Վրաստանի Ճիաթուրա հանքաարդյունաբերական քաղաքի բնակիչները մարտի 8-ից բողոքի ակցիա են անում՝ մանգանի հանքավայրը փակելու դեմ։ Դժգոհությունները սկսվել էին փետրվարին, երբ աշխատողներին փոխանցել էին աշխատավարձի միայն 60 տոկոսը։ Փակ հանքավայրը շահագործող Georgia Manganese ընկերությունը հայտնել էր, որ պատճառը մանգանի համաշխարհային գների անկումն է և աշխատանքների ժամանակավոր կրճատումը։ Սակայն մարտի 7-ին ընկերությունը աշխատակիցներին SMS-ով տեղեկացրել է, որ փակ հանքավայրն ընդհանրապես փակվում է։ SMS-ը խոստանում էր առաջիկայում հայտնել աշխատանքային պայմանագրերի լուծարման և փոխհատուցումների մասին։
Չնայած 3500 աշխատողների հեռացման փաստը ծանր է 3.7 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանի համար, ոչ մի վրացական լրատվամիջոց չլուսաբանեց կատարվածը։ Ոչ մի պաշտոնյա չեկավ ժողովրդի հետ խոսելու։ Մարդկանց հետ հանդիպեց քաղաքապետը, որը ոչ մի հուսադրող բան չուներ ասելու բացի այն, որ ինքը ոչինչ չգիտի ու չունի իշխանություն։
քաղաք մանգանի մասին
Մանգանի արդյունահանումը Ճիաթուրայում սկսվել է 19-րդ դարի վերջից։ Այս մետաղն պողպատագործության համար կարևոր էլեմենտներից է։ Քաղաքը խորհրդային շրջանում ծաղկել է որպես հանքարդյունաբերող քաղաք։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ճիաթուրան դադարեց գործել։ Ընդհանրապես Վրաստանը կորցրեց իր արդյունաբերության 80 տոկոսը, իսկ քաղաքի բնակչության 50 տոկոսը դիմեց միգրացիայի։
Հանքը մասնավորեցվեց և վերաբացվեց 2005 թվականին, քաղաքում ստեղծվեցին աշխատատեղեր և տնտեսական վիճակը կայունացավ։ Բայց դրա գինը մարդկանց շահագործումն էր։ Աշխատանքային ահավոր պայմանների, բնապահպանական վնասի, պարապուրդների դեմ հարյուրավոր բողոքի ակցիաներ և գործադուլներ են եղել վերջին 20 տարիներին։
Հիմա է, սակայն, քաղաքի ամենալուրջ ճգնաժամը, քանի որ փակվում է ստորգետնյա հանքավայրը։ Այստեղ է հիմնական բանվորական աշխատանքը։ Հանքի հետ է կապված քաղաքի ողջ տնտեսությունը՝ կաֆեներն ու մթերայինները, վարսավիրանոցներն ու ավտոլվացման կետերը և այլն։ «Վերադառնում ենք 90-ականնե՞ր»,- վախեցած հարցնում են իրար բնակիչները։
բաց և փակ հանքեր
Ճիաթուրայում հանքաքարը կորզում են բաց և փակ եղանակով։ Վերջին տարիներին, մոնոպոլիստ ընկերությունը հանքաքար փորելու լիցենզիաներ է տալիս փոքր «կոոպերատիվների»։ Այս պատճառով՝ փորում են որտեղ պատահի, ինչը էլ ավելի վատթարացրել է բնապահպանական ճգնաժամը։ Միայն 2017 թվականին բնապահպանական նորմերը խախտելու համար ընկերությունը տուգանվել էր 150 միլիոն դոլարով։
Ստորգետնյա հանքում, որը փակվում է, աշխատում է բանվորների մեծ մասը՝ մոտ 2500 հոգի։ Բաց հանքը կշարունակի գործել, քանի որ դա քիչ աշխատուժ է պահանջում և էժան է նստում։ Բաց հանքում աշխատավարձերն ավելի ցածր են, անվտանգություն չկա, աշխատանքը ստաբիլ և պայմանագրային չէ։ Բայց հանքաքարի բաց կորզումը շատ ավելի է վնասում բնությանը և քաղաքին։
