Home / Ոստիկանություն / Ադրբեջանի հյուսիսում ութ հոգու սպանել են որպես ահաբեկիչ

Ադրբեջանի հյուսիսում ութ հոգու սպանել են որպես ահաբեկիչ

Ադրբեջանի՝ Դաղստանի հետ սահմանամերձ Գուսար շրջանում ուժայինները սպանել են «Անտառային եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության ութ անդամների, ևս վեցը ձերբակալվել են։ Իրավապահները կարծում են, որ վնասազերծված խումբը պատրաստվում էր տեռորիստական ակտեր կազմակերպել։

2024-ի դեկտեմբերին Ադրբեջանում երեք քաղաքացիներ բերման էին ենթարկվել սահմանին ահաբեկչություն ծրագրելու մեղադրանքով։ Ուժայինների վարկածով Ֆահրադին Շահմուրովը, Ջալալ Մուրադովը, Քյամրան Բաբաևը և ուրիշներ խմբավորում են հիմնել «Սահմանադրական կարգին դեմ» հանցագործություններ իրականացնելու նպատակով։ Նրանք դիվերսիոն հարձակումներ են ծրագրել պետական մարմինների դեմ, գաղտնի հավաքներ են կազմակերպել, սոցիալական ցանցերում գաղտնի խմբեր են վարել։

Ըստ իրավապահ կառույցների հաղորդագրության՝ խմբավորումը Խիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերի շրջակայքում գտնվող անտառներում ստորգետնյա ապաստարաններ է ստեղծել, որոնցում պայթուցիկ սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր և զենք-զինամթերք է պահվել։ Ուժայինները ապասատարանի զննության արդյունքում հայտնաբերել են «միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական կազմակերպության դրոշներ»։ Թե կոնկրետ որ խմբավորման մասին է խոսքը՝ գերատեսչությունը չի նշել։

Հայտնի չէ նաև «ահաբեկիչների չեզոքացման» օպերացիայի կազմակերպման ամսաթիվը։ Տեսանյութերի մի մասում անտառը կանաչ է։ Հավանաբար օպերացիան մեկնարկել է դեռևս 2024-ի աշնանը։