Home / Շուկա / «Վախենալու է»․ Ֆրանսիայի կառավարությունը հարթում է աջերի ճամփան

«Վախենալու է»․ Ֆրանսիայի կառավարությունը հարթում է աջերի ճամփան

Ֆրանսիայի կառավարությունը ընդունել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրենքը առանց Ազգային ժողովի քվեարկության, ինչից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելու կառավարության հրաժարականը։ 

Ոստիկանությունն արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին։ Ձերբակալվել է առնվազն 217 մարդ։

Կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը ծայրաստիճան անընդունելի է ֆրանսիացիների համար․ այն զանգվածային բողոքի ցույցերի և գործադուլների պատճառ է դարձել ամբողջ երկրում։ Սակայն նախագահ Էմանուել Մակրոնի կարծիքով՝ այն կարևոր բարեփոխում է, առանց որի երկրի տնտեսությանը տխուր ապագա է սպասվում՝ բնակչության ծերացման և կենսաթոշակային ֆոնդերի աճող դեֆիցիտի պատճառով:

Բողոքի ակցիաները օրենքի ընդունումից անմիջապես հետո վերսկսել են։ Փարիզի «Համաձայնության» հրապարակում և նրա շրջակայքում ցուցարարներն այրել են աղբի կույտերը և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը պատասխանել է ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի նռնակներով։

Հինգշաբթի օրը Սենատը քվեարկել էր օրենքի օգտին, որից հետո այն պետք է դրվեր քննարկման Ազգային ժողովում։ Սակայն նախագահ Մակրոնը որոշել է օգտվել Ֆրանսիայի Սահմանադրության մեջ ամրագրված հատուկ իրավունքից, որով նա կարող է խնդրել վարչապետին օրենքն ընդունել առանց ԱԺ քվեարկության։

«Մենք չենք կարող խաղադրույք կատարել կենսաթոշակային համակարգի ապագայի վրա, այս բարեփոխումն անհրաժեշտ է», – խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։

BBC-ի Փարիզի թղթակիցը հաղորդում է, որ նախօրեին Մակրոնի կուսակցության ներկայացուցիչները փորձել են համոզել խորհրդարանի պատգամավորներին՝ կողմ քվեարկել օրենքին։ Բայց երբ պարզ է դարձել, որ օրենքի կողմնակիցները հստակ մեծամասնություն չեն կազմում, Մակրոնը որոշել է օգտվել Սահմանադրության 49-րդ հոդվածի 3-րդ կետից։ 

Այնուամենայնիվ, նույն հոդվածը ընդդիմությանը թույլ է տալիս անվստահության հայտնել, և փողոցներում բողոքի ակցիաները, հավանաբար, կուժեղանան, քանի որ երկրում այդ հոդվածի կիրառումը համարում են հակաժողովրդավարական:

քննադատները

Բարեփոխման համաձայն՝ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից պետք է բարձրացվի 64-ի, իսկ դրա համար պահանջվող ստաժը՝ 41,5-ից 43-ի։

Մակրոնի համար այս օրենքը չափազանց կարևոր է։ Իր նախընտրական քարոզարշավում նա խոստացել էր երկրի տնտեսությունը գլոբալ առումով ավելի մրցունակ դարձնել, և հայտարարել, որ Ֆրանսիան «պետք է ավելի շատ աշխատի»:

2022 թվականի հունիսին կայացած ընտրություններում հաղթելով նվազագույն առավելությամբ՝ Մակրոնի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չստացավ, և նախագահն այժմ ղեկավարում է կենտրոնամետ փոքրամասնության կառավարությունը։ Նրա հեղինակությունը երկրում կախված է մի մազից, և որևէ ձախողում խորհրդարանում մեծ քաղաքական հարված կարող է լինել Մակրոնի համար:

Միևնույն ժամանակ, կենսաթոշակային բարեփոխումները անընդունելի են ֆրանսիացիների համար։ Ըստ հասարակական հարցումների՝ ֆրանսիացիների մոտ երկու երրորդը կտրականապես դեմ է դրան:

