Ղարաբաղից տեղահանված մարդիկ ցրվել են Հայաստանի տարբեր մարզերով։ Մեծ ընտանիքների դեպքում սոցաջակցությունը՝ մեկ շնչի հաշվով 40+10 հազար դրամ, հերիքում է քաղաքներում տուն վարձակալելու համար։ Փոքր ընտանիքները ստիպված են հաստատվել էժան բնակավայրերում։ Միայնակ մարդիկ 40 հազարով տուն չեն գտնում նույնիսկ հեռավոր գյուղերում։
Միայնակների համար հատուկ ծրագիր չկա։ Տեղային լուծումներ են փնտրում մարզպետարաններն ու համայնքապետարանները։ 90-ականների պրիվատիզացիայից հետո պետությունը սոցիալական կացարաններ կամ հանրակացաններ առանձնապես չունի։ Մարդկանց փորձում են ժամանակավոր տեղավորել որտեղ պատահի՝ հին հյուրանոցներում, վթարային մանկապարտեզներում, ոչ բնակելի շինություններում։ Եթե գույքը պետական է՝ 40+10 հազարից դրա ժամանակավոր բնակիչները չեն օգտվում, եթե մասնավոր է՝ սոցաջակցությունը տալիս են սեփականատիրոջը։
Տեղահանությունից հետո ստեփանակերտցի Մարինե Ջալալյանը մի քանի ամիս ապրել է Չարբախի կարի արտադրամասում․ տնօրեն Երեմն ընդառաջել է և արտադրամասի նոր աշխատողին տեղավորել ժամանակավոր ազատված կաբինետում։ Երբ այն նորից զբաղեցվել է, Մարինեն սենյակ է խնդրել մարզպետարանից։ Մեկ շաբաթից պատասխանել են՝ Գյումրիում տարածք կա, որը հնարավոր է վերածել կացարանի մենակ մնացած փախստականների համար։
Մարինեն նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի առաջին բնակիչն էր։ Բարեկամներն ու տարածքի տնօրենն օգնել են կարգի բերել բակը, հարմարեցնել սենյակները։ Հետագայում նոր բնակիչներ էլ են հայտնվել։ Տարածքը ցուրտ է, բայց մաքուր։ Ջեռուցում չկա, տաքանում են էլեկտրական պլիտաներով։ Լվացք են անում կողքի շենքում։ Հին սառնարանից օգտվում են միասին։ Բնակարանի հույս ոչ ոք չունի․ 2-ից 5 միլիոնի ծրագիրը, որով Կառավարությունը նախատեսում է լուծել փախստականների բնակապահովության հարցը, նույն խնդիրներն ունի, ինչ 40+10 հազարինը՝ մեծ ընտանիքները գուցե հաջողեն, մենակ մարդկանց գումար չի հերիքի։ Խոսակցություններ կան, որ կառավարությունը միայնակների համար սոցիալական բնակարաններ է կառուցելու։ Բայց նախագիծ դեռ չկա։
Փախստականների չնչին տոկոսն է կարողացել գործ գտնել Հայաստանում։ Մարինեն մասնագիտությամբ մոդելավորող է։ Փորձել է աշխատանքի անցնել ատելյեներում․ հայաստանյան աշխատաշուկան նախապատվությունը տալիս է երիտասարդներին։ Նպաստներից կախվածության մեջ չընկնելու համար նա փոքրիկ բիզնես է հիմնել հենց հանրակացարանում․ տնօրենը կարի մեքենա է տվել, մարզպետարանը՝ օգնել գնել օգտագործված ավերլոկի սարք։ Եթե գումար գտնվի՝ կտորներ կառնի, որ սպիտակեղեն կարի և հանձնի խանութներին։