Home / Շուկա / Ֆրանսիայում տոնում են մակրոնիզմի վերջը

Ֆրանսիայում տոնում են մակրոնիզմի վերջը

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է։ Ընդհամենը երեք ամիս առաջ պաշտոնը ստանձնած վարչապետ Միշել Բարնյեն հեռանում է. Ազգային ժողովի պատգամավորները նրա նկատմամբ անվստահություն են հայտնել։ Ձախերն ընտրություններում հաղթել էին, բայց իշխանություն դեռևս չունեն։ Երկրի ավելի քան 100 քաղաքներում բազմամարդ բողոքի ցույցեր են։ Գործադուլների պատճառով մանկապարտեզներն ու դպրոցները չեն աշխատում։ Պետական աշխատողները ևս միացել են համազգային գործադուլին։ Տրանսպորտային ցանցերը կիսատ են աշխատում։

Բարնյեի պաշտոնանկությունը

Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ (570 պատգամավորից 331-ը կողմ է քվեարկել) անվստահության վոտում է ընդունել վարչապետ Միշեյ Բարյեի նկատմամբ։ Վարչապետն իր կառավարության հետ պետք է հրաժարական ներկայացնի։ 

Բարնյեն օրենսդրական նախաձեռնություն էր առաջարկել՝ սոցիալական ապահովության բյուջեի մասին։ Առաջարկում էր կրճատել նպաստները և խնայել շուրջ 60 մլրդ եվրո։ Խնայված միջոցներով Բերնյեն առաջարկում էր նվազեցնլ բյուջեի դեֆիցիտը, որը հասել էր ՀՆԱ-ի 6.1 տոկոսին, ինչը երկու անգամ գերազանցում է Եվրամիության սահմանած լիմիտը։ Խորհրդարանն այս նախաձեռնությանը դեմ էր քվեարկել։ Դեկտեմբերի 2-ին վարչապետը կիրառել էր Սահմանադրության 49.3 դրույթը, որը կառավարությանը թույլատրում է ընդունել օրենք՝ շրջանցելով Ազգային ժողովի քվեարկությունը։ Նույն դրույթը, սակայն, նաև հնարավորություն է տալիս ԱԺ-ին անվստահություն հայտնել կառավարությանը։

Ընտրություններ, ընտրություններ, ընտրություններ

Հունիսին Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններ էին։ Մարին լը Պենի ուլտրաաջ «Ազգային վիավորում» կուսակցությունը քվերակության արդյունքներով համոզիչ հաղթանակ տարավ Մակրոնի «Վերածննդի» նկատմամբ։

Մակրոնը որոշեց, որ Ազգային ժողովը պետք է ցրել և արտահերթ ընտրություններ անց կացնել։ Քաղաքագետները կարծում էին, որ նա արագ ռևանշի հույսեր ուներ, քանի որ այդ ժամանակ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն էր ընթանում և Օլիմպիական խաղերը։ 

Ռևանշը, սակայն, չհաջողվեց։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Ազգային միավորումը» նորից հաղթեց։ Կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն արդեն տոնում էր իր հաղթանակը։ Մակրոնի կուսակցությունը երրորդ տեղում էր, զիջում էր նաև «Նոր ժողովրդական ճակատ» ձախական կոալիցիային։ 

Ընտրությունների երկրորդ փուլում «Վերածնունդն» ու ձախերը պայմանավորվել էին համագործակցել ընդդեմ աջերի։ Տեղամասերում, որոնցում Լը Պենի կուսակցության ներկայացուցիչն առաջին տեղում էր, երրորդ տեղը զբաղեցրած ձախ կամ ցենտրիստ թեկնածուն հրաժարվում էր ընտրություններին մասնակցելուց, որպեսզի ձայները գումարվեն և երկրորդ տեղում գտնվողը աջերին հաղթելու շանս ունենա։ Տակտիկան հաջողվել էր. Երկրորդ փուլում հաղթել էին ձախերը։ 

Բացարձակ մեծամասնություն ձևավորել չէր ստացվել։ Ձախական կոալիցիան Ազգային ժողովում 190 տեղ ապահովեց, Մակրոնի ալիանսը՝ 160, «Ազգային միավորումը»՝ 140։ «Նոր ժողովրդական ճակատի» անդամ «Անկոտրում Ֆրանսիա» ուլտրաձախ կուսակցության ղեկավար Ժան-Լյում Մելանշոնը վստահ էր, որ կառավարության ղեկավարը կլինի իրենց կուսակցությունից, կամ գոնե իրենց կոալիցիայի անդամ այլ սոցիալիստ։

Բայց ընտրություններից հետո Մակրոնը որոշել էր, որ իր ժամանակավոր գործընկերները չեն կարողանա կայունություն ապահովել երկրում և վարչապետի պաշտոնի համար առաջարկել էր ֆրանսիական քաղաքականության վետերան Միշել Բարնյեի թեկնածությունը։ Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատել էր նրա թեկնածությունը, փոքրամասնություն ունեցող ուժը նոր կառավարություն էր ձևավորել։

Աջերն ու ձախերն ընդդեմ Մակրոնի

Բարնյեի հետ կապված այս անսպասելի որոշումից հետո ճգնաժամային վիճակը խորանում էր։ Ազգային ժողովում տարօրինակ կոլաիցիա էր ձևավորվել։ Ուլտրաաջ «Ազգային միավորումը» համագործակցում էր իր մեծագույն թշնամու՝ «Անկոտրում Ֆրանսիա» ուլտրաձախ կուսակցության հետ։ «Հանգամանքները մեզ ստիպում են քվեարկել ծայրահեղ ձախերի օգտին[…] Մենք դա կօգտագործենք որպես գործիք՝ բյուջեի մասին այս թունավոր օրենսդրական նախագիծը կանգնացնելու համար», – հայտարարել էր Մարին լը Պենը։

Բարնյեի կառավարության գործունեությունը 3 ամիս էլ չտևեց, իսկ 2025-ի բյուջեն այդպես էլ չհաստատվեց, ինչը Ֆրանսիային կանգնացնում է ոչ միայն քաղաքական այլև տնտեսական ճգնաժամի առաջ։ Ձախերի ու աջերի անիրական թվացող համագործակցության արդյունքում Բարնյեն այս պահին վայելում է միայն «Վերածննդի» և «Հանրապետական կուսակցության» մի մասի աջակցությունը, ինչը բավարար չէ նոր կառավարության ձևավորման համար։ Ձախերն արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու ցանկացած թեկնածուի, որը չի ներկայացնում իրենց կոալիցիան։