Վերջին մեկուկես ամիսների ընթացքում Ֆրանսիայում գործադուլների ալիք է քաղաքացիական ծառայողների, ուսուցիչների, տրանսպորտի, նավթավերամշակման գործարանների ու նավահանգիստների աշխատողների շրջանում։

Ամենազանգվածային բողոքի ցույցերը տեղի ունեցան մարտի 7-ին, երբ շուրջ 1,3 միլիոն մարդ դուրս եկավ ֆրանսիական մեծ ու փոքր քաղաքների փողոցներ։

Օրինագծի քննադատներն այն անվանում են սոցիալապես անարդար՝ նշելով, մասնավորապես, որ բարձրագույն կրթություն չպահանջող մասնագիտությունների ներկայացուցիչները պետք է ընդհանուր առմամբ շատ ավելի երկար աշխատեն, քան նրանք, ովքեր հնարավորություն ունեն մի քանի տարի սովորելու (ինչը նույնպես ստաժ է համարվում) մինչև աշխատանքի անցնելը։

Կենսաթոշակային տարիքը բարձրացնելու փոխարեն արհմիությունները և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն առաջարկում են կենսաթոշակային ֆոնդերի պակասը փոխհատուցել կորպորացիաների եկամտահարկի բարձրացմամբ։

ծայրահեղ աջերը

Օգտագործելով հատուկ սահմանադրական լիազորություններ՝ Մակրոնը զենք է տվել ծայրահեղ աջականներին, որոնք իր գլխավոր մրցակիցն էին նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։

«Սա ժողովրդավարական հեղաշրջում է», – խորհրդարանում քաոսային նիստից հետո լրագրողներին է ասել ծայրահեղ աջական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։

Ամիսներով շարունակվող բուռն քննարկումները խորհրդարանում ու միլիոնավոր մարդկանց փողոց հանող ցույցերը կարող են ակտիվացնել ծայրահեղ աջ պոպուլիստներին՝ կարծում են վերլուծաբանները։

«Այս բարեփոխումն ունի բոլոր բաղադրիչները՝ [ընտրություններին] արմատական աջ կուսակցությունների ձայները ավելացնելու համար», – Reuters-ի հետ զրույցում ասում է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Պալիեն։

Պալիեի կարծիքով՝ բարեփոխումից տուժելու է ցածր միջին խավը, բնակչության մի սեգմենտ, որ արդեն զգում էր գլոբալիզացիայի բոլոր հետևանքները․ ճիշտ այնպես ինչպես եղավ Մեծ Բրիտանիայում՝ «Բրեքսիտ»-ից և Միացյալ Նահանգներում՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց առաջ։ 

«Այս զայրույթը չի վերանալու, այն վերածվելու է այլ բանի, այն պարզապես սպասելու է, որ ընտրությունների քվեաթերթիկները իրենք իրենց նորից դրսևորվեն», – հավելել է քաղաքագետը:

Նախկին առաջնորդները, ովքեր միջամտել են կենսաթոշակային տարիքին՝ կորցրել են իրենց քաղաքական դիրքը, ասում է Պալիեն՝ հիշեցնելով Նիկոլա Սարկոզիի ձախողումը վերընտրվել 2012-ին այն բանից հետո, երբ նա 2010 թվականին կենսաթոշակային տարիքը 60-ից բարձրացրեց 62-ի։

Մարին Լը Պենը լավ խաղաց իր դերը՝ կարծում են վերլուծաբանները։ Նա բազմիցս հայտարարել է, որ դեմ է բարեփոխումներին, սակայն խորհրդարանում իր գործընկերներին հանձնարարել է զերծ մնալ օրենքի ընդունմանը խոչընդոտող մարտավարությունից։

Նա շատ լավ դիրքում է բանավեճից օգուտ քաղելու համար, հատկապես, որ Մակրոնին արգելված է 2027 թվականին առաջադրվել երրորդ ժամկետի համար և ակնհայտ իրավահաջորդ դեռևս չկա:

«Տիկին Լը Պենը պատրաստ է հարձակման», – ասում է Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի (CFDT) նախագահը. «Զայրույթը, աճող սոցիալական պարտքը շահարկվելու է պոպուլիստների ու ծայրահեղ աջերի կողմից։ Վախենալու է»։