հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Հակամարդկային օրենքի ընդունումը Վրաստանում նշանավորվեց տրանս կնոջ սպանությամբ

Հակամարդկային օրենքի ընդունումը Վրաստանում նշանավորվեց տրանս կնոջ սպանությամբ

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Թբիլիսիում ձերբակալել են 26-ամյա Բեկա Ջաիանիին, որը մեղադրվում է Վրաստանում հայտնի տրանս-մոդել Կեսարիա Աբրամիձեի դաժան սպանության մեջ։

37-ամյա կնոջ դին հայտնաբերել են սեպտեմբերի 18-ին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է․ «Մեղադրյալը վիճաբանության ընթացքում դանակի բազմակի հարվածներ է հասցրել Կ․Ա․-ին՝ ծնված 1987 թվականին, և փախուստի դիմել»։ Դեպքը տեղի է ունեցել սպանվածի բնակարանում՝ Թբիլիսիի արվարձանային Դիդի Դիգոմի թաղամասում։ 

«Մթավարի» հեռուստաընկերությունը հրապարակել է տեսախցիկների ձայնագրությունը․ մեղադրյալը սկզբում կանգնած է Կեսարիայի տան շքամուտքում՝ լիֆտի մոտ, մոտավորապես 15 րոպե անց փախնում է աստիճաններով։ 26-ամյա տղամարդու ձերբակալությունից հետո ՆԳՆ-ն հաղորդել է, որ մեղադրյալի մոտից առգրավվել է իրեղեն ապացույց դանակը։

Վրաստանցի ԼԳԲՏ-ակտիվիստներից մեկը, որը ծանոթ էր Կեսարիայի հետ, Epress.am-ին պատմել է՝ մահվանից ժամեր առաջ նա Ինստագրամի սթորիներում լուսանկար էր հրապարակել․ «Սպանության մեջ մեղադրվող տղամարդու հետ ձեռք ձեռքի կանգնած էին։ Հիմա մեդիաները գրում են, թե վեճը հենց այդ լուսանկարի պատճառով է եղել։ Դա ընդամենը ենթադրություններ են։ Ոչ ոք չգիտի՝ ինչ է եղել փակ դռների ետևում։ Մարդը մահացել է դանակի տասից ավել հարվածներից։ Արդեն կարևոր չի՝ կոնկրետ ինչը դուր չէր եկել նրա նախկին զուգընկերոջը»։

Ապրիլին Կեսարիան հրապարակավ պատմել էր՝ երկար ժամանակ աբյուզիվ հարաբերությունների մեջ է եղել, պարբերաբար ծեծի է ենթարկվել նախկին զուգընկերոջ կողմից, դեպք է եղել, երբ փրկվել է մահվանից զուտ հարևանների օգնության շնորհիվ։ Ընկերների վկայությամբ՝ խոսքը այսօր առավոտյան ձերբակալված Բեկա Ջաիանիի մասին է հենց։ Մոտ երկու տարի նա հարաբերությունների մեջ է եղել Կեսարիայի հետ, այդ հարաբերությունները գաղտնի են պահվել և ուղեկցվել են մշտական բռնություններով։

Վրաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «սեռով պայմանավորված» «առանձնակի դաժանությամբ» սպանության հատկանիշներով։ Ի սկզբանե վարույթ է նախաձեռնվել «Դիտավորյալ սպանության» (Վրաստանի ՔՕ 108-րդ) հոդվածով, ավելի ուշ գործը վերաորակավորվել է և խստացվել՝ «Դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» (ՔՕ 109 հոդված)։

Կեսարիա Աբրամիձեն Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր կինն էր, պարբերաբար մասնակցում էր հեռուստատեսային շոուների, հարցազրույցներ տալիս, նկարահանվում տեղական հեռուստասերիալներում։ Տրանսգենդեր կանանց գեղեցկության մրցույթում 2018-ին ներկայացնում էր Վրաստանը։

