյանի խոսնակի դեմ քրգործ հարուցել

Դատարանը կարող է պարտավորեցնել Սերժ Սարգսյանի խոսնակի դեմ քրգործ հարուցել

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանը կպարտավորեցնի դատախազությանը ԱԱԾ նախկին աշխատակից Վլադիմիր Հակոբյանի (լուսանկարում) դեմ քրեական գործ հարուցել։ Երեկ Վճռաբեկը քննության է առել Հրայր Մանուկյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ և վճռել է բավարարել այն՝ բեկանելով Վերաքննիչի որոշումը: Հրայր Մանուկյանը պահանջում էր Հակոբյանի դեմ քրգործ հարուցել, քանի որ վերջին իրեն հավաքագրելու փորձ է արել ու սպառնացել, մինչդեռ ստորին ատյանի դատարանները մերժել էին նրա բողոքը։

Epress.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ռևազյանը նշել է, որ դատարանի ամբողջական որոշումը դեռ չի ստացել և ստանալուց հետո միայն կարող է մանրամասներ հայտնել։ Նա, սակայն, կարծիք է հայտնել, որ Վճռաբեկ դատարանը նման որոշում է կայացրել, որովհետև դատախազությունը անգործության էր մատնվել և սխալ թույլ տվել․ «Եթե առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա դատախազությունը անպայման պետք է որոշում կայացնի, նույնիսկ, եթե մերժում է քրեական գործ հարուցելը, ապա դա պետք է լինի որոշման տեսքով, ոչ թե գրության տեսքով։ Տվյալ դեպքում դատախազությունը անգործության էր մատնվել և նույնիսկ որոշում չէր կայացրել ու գրությունով էր պատասխանել։ Ես կարծում եմ, որ դատարանը կպարտավորեցնի, որ քրեական գործ հարուցվի»։

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսի 8-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյան ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որտեղ նշել է, որ Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, առաջարկել է իրեն համագործակցել ԱԱԾ-ի հետ։

Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում Մանուկյանին։

Հրայր Մանուկյանը դատախազությանն էր ներկայացրել հիշյալ զրույցի վերաբերյալ ձայնագրությունը, սակայն դատախազությունից Մանուկյանին գրությամբ տեղեկացրել էին, որ հաղորդումը հանցագործության հատկանիշներ չի պարունակում:

Դատախազության անգործության դեմ բողոքները Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից մերժվելուց հետո բողոք էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան:

Նշենք նաև, որ Հրայր Մանուկյանին հավաքագրել ցանկացող ԱԱԾ աշխատակիցը հետագայում նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ։