Անցած գիշերը Երևանում հարձակում են գործել տրանսգենդեր կնոջ վրա, ծեծել նրան և այրել նրա կողմից վարձակալվող բնակարանը։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը։ Տուժողի խնդրանքով նրա անունը չի նշվում։
«Մի հոգի հարձակվել է նրա վրա, ծեծել է, դեմքը և կողոսկրերը ամբողջությամբ կոտրել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր», -ասել է Մարտիրոսյանը։
Կազմակերպությունը դիմել է ոստիկանություն։
«Հանցագործություն կատարած անձը հայտնի է, նա փախուստի մեջ չէ, հիմա գործեր են նախապատրաստվում», -ասել է կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը։ Նա նշել է, որ այդ անձը դեռևս ձերբակալված չէ։
Նա նշել է, որ քննիչը դեռևս չի կարողանում տուժողից ցուցմունք վերցնել, քանի որ ճիշտ է՝ նա գիտակցության է եկել, սակայն ի վիճակի չէ խոսել։