Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու համար, արդյո՞ք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նոր բնակարանի գնման գործընթացն ուղեկցվել է կոռուպցիոն գործարքներով, թե ոչ։ Պապիկյանը հավաստիացնում է, որ անօրինական ոչինչ չի արել։ Կառուցապատողը՝ Ջերմուկի ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունը, արդարանում է, որ պաշտոնյաներից բացի ուրիշ ընտանիքներ էլ են էժանով տուն առել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իրեն «լավ է զգում»՝ նախարարի նոր ընտանիքը վերջապես տուն ունի։
Փետրվարի վերջին «Հետքը» հոդված էր հրապարակել, որում մանրամասն ներկայացնում էր պաշտպանության նախարարի նոր բնակարանի գնման պատմությունը։
Ըստ այս աղբյուրի՝ Պապիկյանն անցած տարի վարկով 165 քառակուսի մետրանոց բնակարան է առել Երևանի կենտրոնում գտնվող Բյուրեղ թաղամասում՝ շուկայականից շեշտակի ցածր գնով։ Բնակարանի գնման գործընթացում ներգրավված են եղել գործող պաշտոնյաների հետ ուղղակիորեն փոխկապակցված ընկերությունները։
Գործարքը վարկավորել է օլիգարխ, Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որում գտնվում է նախարարի նոր բնակարանը, կառուցում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի ընկերությունը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որը կապված էր բանակից ազատվելու հետ։ Կարճ ժամանակ անց քրգործը կարճվել էր։ Արդեն 2021-ին կրտսեր Արսենյանը դարձել է Ջերմուկի քաղաքապետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով։
Պապիկյանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ, բնակարանը գնել է 2021-ի ամռանը։ Բնակարանը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Շենքը դեռևս չի հանձնվել շահագործման։
Բնակարանը գնվել է 69 միլիոն դրամով (2021-ի հուլիսի դրությամբ՝ 168 հազար դոլարով)։ 1 քմ-ի արժեքը, այսինքն, կազմել է մոտ 1019 դոլար։
Հետաքննող լրագրողների տվյալներով, նույնիսկ 2020 թվականին` մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, քան 2021-ի ամռանը, նշված համալիրում 1 քառակուսի մետրի արժեքը սկսվել է 1200 դոլարից (ցածր հարկերը՝ 1100-ից)։ Արդեն այսօր «Բյուրեղում» 1 քառակուսի մետրի գինը սկսվում է 2500 դոլարից։ Այսինքն՝ նախարարի գնած բնակարանն այսօր արժի 169 միլիոն դրամ՝ երկուսուկես անգամ ավել։
Նույնիսկ եթե ենթադրենք, որ 2021-ի ամռանը բնակարաններն ավելի էժան էին, քան հիմա՝ ակնհայտ է, որ Պապիկյանին հաջողվել է տասնյակ հազարավոր դոլարներ խնայել։
Ինքը՝ նախարարը, չի հերքում, որ այսօրվա համեմատ գրեթե երկուսուկես անգամ էժան է գնել բնակարանը, բայցև հայտարարում է, թե ամեն ինչ օրինական է եղել: Ասում է՝ անցած տարվա ամռանն է գնել բնակարանը, բայց ամրագրումն արել է դրանից մեկ տարի առաջ, երբ շենքը կառուցված չէր, այսինքն սակագները ավելի ցածր էին՝ բոլորի համար:
«Ես դա ամրագրել եմ 2021 թվականին, փաստաթուղթը ուզել եմ նաև համապատասխան կառուցապատողից, եթե անհրաժեշտություն լինի, դա կհրապարակեմ կամ կտրամադրեմ այն մարմիններին, ովքեր դրանով զբաղվում են», – նշել է Պապիկյանը:
Այս փաստարկը առնվազն մեկ հարցի տեղիք է տալիս՝ ի՞նչ հիմքով է կառուցապատողը մոտ մեկ տարի ժամանակ տվել բնակարանն ամրագրող նախարարին, եթե շարքային քաղաքացիների համար ամրագրման առավելագույն ժամկետը 15 օր է։
Ընկերությունը արդեն այսօր պնդում է, թե 1300 բնակարան ունեցող նորակառույց համալիրում քառակուսի մետրի դիմաց մոտ հազար դոլար գնով տներ է վաճառել ոչ միայն պաշտպանության նախարարին, այլև մոտ 300 այլ քաղաքացու՝ շինարարության իրականացման ամենավաղ փուլերում: Այն, որ Պապիկյանն այս բնակարանը վաղ փուլում չի գնել, «Ջերմուկ գրուպն» ըստ էության չի մեկնաբանում։ Սովորական գնորդներին այս ընկերությունը նման արտոնություններ չի տվել ոչ նախկինում, ոչ էլ հիմա։
Պապիկյանի բնակարանի գնման գործընթացը լայն հանրային հնչեղություն է ստացել։ Մարտի 14-ի ասուլիսին լրագրողներն այս մասին հարցրել են նաև վարչապետ Փաշինյանին։ Փաշինյանն ի պատասխան խոսեց եկամտահարկի վերադարձի օրենքով (որը Պապիկյանի դեպքում, ի դեպ, չի գործում՝ գույքի չափազանց բարձր գնի պատճառով) բնակարան գնած 25 հազար քաղաքացիների (այդ թվում՝ մի քանի նախարարների), իր բնակարանն իր ուզած գնով վաճառելու անհաջող փորձերի, լրատվամիջոցների խմբագիրների ունեցվածքի և մի շարք այլ բաների մասին։ Դատախազությունը ուսումնասիրում է լրատվամիջոցներում հրապարակվող տեղեկությունները՝ ընդգծեց վարչապետը։