Փակ հանքից բացի անցումը անգործ է թողելու հազարավոր մարդկանց։ Տեղական իշխանությունները փորձում են մխիթարել, որ այլ աշխատատեղեր կբացվեն, բայց բոլորը հասկանում են, որ դա չի լինելու։ Վիճակը չափազանց ճգնաժամային է, քանի որ քաղաքը միշտ հանքի շուրջ է ապրել և ստիված է մի գիշերում փոխվել։
Եթե փակումը անխուսափելի էր, պետք էր դրան նախապատրաստվել, որ համայքը մի օրում կոլապսի չենթարկվեր։
Georgia Manganese ընկերությունը հայտարարել է, որ ստորգետնյա հանքավայրը եկամտաբեր չէ։ բարձր որակի մանգան չի մնացել։ 2023-ին, երբ բանվորները հերթական անգամ փորձւմ էին բարձրացնել աշխատանքային պայմանների հարցը, մենեջերներից մեկը կատակել էր. «բանվորական դասակարգին ենք տալիս փակ հանքը։ Դա դուք կառավարեք»։ Փաստորեն, նա հանքը տալիս էր աշխատավորներին, երբ այն արդեն սպառել էին։
2016-ից ընկերությունը շահագործման նոր մեթոդների անցավ։ Հանքափորներին սկսեցին աշխատացնել 12-ժամանակոց հերթափոխով, որպեսզի աշխատանքը լինի անընդհատ՝ օրը 24 ժամ, արդյունահանումը շատանա, եկամուտները ևս։ Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին հանքավայրում 7 ժամից ավել մնալն արգելվում էր՝ առողջապահական անվտանգությունից ելնելով։
Նոր աշխատանքային ռեժիմը ծանր հետևանքներ է ունեցել բանվորների առողջական վիճակի վրա։ Թեև աշխատանքի ծավալը և արտադրանքը շատանում էր, աշխատավարձերը չէին բարձրանում։ Ավելին, մանգանի հանքավայրը սպառվեց մի քանի տարում։ Բնության վնասը չէր կառավարվում։ Ընկերության գործունեության առողջական, բնապահպանական, տնտեսական հետևանքները ամբողջությամբ մնացին համայնքի՝ բանվորների և նրանց ընտանիքների վրա։ Բացի քաղաքը վնասելուց, ընկերությունը նաև հարկերից է խուսափել։ Պետեկամուտների ծառայությունը հայտարարել է, որ սառեցրել է ընկերության գույքը պարտքերի պատճառով։
Ընկերությունը սպառնալիքներով ճնշել է ցանկացած բողոք։ Մի կին հայտարարել էր, որ Պարկինսոնի հիվանդություն է ձեռք բերել հանքում աշխատելու պատճառով։ Սպառնալիքներից հետո նա հետ էր կանգնել բողոքից և աշխտորոշումներից։
Ընկերությունը սիրում է դատի տալով հարցեր լուծել։ Երբ հանքի ազդակիր համայնք Շուքրութի գյուղում տները քանդվում էին հանքի պայթեցումներից, ընկերությունը գյուղացիներին փոխհատուցելու փոխարեն դատի է տվել, արգելել նրանց վաճառել իրենց հողերն ու տները, բողոքի ցույց անել հանքի տարածքում։ 2024-ի հոկտեմբերին գյուղացիները հուսահատ եկել են Թբիլիսի և հացադուլ հայտարարել խորհրդարանի շենքի դիմաց։ 43 օր հացադուլից հետո էլ նրանց պահանջները չեն բավարարվել։
Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ընկերությունը զրկվի լիցենզիայից, որ կառավարությունը պատասխանատվություն ստանձնի հասցված վնասի համար և փոխհատուցի, հանքը շահույթից ստեղծվի ֆոնդ ճիաթուրցիների համար։
«Սոլիդարության ցանց. Վրաստանի սոցաշխատողների միության» նախագախ, հետազոտող Սոփո Ջափարիձեի հոդվածի թարգմանությունը կրճատումներով