ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, այժմ՝ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթում «Խոջալու․ մի տեսանկյուն» վերնագրով հոդված է հրապարակել։
Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հայի համար շատ դժվար է գրել Խոջալուի մասին։ Խոջալուն այն դեպքն է, որի համար հայերը մեղադրվում են ուրիշների՝ տվյալ դեպքում՝ ադրբեջանցիների դեմ կատարած վայրագությունների մեջ։ Հայերը սովոր չեն զոհեր գոյացնելու. մեզ ավելի բնորոշ է զոհ լինելը։
Ես վստահ ու ճշգրիտ չգիտեմ, թե 1992թ. ինչ է պատահել Խոջալուում, չնայած այդ ժամանակ Հայաստանի կառավարության մաս էի կազմում՝ իբրև հանրապետության նախագահի խորհրդական։ Գիտեմ, որ մեր կառավարությունը կատարվածի վերաբերյալ որևէ հրաման կամ իրավունք չի տվել։ Եվ, սակայն, հայերն այդ մասին չեն խոսում, իսկ ադրբեջանական աղբյուրներն ավելի շահագրգռված են Խոջալուն գործածելու քարոզչական նպատակներով, քան թե իբրև լուրջ ուսումնասիրության առարկա, և, հետևաբար, արժանահավատ չեն։
Երբ 1999 և 2001 թթ. Բաքվում ու Երևանում հաջորդ գրքիս համար հարցազրույցներ էի վարում հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ադրբեջանցի պաշտոնյաները շրջանցում էին Սումգայիթի և ադրբեջանցիների կատարած վայրագությունների փաստերը, իսկ հայ պաշտոնյաները՝ Խոջալուի։ Հույս ունեմ, որ գիտաշխատողները մի օր կպարզեն, թե ճիշտ ի՛նչ է կատարվել՝ բոլոր ներգրավված կողմերի օժանդակությամբ։
Այնուամենայնիվ, կատարվել է անընդունելի ինչ-որ բան. ինչ-որ բան, որ հանգեցրել է Ղարաբաղում հայկական ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձանց սպանությունների ու խեղումների։ Հայերը ժխտում կամ ոչ-բավարար բացատրություններ են տալիս, նույն ձևով, ինչպես ադրբեջանցիներն են վարվում ավելի վաղ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայ քաղաքացիական անձանց հետ իրենց կատարածի մասին։ Շատ պարկեշտ և օգտակար կլիներ, եթե Ադրբեջանն ընդուներ Սումգայիթում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայերի դեմ իրականացրած ջարդերը։ Սակայն մեր՝ հայերի կողմից կատարած սխալի ընդունումը չպետք է կախված լինի հայերի դեմ ադրբեջանցիների կատարած համապատասխան սխալի ընդունումից։
Գիտենք, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, և իբրև թե այդ հարցով բանակցություններ են ընթանում։ Սակայն մարդկային տառապանքը չպետք է սակարկության առարկա լինի, ինչպես շուկայում։ Այս հարցի մեր մոտեցումը ցույց կտա, թե ինչպիսի արժեքներ ենք որդեգրում մեզ համար, և թե ինչ արժեքներ կցանկանայինք ուրիշները որդեգրեին մեր իսկ պատմության նկատմամբ։
Եթե Խոջալուն կարող է բացատրվել իբրև պատերազմի անուղղակի վնաս, ապա քաղաքացիական անձանց նկատմամբ որևէ գործողություն ևս կարող է բացատրվել իբրև նման վնաս։ Ինչո՞ւ պետք է ակնկալենք, որ ուրիշներն ընդունեն հայերի դեմ իրականացրած մեծ ոճրագործությունը, եթե մենք չենք ընդունում ուրիշների նկատմամբ շատ ավելի փոքր, սակայն, այնուհանդերձ, մեր իրականացրած հանցագործությունը։
