Արջուտի ոսկու հանքի ղեկավարության չկատարած խոստումները և արհամարհական վերաբեմունքը ստիպել են բանվորներին գործադուլ սկսել։ Նրանք պահանջում են վարձատրել իրենց ըստ կատարված աշխատանքի, սոցփաթեթ ներառել, տրամադրել աշխատանքային պայմանագրերը, որոնք բանվորներից 2 տարի թաքցնում են։
Վանաձորի մոտ գտնվող հանքի շահագործման իրավունքը «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն ստացել է 25 տարով՝ 2014 թվականին, արտադրանք է սկսել տալ 2 տարի առաջ։ Գործի ընդունելուց բանվորներին խոստացել են, որ ամեն ամիս 10 հազար դրամով կբարձրացնեն աշխատավարձը, բայց մինչև հիմա նրանք ստանում են 120-170 հազար դրամ։ Պայմանագրով, որը բանվորներից մեկը տեսել է և նկարել, մարդիկ պետք է աշխատեն 36 ժամ, փաստացի աշխատում են 48 ժամ։
Պղինձ, ոսկի և արծաթ հանող բանվորներին հավելավճար չեն տալիս գիշերային հերթափոխների, ծանր և թունավոր, բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար։ Նրանց տուգանում են սաղավարտը հանելու համար, միևնույն ժամանակ չեն տրամադրում հատուկ համազգեստ, իսկ խմելու ջուրը աշխատողները ստիպված են իրենք իրենց հետ բարձրացնել։
Հանքից եկամուտ ստացողները չեն կատարել համայնքի հանդեպ պարտականությունները․ օրինակ, ճանապարհները մնում են անմխիթար վիճակում, հանքի պատճառով առաջացել է մաքուր ջրի խնդիր։ Ղեկավարությունը հրաժարվում է բանակցել բանվորների հետ, առաջարկում է մերվել ոլորտում ամենացածր վարձատրության, սոցփաթեթի բացակայության և ծանր պայմանների հետ․ ով համաձայն չէ՝ թող հեռանալու մասին դիմում գրի։
Գործադուլ անողները հավաքվում են Արջուտի կենտրոնում՝ խանութի մոտ, որտեղից աշխատանքային օրերին իրենց տանում են սարի գլուխ՝ 6 կիլոմետր հեռավորության վրա։ Անխափան է աշխատում հանքի անվտանգությունը, որը ջիպերով պարբերաբար անցնում է բանվորների մոտով։ Վերջիններս համոզված են, որ իրենց նկարահանում են, ինչպես դա անում են հանքում։ Տեսախցիկներ են դրված նույնիսկ հանդերձարաններում։ Մայրուղուց գյուղ մտնող ճանապարհի հատվածում գործադուլի առաջին օրվանից կանգնած է հանքի սեփականատիրոջ եղբայրը՝ սև Մերսեդես Գելենդվագենով։ Պետհամարանիշը՝ 44444․․․