Ֆրանսիայում հերթական անգամ գործադուլ է հայտարարվել և ավելի քան մեկ միլիոն մարդ փողոց է դուրս եկել՝ պայքարելու կենսաթոշակային տարիքը բարձրացնելու կառավարության վերջերս ընդունած բարեփոխման դեմ։
Արհմիությունների կոնֆեդերացիայում պլանավորում են 260 ցույցեր անցկացնել ամբողջ Ֆրանսիայով մեկ՝ հույս ունենալով, որ իրենց կմիանան միլիոնավոր մարդիկ։
Երկրում բենզինի մատակարարումը նավթավերամշակման բոլոր գործարաններից դադարել է, հասարակական տրանսպորտը գրեթե չի աշխատում, մի շարք դպրոցներ փակվել են։
Արհմիությունների առաջնորդները վճռական են տրամադրված, գրում է BBC-ն։ Առաջնորդներից մեկի խոսքերով՝ գործադուլի նպատակը ֆրանսիական տնտեսությունը ծնկի բերելն է։
Ըստ հարցումների՝ ֆրանսիացիների մեծամասնությունը աջակցում է արհմիություններին և գործադուլը, և դեմ է կենսաթոշակային տարիքի բարձրացմանը։ Սակայն, միաժամանակ, հարցման մասնակիցների երկու երրորդը համարում է, որ կենսաթոշակային տարիքը, այնուամենայնիվ, բարձրացվելու է:
Գործադուլների նկատմամբ ամենախոցելի և երկրի տնտեսության համար ամենակարևոր ոլորտը վառելանյութի մատակարարումն է ֆրանսիական ութ նավթավերամշակման գործարաններից։ Մարտի 7-ի առավոտյան CGT (Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա) արհմիությունը հայտարարել է, որ իր անդամները փակել են գործարաններից դուրս եկող բոլոր ճանապարհները և վառելանյութի մատակարարումը ամբողջությամբ դադարեցվել է։
Բարեփոխման օրինագիծը, որի դեմ պայքարում են արհմիությունները, նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական արշավի հիմքն էր կազմում և իշխանությունները չեն պատրաստվում չեղարկել այն։ Մակրոնին քչերն են աջակցում՝ հաղթանակից հետո նա խոստավանել էր, որ շատերը իր օգտին են քվեարկել միայն այն պատճառով, որ չէին ուզում իշխանության գլուխ գար աջական առաջնորդ Մարին Լը Պենը։
Նման իրավիճակում, եթե Մակրոնը հրաժարվի իր սեփական ծրագրից, այլևս չի կարողանա բարեփոխումներ անցկացնել, և դա նրա նախագահության ավարտը կնշանակի՝ ասել է օրինագծի կողմնակից, աջական սենատոր Բրյունո Րետալյեն։
Չնայած բարեփոխման օրինագծի դեմ են արտահայտվում հիմնականում փոքր և միջին քաղաքների բնակիչները, որոնք, որպես կանոն, աջակցում են աջերին, խորհրդարանում աջ ուժերը հավանաբար աջակցելու են Մակրոնի օրինագիծը և այն ընդունվելու է` համարում են վերլուծաբանները:
Այս պահին իշխանությունների նպատակն է մինչև մարտի կեսերը կամ ամենաուշը մինչև ամսվա վերջ ստանալ խորհրդարանի աջակցությունը:
«Նման նախագիծը չեղարկելը շատ դժվար է և քիչ հավանական: Անգամ ընդդիմադիրները դժվար թե հավատում են դրան», – նախօրեին ասել է Cevipof հետազոտական ինստիտուտի վերլուծաբաններից մեկը, – «քանի դեռ ֆրանսիական գործադուլները լուրջ վնաս չեն հասցրել տնտեսությանը, օրինագիծը շարունակում է առաջ գնալ խորհրդարանում: Սակայն եթե նավթավերամշակման գործարանները շարունակվեն փակ մնալ, դա կարող է մթերքի գնաճի վրա անդրադառնալ»:
Les Mousquetaires սուպերմարկետների ցանցի տնօրենը հայտարարել է, որ իրենց տրամադրության տակ գտնվող վառելիքը կարող է վերջանալ մինչև շաբաթվա վերջ: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը այսօր հայտարարել է, որ «իշխանությունները չեն ուզում, որ ֆրանսիացիները երկարաժամկետ բլոկադայի զոհ դառնան»:
Անգամ եթե օրինագիծն ընդունվի և Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը դառնա 64, այն միևնույն է կմնա Եվրոպայի ամենացածր ցուցանիշներից մեկը (օրինակ՝ Գերմանիայում կենսաթոշակային տարիքը 67-ն է, Մեծ Բրիտանիայում՝ 66-ը, Իսպանիայում՝ 65-ը):
Մակրոնի մրցակիցները նախազգուշացնում էին, որ կորոնվիրուսային կարանտինից անմիջապես հետո նման օրինագիծը կարող է հասարակության կտրուկ արձագանքի բերել: Այնուամենայնիվ, հունվարին վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է օրինագիծը, որից հետո ձախ կուսակցությունները նախագծի մեջ ավելի քան 7 հազար փոփոխություններ են մտցրել, ինչը հետաձգել է քննարկումների գործընթացը խորհրդարանում:
Ֆրանսիայի ավելի քան 200 քաղաքներում հունվարի 19-ից բողոքի ցույցեր ու գործադուլներ են։ Միլիոնավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան դարձնելու դեմ պայքարի։