Home / Հայաստան / Թբիլիսիում բանտարկված ադրբեջանցի լրագրողը հրաժարվել է ջրից

Թբիլիսիում բանտարկված ադրբեջանցի լրագրողը հրաժարվել է ջրից

Բաքվի պահանջով Թբիլիսիում կալանավորված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը հացադուլի 136-րդ օրը հայտարարել է, որ հրաժարվում է նաև ջրից։

Ադրբեջանական Azel.Tv լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին Վրաստանում ձերբակալել են օգոստոսի 4-ին։ Նա տեղափոխվել է Թբիլիսի 2023 թվականին՝ առողջական պատճառներով։ Այնուհետև փորձել է Ստամբուլ մեկնել։ Չեն թողել։ Ասել են, որ Բաքուն արտահանձնման պահանջ է ներկայացրել, Վրաստանից նա կարող է միայն Ադրբեջան գնալ։ Փաստաբանները բողոքարկել են լրագրողի ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Լրագրողը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։ Վրացական իրավապաշտպաններն ու փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան՝ ընդդեմ միգրացիոն ծառայության։ Սադիգովի կինը և երկու երեխաները կարողացել են լքել Վրաստանը և մեկնել եվրոպական երկրներից մեկը։

Մինչ ձերբակալությունը լրագրողը մի քանի քննադատական ​​գրառումներ էր արել Ֆելսբուքում։ Դրանցից մեկում նա հեգնել էր Ադրբեջանի և Մարոկկոյի միջև առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը։ Նաև քննադատել էր Ադրբեջանի ոստիկանությանը՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։

Սադիգովը Վրաստանի քննչական մեկուսարանում հացադուլ է հայտարարել 2024 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ի նշան բողոքի ընդդեմ ձերբակալության և քաղաքական ապաստանի հայցի մերժման։

2024 թվականի նոյեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը, չնայած Սադիգովի հետապնդման քաղաքական բնույթի մասին փաստարկներին, այնուամենայնիվ, թույլատրել է նրա արտահանձնումը։ Հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել այս որոշումը, իսկ հունվարի 31-ին Սադիգովի կալանքը երկարացվել է ևս երեք ամսով՝ մինչև մայիսի 3-ը։

Աֆղանի կինը՝ Սևինջ Սադիգովան փետրվարի 2-ին հայտնել է, որ Աֆղանը չոր հացադուլ է սկսել․ երեկվանից նա նույնիսկ ջուր չի խմել։

«Մենք երեկ խոսել ենք Աֆղանի հետ։ Նա ասել է, որ դադարեցնում է ընդունել իրեն տրամադրված հեղուկները, որոնք հագեցած էին դեղերով, սննդարար նյութերով և վիտամիններով: Ես խնդրեցի, որ հրաժարվի չոր հացադուլից և գոնե հեղուկներ ընդունի։ …Աֆղանն ասաց, որ իրեն այլևս ոչինչ չի հետաքրքրում. եթե իրեն ազատ չարձակեն, ապա Ադրբեջանում իրեն սպասվում են խոշտանգումներ, անարդար դատավարություն և երկարաժամկետ ազատազրկում», – ասել է Սադիգովան։

Նրա խոսքերով՝ Սադիգովը ծանր վիճակում է, չի կարողանում ինքնուրույն քայլել, իսկ քաշը 95 կգ-ից հասել է 53-ի։

Վրաստանի իշխանություններն, ըստ Սադիգովայի, Բաքվի պատվերն են կատարում։ «…Նույնիսկ գրավի դիմաց ազատ չեն արձակում։ Արդյո՞ք նա կարող էր փախչել, եթե ազատության մեջ լիներ։ Որտե՞ղ է նա թաքնվելու, նույնիսկ քայլել չի կարող, նրան անվասայլակով են տեղափոխում», – պատմել է կինը։