«Հայաստանում օրը ցերեկով դուք տեսե՞լ եք նույնասեռականների, կպատասխանեք՝ այո, իսկ լեսբուհիների՞՝ կրկին այո։ Բա ու՞ր են տրանսգենդերները․ նրանք չկան». Լիլիթ Մարտիրոսյան, «Իրավունքի կողմ» իրավապաշտպանական հասարակական կազմակերպության նախագահ
Կազմակերպությունը Մարտիրոսյանը մի խումբ ԼԳԲՏ+ ակտիվիստների հետ ստեղծել է 2016-ի սկզբին տրանսգենդեր անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Նա նշում է, որ իրենց նպատակն է Հայաստանը տրանսգենդեր մարդկանց համար ապահով և բարեկեցիկ երկիր դարձնել։
Epress.am֊ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանում տրանսգենդեր անձինք ապրում են գրեթե մեկուսացված վիճակում։ Նրանք մեծամասամբ մերժված են ընտանիքների, ընկերների և շրջապատի կողմից․ ապրում են «չորս պատի մեջ»։
Նրա խոսքով՝ իրականում Հայաստանում, մոտավոր հաշվարկներով, ապրում են հարյուրավոր տրանսգենդեր անձինք, նրանցից 4֊ն արդեն սեռափոխություն են իրականացրել, ևս մեկ անձ այս պահին պատրաստվում է վիրահատության միջոցով փոխել սեռը։
ԼԳԲՏ+ համայնքի առավել խոցելի մասը
Լիլիթ Մարտիրոսյանի կարծիքով՝ ի տարբերություն ԼԳԲՏ+ համայնքի մյուս ներկայացուցիչների՝ տրանսգենդեր անձինք կրկնակի խոցելի են։ Նրանք ամեն քայլափոխի դժվարությունների են հանդիպում՝ կապված աշխատանքի, բուժհաստատությունների, իրավապահ մարմինների ծառայություններից օգտվելու հետ, կրթության և անգամ բնակարաններ վարձելու ժամանակ։
«Եթե նույնասեռական մարդը որոշի աշխատանքի ընդունվել, արտաքինից ոչ մեկը չի հասկանա, որ նա նույնասեռական է, և այդ մարդը կարող է աշխատել ցանկացած ոլորտում, բայց տրանսգենդեր անձը չի կարող։ Որովհետև նա ինչքան էլ վիրահատական միջամտությամբ իր արտաքինը բերի հասցնի պահանջված վիճակին, նրա ձայնը չեն կարող համապատասխանացել իր արտաքինին», ֊ նշում է Մարտիրոսյանը։
Վերջինիս խոսքով՝ տրանսգենդեր անձինք շատ դժվար են բնակարան վարձում։ «Տրանսգենդեր անձը անմիջականորեն բնակարան չի վարձում, այլ դա անում է մի 3-րդ մարդու միջոցով։ Իսկ երբ իմանում են, որ վարձով ապրողը տրանսգենդեր է՝ հանում են։ Օրինակ, մի քանի հոգով մի տեղ ապրում էինք, մեկի միջոցով իմացավ բնակարանատերը, ու մեզ դուրս հանեցին այդ տնից», ֊ պատմում է «Իրավունքի կողմ» ՀԿ֊ի նախագահը։
Վիրահատությունները՝ գաղտնի
Տրանսգենդեր անձինք բազմաթիվ խնդիրների են բախվում, երբ տարբեր հիվանդությունների պատճառներով դիմում են բուժհաստատություններ։ Հատկապես անհնար է դառնում օգտվել բժշկական ծառայություններից՝ կապված սեռափոխական վիրահատությունների հետ։ Նման վիրահատությունների վերաբերյալ Հայաստանում օրենք չկա։
«Երկու տարի առաջ ես ցանկանում էի սեռափոխության հետ կապված վիրահատություն կատարել «Իզմիրլյան» կենտրոնում, սակայն այնտեղի բժիշկները և անվտանգության ծառայության մարդիկ ինձ ծեծեցին։ Իսկ դրա պատճառը այն էր, որ այդ կենտրոնը պատկանում է եկեղեցուն, և ԼԳԲՏ անձինք այնտեղ տեղ չունեն», ֊ ասել է Մարտիրոսյանը։
