Home / ԼԳԲՏ+ / Ծեծի ենթարկված տրանսգենդեր կինը պատմում է դեպքի մասին

Ծեծի ենթարկված տրանսգենդեր կինը պատմում է դեպքի մասին

Փետրվարի 28-ին իր բնակարանում ծեծի ենթարկված տրանսգենդեր Ժակլինը Epress.am֊ի հետ զրույցում պատմել է իր հետ տեղի ունեցածի մանրամասները։

Նա նշել է, որ Ե․֊ի հետ պայմանավորվել է հանդիպել իր բնակարանում։ Ժակլինի խոսքով՝ երիտասարդն իմացել է, որ ինքը տրանսգենդեր անձ է։ Տուժածը պատմում է, որ իրենք լավ ժամանակ են անցկացրել, ապա սեռական հարաբերություն են ունեցել։ Դրանից հետո Ե․֊ն շարունակություն է պահանջել, իսկ Ժակլինը հրաժարվել է։

«Դրանից հետո միանգամից սկսեց վիզս բռնել ու խեղդել, իսկ աջով ականջս բռնեց։ Ականջս ջարդված է։ Էդ պահին բաժակով տվեցի դեմքին։ Քաշեցի, գցեցի գետնին։ Հետո գոռում էի մտածում էի՝ ով կօգնի», ֊ ասել է Ժակլինը։

Նա դեպի դուռն է վազել, կարողացել է բացել այն և դուրս նետվել։ Տրանսգենդեր կնոջ պնդմամբ՝ երիտասարդը հասել է իրեն աստիճանների վրա, ապա պայքարի հետևանքով գլորվել են ներքև։

«Հետևից գրկեց աստիճանների մոտ էինք ու ընկանք։ Հետո, երբ պպզած էի, նա հարվածում էր գլխիս ու մենակ էն եմ հիշում, որ ասում էր՝ մեռի՛, մեռի՛, մեռի՛։ Հետո բան չեմ հիշում, գիտակցությունս կորցրի և 4 օր հետո հիվանդանոցում նոր եկավ գիտակցությունս», ֊ ասել է Ժակլինը։

Ծեծվելու հետևանքով նա գանգուղեղի ոսկրային ճաք է ստացել, թիկունքի շրջանում ունի վնասվածքներ, գեմատոմաներ ունի։ Վիրահատության է ենթարկվել, այժմ անցնում է դեղորքային բուժում։

Դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել, Ե․֊ն կալանավորված չէ, նրան բաց են թողել երկրից չհեռանալու ստորագրության դիմաց։

Ժակլինը նշում է, որ իրեն ապահով չի զգում, վախենում է, թե կարող է կրկին տուժել Ե․֊ից։ Տրանսգենդեր կնոջ խոսքով՝ Ե․֊ի ընտանիքի անդամներն այցելել են իրեն, խնդրել են չբողոքել։