Home / Բանակ / ՔԿ ղեկավարը պարծենում է բանակային մահերի աճի ֆոնին

ՔԿ ղեկավարը պարծենում է բանակային մահերի աճի ֆոնին

«Բանակում մահվան դեպքով գործերը գրեթե 100 տոկոսանոց բացահայտելիություն ունեն», – այսօր Ազգային ժողովում հանցավորության վիճակի և ուժային կառույցներում բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Այդ բացահայտումները տեղի են ունենում դեպքից օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։ Ինչ վերաբերում է բանակում զոհերի աճին, ես պատրաստ եմ ձեզ տրամադրել թվային ցուցանիշներ։ Դա այդպես չէ», – ասել է Քննչականի նախագահը։

Չնայած Քարամյանի պնդումներին, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում երկու զինվոր է զոհվել։ Քննչականը երկու մահվան դեպքերից մեկը ինքնասպանություն էր որակել, մյուսի դեպքով քրեական գործ է հարուցել՝ սպանության հոդվածով։

Հոկտեմբերի 6-ին ոչ մարտական պայմաններում մահացել է 21-ամյա ժամկետային զինծառայող Վահե Հարությունյանը։ Նա Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր, ընտանիքի ավագ զավակը։ Վահեին «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը:

Քննչական կոմիտեից հաղորդել են․ «Հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս որպես հերթափոխի պետ իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ․Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։ Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա իրեն ամրակցված ինքնաձիգով, կրակոց արձակելով իր գլխին, ինքնասպան է եղել»:

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով: ՔԿ-ից հաղորդել են՝ հարցաքննել են դեպքի օրը և դրանից առաջ կրակային դիրքում գտնված զինծառայողները։

Հոկտեմբերի 13-ին հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, ընտանիքի ավագ որդին։ Բանակ էր զորակոչվել 2023 թվականին։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը news.am-ին հայտնել է, որ «ինքնասպանության վարկածն է շրջանառվում»։

Բանակային խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր, որ տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, և միայն 4-ը՝ հակառակորդի կրակոցից:

Վերջին տարիներին բանակային միջադեպերի թիվը միայն աճում է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։ Իրավապաշտպանները սա պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։