Նրա սպանությունից ընդամենը երկու օր առաջ երկրի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է իշխող «Վրացական երազանքի» նախաձեռնած օրենքը, որը, ռուսական համանման օրենքի պես, արգելում է «ԼԳԲՏ-պրոպագանդան» և սեռափոխությունը։ Տրանսգենդեր մարդիկ ըստ էության օրենքից դուրս են հայտնվել։

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրենքի ընդունումը Վրաստանի իշխող կուսակցության նախընտրական խոստումներից մեկն էր։ Դրա միակ թիրախը քվիր համայնքն է։ Հոկտեմբերին կայանալիք ընտրությունների քարոզարշավում իշխող ուժը շեշտը, ի թիվս այլի, ավանդական արժեքների վրա է դրել։ Արևմտամետ ընդդիմությունը սա մեկնաբանում է որպես ռուսամետ քաղաքականության մաս՝ զուգահեռներ տանելով Վրաստանում վերջերս ընդունված օրենքների և ռուսական օրենսդրության միջև։ Հանրային դեբատների բովանդակությունը էլ ավելի է սրում ներքին բևեռացումը։

Սեպտեմբերի 17-ին ընդունված օրենքը իրոք նման է «ԼԳԲՏ-պրոպագանդայի» դեմ ռուսական նախկին օրենքին, որը Կրեմլը 2022-ին էլ ավելի է խստացրել։ 2023-ի տարեվերջին Ռուսաստանի Գերագույն դատարանը ավելի հեռուն է գնացել՝ ԼԳԲՏ «շարժումը» ճանարելով «էսքտրիմիստական»․ սեռական կողմնորոշումը չթաքցնելը որակվել է որպես «էքստրեմիստական կազմակերպության աշխատանքի կազմակերպում»։

Վրաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց արգելվել է ոչ միայն ամուսնանալ և երեխա ունենալ, այլև սեռափոխության վիրահատություններ անել, փոխել գենդերային մարկերը անձնագրերում և այլ փաստաթղթերում։ Բժիշկներին արգելվում է վիրահատություններ և այլ պրոցեդուրաներ անել, որոնք կնպաստեն տրանս-անցմանը։ Նման պրոցեդուրաների համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում՝ ընդհուպ մինչև ազատազրկումը։

Ավելին՝ զանգվածային լրատվամիջոցներում և կրթական հաստատություններում արգելվում է «գովազդել» և առհասարակ «տեղեկություններ տարածել», որոնք կարող են «պոպուլյարիզացնել» նույնասեռ հարաբերությունները։ Արգելվում են նաև հրապարակային հավաքները (միտինգներ, երթեր և այլ)՝ ուղղված ԼԳԲՏԿ+ «պրոպագանդային»։ Ւնչպես և ռուսական օրենքի դեպքում՝ անորոշ ձևակերպումները լայն մեկնաբանության տեղիք են տալիս։ Պարզ չէ՝ ինչ ասել է պրոպագանդա և պոպուլյարիզացիա։

Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով՝ նոր օրենքը և հոմոֆոբ քարոզը, որով ուղեկցվում էր դրա առաջխաղացումը, բռնության նոր ալիք է նախապատրաստել։ Վրաստանում հոմոֆոմ հարձակումները եզակի բան չեն, իրավապաշտպանները ենթադրում են՝ դեպքերը այսուհետ միայն կաճեն։

Կեսարիա Աբրամիձեի սպանությունը առաջինը չէ։ 2014-ին դանակահարել և այրել էին Սաբի Բերիանիին՝ Վրաստանում հայտնի մեկ այլ տրանս կնոջը։ Բյանկա Շիգուրովային մահացած էին գտել 2016-ին՝ սեփական բնակարանում։ Զիզի Շեկելաձեին սպանել էին 2016-ին։ Տրանս կանանց նկատմամբ հարձակումներ են լինում գրեթե ամեն ամիս։