Home / Ազգային ժողով / Ընտրություններից հետո սկսվեցին թանկացումները․ «Ժողովուրդ»

Ընտրություններից հետո սկսվեցին թանկացումները․ «Ժողովուրդ»

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո բանանի գինը հայաստանյան խանութներում նախկին 650-700 դրամի փոխարեն դարձել է 730-750 դրամ 1 կգ-ի դիմաց։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ բանան ներկրող միակ ընկերությունը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը։

Բացի բանանից, գրում է թերթը, թանկացել է նաև բենզինը՝ 1 լիտրն արդեն վաճառվում է 380 դրամ՝ նախկին 330-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամ՝ 350-ի փոխարեն, սուպեր տեսակինը՝ 420 դրամ՝ 400-ի փոխարեն։ Թանկացել է նաև դիզելային վառելիքը՝ 350-ից դառնալով 360 դրամ։

Գնաճի հիմնական ալիքը, նշում է թերթը, սպասվում է մայիսին՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո․ «Չէ՞ որ այդ ժամանակ էլ ընտրակաշառք է բաժանելու, ծախս է արվելու, և գալու է գումարներ ետ հավաքելու պահը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։