Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին խոստացել է լուծել խաղողի դիմաց չվճարված գումարների խնդիրը մինչև նոյեմբերի 1-ը։
Գյուղի բնակիչներից Զաքար Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 12-ին քաղցրաշենցիները եկել էին Երևան ու հանդիպել նորանշանակ գյուղնախարարին։ Վերջինս խոստացել է, որ դեռևս նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գոյացած պարտքը ամբողջովին կփակվի նոյեմբերի 1-ին։
Պետրոսյանը հավաստիացրել է, որ խոստացված օրը գումարները չստանալու դեպքում իրենք բողոքի ցույց են կազմակերպելու Գյուղատնտեսության նախարարության դիմաց։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս ամբողջ գումարը չեն ստացել։ Խաղողը մթերել է «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։ Մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց միայն գումարի մի մասն են ստացել։