Պետք է առանձնացնենք պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված ողբերգությունը 1991 թ. հակամարտության ռազմականացման շատ մեծ պատասխանատվությունից, որն աներկբայորեն ընկնում է Ադրբեջանի ու Խորհրդային Միության կառավարությունների վրա։
Ղարաբաղում հայկական ուժերը Խոջալուի և մյուս վայրերի վրա ռազմական գործողություններ էին ձեռնարկել՝ ադրբեջանական ուժերի օդային ռմբակոծությունների ու քաղաքացիական թիրախների գնդակոծումների դեմ իրենց սեփական ժողովրդի համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։ Սակայն, ինչպես հրապարակավ հարցրել եմ նախկինում ևս, իր թոռնուհու ձեռքը բռնած ադրբեջանցի տատիկը պակա՞ս տատիկ է, իսկ թոռնուհին պակա՞ս թոռնիկ է, ինչ է թե՝ ադրբեջանցի են։ Քաղաքացիական այդ երկու անձինք ինչո՞վ են տարբեր նույն վիճակի մեջ գտնվող հայ տատիկներից ու թոռնիկներից, որոնք ստիպված էին լքել Ղարաբաղի իրենց գյուղերն ու քաղաքները՝ Ղարաբաղում ու դրա շուրջ ադրբեջանցիների ավելի վաղ իրականացրած էթնիկ զտումների փորձերի պատճառով։ Իրականում, ինչո՞վ են նրանք տարբեր ի՛մ իսկ տատիկի պատմությունից, որն, իր տատիկի ձեռքը բռնած, 1915 թ. ստիպված էր լքել Օսմանյան կայսրությունում գտնվող իր տունը։ Մարդկային առումով, նրանք բոլորն էլ նախևառաջ տատիկներ ու թոռնիկներ են։
Մարդկային, անհատական ու ընտանեկան մակարդակներում մեծ քաղաքականությունը չէ, որ պետք է նշանակություն ունենա։ Եվ մեծ քաղաքականությունը անընկալունակ կմնա լուծումների նկատմամբ, մինչև մենք չճանաչենք միմյանց մարդկայնությունը։ Ի վերջո, ի՞նչն է կամ ի՞նչը պետք է լինի քաղաքականության ու ռազմավարականացման և նույնիսկ պատերազմի նպատակը, եթե ոչ սեփական ժողովրդի համար անվտանգ միջավայրի ապահովումը։ Իսկ ոչ մի անվտանգություն մշտական կամ ապահով չէ, եթե այն ապահովված չէ նաև հարևանների համար։ Մենք պետք է որոշենք, թե ուզում ենք ապրել մշտական պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի վիճակո՞ւմ, թե՞ ելք գտնենք դրանից։ Մենք չենք կարող շարունակել քաղաքականություն վարել՝ հիմնված մեր մեծ մտավախությունների վրա, բայց այդ ընթացքում սաստկացնենք ուրիշների մեծ մտավախությունները մեր վերաբերյալ և խաղաղությանը իրականանալու հնարավորություն չտանք։
Մենք կարող ենք մեզ լավ զգալ՝ մեր մարդկայնությունը պատճառաբանելով մեր զոհ լինելու հանգամանքով, սակայն դա բարոյապես չի կարող վավեր լինել, եթե չճանաչենք մեր զոհերի մարդկայնությունը՝ անկախ այն բանից, թե ինչպես և ինչու նրանք զոհ դարձան։ Ի վերջո, պետք է որոշենք, թե բավարա՞ր է բարոյական բարձր հիմունքով լավ զգալը և ուրիշներին մերժելը իրենց մարդկայնությունը, թե՞ պետք է հաշտվենք այն մտքին, որ մենք ևս սխալական ենք, թեկուզև՝ փոքր չափով, և ճիշտ գործենք։
Ճիշտ գործել նշանակում է միջոց գտնել, որ բոլոր տատիկներն ու թոռնիկներն ապահով լինեն։ Հակառակ դեպքում, մեր բոլոր լոզունգները, բոլոր սկզբունքները՝ լինեն դրանք իրավական, միջազգային, բարոյական, պատմական, քաղաքական կամ որևէ այլ բնույթի՝ լավագույն դեպքում անիմաստ են, իսկ վատագույն դեպքում՝ ապագա աղետների ուղեցույցներ։
Փետրվարի 19, 2014 թ.
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Լուսանկարը՝ hartington.net