Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Ազգային Ժովովի ամբիոնից արդրադարձավ Հայաստանում տրանսգենդեր անձանց հանդեպ բռնությունների, հետապնդումների, արժանապատվության և իրավունքների ոտնահարման և իրավապահ մարմինների անգործության խնդրին՝ կոչ անելով պատգամավորներին ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը նպատակաուղղված քաղաքականությանը ու բարեփոխումների իրականացմանը։
Իրավապաշտպանի ելույթից անմիջապես հետո ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, «օգտնվելով նախագահողի իրավունքից», վրդովմունք էր ցուցադրում, և երկար դիտողություններ անում «օրակարգից շեղվելու» մասին։ Դահլիճի արձագանքներին Զոհրաբյանը պատասխանեց․ «Չի կարելի խախտել օրակարգը։ Սա հստակ օրակարգ էր սահմանված։ Ո՛չ։ Խտրական վերաբերմունք չկա․․․»։
Լսումների «օրակարգից դուրս» մյուս ելույթները՝ օրինակ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց խնդիրներին կամ ՊԵԿ-ի կողմից սահմանված տուգանքներին վերաբերող ելույթների ժամանակ Զոհրաբյանի մոտ հարցեր չէին առաջացրել: Նրա արձագանքից հետո մի քանի իրավապաշտպաններ լքեցին դահլիճը՝ ի բողոք հանձնաժողովի նախագահի խտրական վերաբերմունքի։ ԶԼՄ-ների զգալի մասը, կատարվածի մասին գրելով, շեշտում էր, որ Զոհրաբյանը դուրս է հրավիրել Լիլիթ Մարտիրոսյանին, սակայն տեսագրությունից երևում է, որ նման կոչը պատգամավորը հնչեցնում է, երբ իրավապաշտպանն ու իր գործընկերները արդեն լքում են տարածքը։
Ավելի ուշ «հստակ սահմանված օրակարգի» խնդրին անդրադարձել է նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժովովի անդամ Մարիա Կարապետյանը։ Նա նշել է, որ պատգամավորները որոշում են ընդունել մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների անցկացման մասին առանց քննարկվելիք հարցերի շրջանակ սահմանելու, իսկ ԱԺ կայքում նախապես տեղադրված լսումների մասին իրազեկող հայտարարությունը և օրակարգը չեն պարունակել մանրամասներ լսումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:
«Կազմակերպությունների գրանցման, նրանց մուտքն ԱԺ ապահովելու և օրակարգի (ինչը նաև ընթացքում փոխվել է առանց հանձնաժողովի անդամների հետ քննարկման) վերաբերյալ իրազեկման «մենաշնորհն» իր վրա էր վերցրել մեր մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը հրավիրյալ կազմակերպությունների ցանկն անգամ ինձ է փոխանցել գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո: Կարծում եմ, որ խորհրդարանական լսումները բաց, խտրականությունից զերծ հարթակ պիտի լինեն, իսկ հետայսու հետամուտ կլինեմ դրանց առավել պատշաճ իրականացմանը՝ առանց մարդկանց վրա գոռգռալու, սենյակից դուրս հրավիրելու և սպառանալու պարզել, թե ինչպես են «սպրդել» ՀՀ քաղաքացիները ՀՀ Ազգային ժողով»։