Տրանսգենդեր անձինք վիրահատություններ են անում գաղտնի ճանապարհով։ Վիրահատությունները հիմնականում կատարում են դրսից հրավիրված բժիշկները։ Մարտիրոսյանը, սակայն, վստահ է, որ Հայաստանում էլ լավ մասնագետներ կան․ «Ուղղակի այստեղ բժիշկները վախենում են դա անել։ Օրինակ՝ 5-6 տարի առաջ մի տրանսսեքսուալ ունեինք, որը կրծքի վիրահատություն արեց, և երբ իմացել էին, բժշկին տարել էին համապատասխան վայր և տուգանել էին 2 միլիոն դրամով՝ թե ինչ վիրահատություն ես արել։ Դրանից հետո ամեն ինչ քողարկվեց և այստեղ ինչ վիրահատություն անում են, գաղտնի կերպով են անում։ Եթե հիմա զանգեք բժշկին և հարցնեք՝ դուք տրանսգենդեր անձանց նշանակո՞ւմ եք համապատասխան հորմոն, նա կասի՝ չէ՝ իր անվտանգությունից ելնելով։ Ու այս ամենի մեջ տուժում է տրանսգենդեր անձը»։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ բարդություններ են առաջանում նաև հետվիրահատական շրջանում և դրանով զբաղվող բժիշկներ էլ չկան։
Մարտիրոսյանը նշել է, որ տրանսգենդեր անձանցից շատերն անհրաժեշտ տեղեկատվություն էլ չունեն ճիշտ որոշումներ կայացնելու համար։
«Հորմոնաթերապիան շատ լուրջ թերապիա է։ Ուրիշ երկրներում սեռափոխությունը տևում է 10 տարի։ Երկու տարի անձն անցնում է հոգեբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպված հետազոտություն, երկու տարի նա ընդունում է հորմոններ, երկու տարի հետո հասկանում են նա ով է, դրանից հետո նոր նա վիրահատվում է։ Մեզ մոտ դա չկա, մեզ մոտ դրսում վաճառվում են այդ հորմոնային դեղերը։ Մարդը, որը ուզում է սեռափոխություն կատարի, առանց բժշկի հետ խորհրդակցելու, վերցնում է ու դեղերը խմում է, որը չի կարելի։ Այդ հորմոնները ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա», ֊ նշում է Մարտիրոսյանը։
Զրկված են ապրելու միջոցներից
«Ես ինքս ասում եմ՝ ինձ դանակահարել են, ավտոյի տակ են գցել, մոտ 27 գործ կա ինձ հետ կապված, սակայն իրավապահ մարմինները ոչ մի կերպ չեն արձագանքնել դրան»։ Մարտիրոսյանն ընդգծում է, որ կան մարդիկ, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն նրանց դիմումներն անհետևանք են մնացել։
Տրանսգենդեր մարդկանց վիճակի և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասով տարեցտարի Հայաստանում ոչ մի բան չի փոխվում, հակառակը՝ իրավիճակն էլ ավելի է վատթարանում․ «Ես միշտ ասում եմ շնորհակալություն Կոմայգում կանգնած տրանսգենդերներին [սեքս աշխատողներին]։ Նրանք հասարակության աչքերը բացեցին, հասարակությունը տեսավ, որ տղան կարող է հագնել աղջկա շորեր»։
«Իրավունքի կողմ»֊ի ղեկավարը նշում է, որ առաջնային է տրանսգենդեր անձանց, այդ թվում՝ սեքս աշխատողներին, բնակարանով ապահովելը, քանի որ նրանց հիմնական մասը մերժված է ընտանիքների կողմից․ «Հիմա էլ երկու հոգի կա, որ դրսում է քնում, ու ոչ մեկը չի զբաղվում նրանցով, նրանց անվտանգությունը ապահովված չէ»։
Հայաստանյան հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ տրանսգենդեր անձինք հիմնականում սեքս ծառայություններ են մատուցում։ Մարտիրոսյանը դա չի հերքում՝ ընդգծելով, որ դրա պատճառներից մեկը հասարակությունում առկա ատելությունն է տրանսգենդեր անձանց նկատմամբ։
«Նրանք մարմնավաճառություն են անում, քանի որ նրանց աշխատանք չեն տալիս», ֊ պնդում է Մարտիրոսյանը։
Երկրում տիրող հոմոֆոբիայի պայմաններում տարեցտարի Հայաստանը լքում են տասնյակ տրանսգենդեր անձինք։
«Անցած տարի մենք ճանապարհել ենք 12 տրանսգենդեր անձի։ Նրանք Հայաստանը լքեցին, քանի որ այստեղ չկարողացան համակերպվել սեքս աշխատանքի հետ, նրանք սովորելու ու աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ ունեին, չկարողացան ինտեգրվել հասարակությանը։
Նրանք անգամ սրճարանից չեն կարողանում օգտվել։ Եթե 3 հոգի նստի սրճարանում ու կողքները նստեն հոմոֆոբներ կամ ազգայնամոլներ, ապա հաջորդ րոպեին սեղանի պարունակությունը նրանց գլխին կջարդեն», ֊ ասում է «Իրավունքի կողմ» ՀԿ֊ի նախագահը։