հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Զոհրաբյանի պահվածքը կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը․ Փաշինյան

Զոհրաբյանի պահվածքը կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը․ Փաշինյան

Այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Զոհրաբյանի արձագանքը «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին։

Իրավապաշտպանի ելույթից անմիջապես հետո Զոհրաբյանն, «օգտնվելով նախագահողի իրավունքից», վրդովմունք էր ցուցադրում, և երկար դիտողություններ անում «օրակարգից շեղվելու» մասին։ Դահլիճի արձագանքներին Զոհրաբյանը պատասխանեց․ «Չի կարելի խախտել օրակարգը։ Սա հստակ օրակարգ էր սահմանված։ Ո՛չ։ Խտրական վերաբերմունք չկա»։

Վարչապետը նշել է, որ 2015 թվականին «Հայաստանի պահպանողական, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունն, ինչպես իրենք են իրենց անվանում», ՀՀ քաղաքացուց անձնագիր է վերցրել և տվել նորը՝ ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր։ «Ընդ որում, Լիլիթ Մարտիրոսյանի անձնագրում գրել է սեռը՝ արական։ Էն պահին, երբ էդ Հանրապետական իշխանությունը էդ մարդուն տվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով առանց բացառության։

Բարգավաճ Հայաստանն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը։ Ես Պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություններ եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը, և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են։

Երբ իմացա դրա մասին, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ։

Էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր։ Հիմա հարց եմ տալիս բոլորին․ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն։ Հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները․ մարդ է, թե՞ մարդ չէ։ Եկեք սկսենք այս եզրույթից։

Երկրորդը՝ էն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։

Էդ պռովոկացիայի կազմակերպման արդյունքում ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է մտածի ընդհանրապես՝ իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքն ընդհանրապես համապատասխանու՞մ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին։ Թե՞ ամբողջ խնդիրն էն ա, որ կազմակերպեն պռովոկացիա, քաղաքական պռովոկացիա է սա, և ուղղել այն «Իմ քայլը» խմբակցության դեմ», ֊ եզրափակել է Փաշինյանը։

Ավելի վաղ մի շարք հասարակական կազմակերպություններ Զոհրաբյանի պահվածքը գնահատեցին որպես խտրական։