Home / Շուկա / Աջ վտանգը Ֆրանսիայում մերձեցրել է ձախերին ու մակրոնիստներին

Աջ վտանգը Ֆրանսիայում մերձեցրել է ձախերին ու մակրոնիստներին

Հուլիսի 2-ի երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի թեկնածուների վերջնական ցանկը։ Ձախ կուսակցությունների ալիանսի և գործող նախագահ Էմանուել Մակրոնի ցենտրիստական կոալիցիայի մի շարք պատգամավորներ հանել են իրենց թեկնածությունը, որպեսզի միավորեն ընտրությունների առաջին փուլում հաղթած «Ազգային միավորում» (ԱՄ) կուսակցության դեմ ձայները, և թույլ չտան, որ Մարին Լե Պենի գլխավորած ուլտրաաջ ուժը հաղթի նաև երկրորդ փուլում։

Հունիսի 30-ին կայացած ընտրություններում «Ազգային միավորումն» իր դաշնակիցների հետ հավաքել էր ընտրողների ձայների 33 տոկոսը։ Լայն ձախ ալիանսը երկրորդ տեղում էր, Մակրոնի ցենտրիստները` երրորդ։

577 տեղանոց Ազգային ժողովում Լե Պենի հաղթանակի շանսերն, այսպիսով, փոքրանում են, քանի որ հակառակորդները կիրառում են նախկինում արդեն բազմիցս փորձարկված մարտավարությունը։ Ընտրությունների առաջին փուլի արդյուքներով 76 պատգամավոր արդեն իրենց տեղն են զբաղեցրել գալիք խորհրդարանում։ 311 ընտրական շրջաններում երկրորդ փուլ անցել են 3-4 թեկնածուներ։ Այն տեղամասերում, որոնցում Լե Պենի հակառակորդներից մեկը հրաժարվում է թեկնածությունից, «Ազգային միավորման» հաղթանակի շանսերը կտրուկ փոքրանում են։ Այս պահի դրությամբ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի քան 210 շրջաններում։

Ձախական «Նոր ազգային ճակատ» կոալիցիան, որի կազմում են ձախ-ցենտրիստական, սոցիալ-դեմոկրատական և ձախ հակակապիտալիստական կուսակցությունների լայն շրջանակ, իր թեկնածուներին հրահանգել է առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած լինելու դեպքում հանել թեկնածությունը` հնարավորություն տալով երկրորդ տեղում գտնվող ցենտրիստին հաղթել առաջին տեղի ծայրահեղ աջ թեկնածուին։

Այսպիսով «Նոր ազգային ճակատը» փաստացի օգնում է գործող նախագահի կուսակցությանը։ Այս մարտավարությունը, օրինակ, հնարավորություն կտա նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնին և ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենին հաղթանակ տանել Նորմանդիայի շրջաններում և երկրի հյուսիսում։

Մակրոնի դաշնակից երրորդ տեղում գտնվող թեկնածուներն էլ իրենց հերթին ինքնաբացարկ են ներկայացնում ի օգուտ երկրորդ հորիզոնականում գտնվող ձախ թեկնածուների։ Օրինակ, ձախ արմատական Ֆրանսուա Րյուֆենն այսպիսով կարող է հաղթել «Ազգային միավորման» թեկնածուին Ամյեն շրջանում։

Լե Պենի ալիանսի 28-ամյա ղեկավար Ժորդան Բարդելլան, ով վարչապետ դառնալու մեծ ամբիցիաներ ունի, դատապարտել է այս համագործակցությունը, որակելով այն որպես «խայտառակ միավորում» կուսակցությունների միջև, որոնք մինչ այդ «պատրաստ էին միմյանց կոկորդ կտրել»։

Իրականում ի տարբերություն ձախ ալիանսի, Մակրոնի քաղաքական բլոկն իր առաջնորդների կողմից հստակ հրահանգներ չէր ստացել այսպիսի համագործակցության մասին։ Չնայած նախագահն ու վարչապետ Գաբրիել Աթալը հորդորել էին «չքվեարկել ԱՄ օգտին», իրենց ճամբարում շատերը վստահ են, որ «Նոր ազգային ճակատի» ծայրահեղ ձախերը նույնքան անցանկալի այլընտրանք են, որքան Լե Պենի ազգայնականները։

Ցենտրիստների բարձրաստիճան ներկայացուցիչներից ֆինանսների նախարար Բրյունե Լե Մերը և նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, օրինակ, հրաժարվել են իրենց ընտրողներին կոչ անել, որ ընտրեն ում ասես, միայն ոչ «Ազգային միավորմանը»։

Լե Պենի կուսակիցներն ու դաշնակիցները պնդում են, որ հակառակորդների այսպիսի մարտավարությունն իրենց չի անհանգստացնում։ Հայտարարում են, որ կիրակի օրվա քվեարկությունից հետո խորհրդարանական մեծամասնություն չձևավորելու դեպքում չեն էլ պատրաստվում կոալիցիա կազմել կառավարություն ձևավորելու համար։ Բացատրում են նրանով, որ իրենց չի հետաքրքրում խաբուսիկ իշխանության տեսարանը, եթե իրականում չեն կարող ընդունել օրենքները, որ իրենք են ցանկանում։

Երեկ, սակայն, Լե Պենը մի քիչ «մեղմացրել» է այս դիրքորոշումը, նշելով, որ եթե իրենց ալիանսն ունենա ցանկալի 289-ից աննշան ավելի քիչ տեղեր, ապա փոքրիկ համագործակցությունը այլ կուսակցությունների հետ կարող է խելամիտ լինել։ Ռադիահարցազրույցներից մեկի ժամանակ Լե Պենն ասել է, որ եթե իրենք հավաքեն մոտավորապես 270 ձայն, կսկսեն բանակցել հակառակորդ կոալիցիաների անհատ պատգամավորների հետ։ Նրա համոզմամբ, այդպիսի հնարավոր դաշնակիցներ կան ինչպես ձախերի, այնպես էլ ցենտրիստների շրջանում։ Համագործակցության համար դիտարկվում է նաև աջ-ցենտրիստական «Հանրապետական» կուսակցությունը, որն առաջին փուլում հավաքել էր ընտրողների ձայների շուրջ 10 տոկոսը։

Եթե ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով «Ազգային միավորումը» հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը, Էմանուել Մակրոնը ստիպված է լինելու Ժորդան Բարդելլային խնդրել կառավարություն հավաքել։ Ֆրանսիական հինգերորդ հանրապետության սահմանադրության համաձայն, իշխանությունն անցնելու է վարչապետի աշխատակազմին։ Այդ դեպքում Մակրոնը կփորձի պահպանել իր լիազորությունները արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերում։ Այս պրակտիկան, սակայն, սահմանադրությամբ պաշտոնապես ամրագրված չէ և ունի զուտ նախադեպային բնույթ։ Նման ձևով էր նախկինում կազմակերպվում հակառակորդ քաղաքական ուժերի «համակեցությունը» իշխանության անցման դեպքում։