Գալիք Ապստամբությունը
գլուխ 1
«I am what I am»։ Սա է մարկետինգի նոր առաջարկը աշխարհին, գովազդի զարգացման վերջին փուլը՝ տարբերվելու, ինքդ քո պես լինելու և Pepsi խմելու հորդորներից անդին։ Տասնամյակների կոնցեպտներ պահանջվեցին մաքուր տավտալոգիային հասնելու համար։ Ես = ես։ Տղան վազում է վազքուղու վրա մարզասրահում հայելու առաջ։ Աղջիկը վերադառնում է աշխատանքից իր Smart մեքենայի ղեկին։ Կհանդիպեն արդյո՞ք նրանք։
«Ես այն եմ, ինչ եմ», «Ես ես եմ»։ Իմ մարմինը ինձ է պատկանում։ Ես ես եմ, դու դու ես, և մի բան սխալ է։ Զանգվածային անձնականացում։ Բոլոր պայմանների անհատականացում՝ կյանքի, աշխատանքի և թշվառության։ Ցրված շիզոֆրենիա։ Մոլեգնող դեպրեսիա։ Պարանոյացված մասնիկների ատոմիզացիա։ Հպման հիստերիկացում։ Ինչքան շատ եմ ուզում լինել ես, այդքան շատ դատարկություն եմ զգում։ Ինչքան ավելի եմ ինքնաարտահայտվում, այնքան ավելի եմ քամվում։ Ինչքան շատ եմ ընկնում իմ հետևից, այնքան շատ եմ հոգնում։ Մենք կառչում ենք մեր անձից կարծես այն բաղձալի պաշտոն լինի։ Մենք դարձել ենք մեր իսկ ներկայացուցիչները, անձնականացման երաշխավորներն այս տարօրինակ առևտրի մեջ, որը վերջին հաշվով անդամահատման զգացողություն է թողնում։ Շատ թե քիչ քողարկված անփութությամբ մենք մեզ ապահովագրում ենք մինչև սնանկություն։
Այդ ամբողջ ընթացքում ես փորձում եմ կառավարել։ Փնտրտուքները` անձիս, բլոգիս, բնակարանիս, վերջին մոդայիկ հիմարության, հարաբերությունների դրամաների, ո՞վ է ում էշի տեղ դնում․․․ ինչ պրոտեզ էլ որ անհրաժեշտ լինի «ես»-ը պահելու համար։ Եթե «հասարակությունը» չվերածվեր բացարձակ աբստրակցիայի, ապա այն կտրամադրեր բոլոր էքզիստենցիալ կաստիլները, որոնք թույլ կտային ինձ շարունակել քարշ գալ, և կախվածությունների այն անսամբլը, որոնցով վարակվելը կլիներ իմ ինքնության գինը։ Հաշմանդամը վաղվա օրինակելի քաղաքացին է։ Առանց հեռատեսության չէ, որ նրանց շահագործող ասոցիացիներն այսօր պահանջում են, որ նրանք ապահովվեն «ապրուստի միջոցներով»։
Ամենուր «ինչ-որ մեկը» լինելու կարգադրությունը պահպանում է այն պաթոլոգիական վիճակը, որն անհրաժեշտ է դարձնում այս հասարակությունը։ Ուժեղ լինելու կարգադրությունը ստեղծում է հենց այն թուլությունները, որոնց շնորհիվ այն վերարտադրվում է՝ այնպես, որ ամեն ինչ կարծես թե թերապևտիկ բնույթ է ստանում, նույնիսկ աշխատելը, նույնիսկ սերը։ Բոլոր այդ «ի՞նչ կա, ո՞նց ես»-ները, որոնցով մենք փոխանակվում ենք, թողնում են այնպիսի մի հասարակության տպավորություն, որը կազմված է իրար ջերմությունը չափող բուժառուներից։ Շփումը բաղկացած է հազարավոր փոքրիկ խորշերից, հազարավոր փոքրիկ ապաստաններից, որտեղ կարող ես պատսպարվել։ Որտեղ միշտ էլ ավելի լավ է, քան դրսի սաստիկ ցրտին։ Որտեղ ամեն ինչ կեղծ է, քանի որ ընդամենը տաքանալու պատրվակ է։ Որտեղ ոչինչ չի կարող տեղի ունենալ, քանի որ բոլորս զբաղված ենք միասին լուռ դողացնելով։ Շուտով այս հասարակությանը միասին է պահելու միայն դեպի երևակայական բուժումը ձգտող սոցիալական ատոմների լարումը։ Սա էլեկտրակայան է, որի տուրբինները սնվում են չսրբած արցունքների՝ թափվելու եզրին գտնվող հսկայական ջրամբարից։
«Ես այն եմ, ինչ եմ»։ Իշխանությունը դեռ երբեք այսքան անմեղ հնչող կարգախոս չէր գտել։ Ես-ը մշտական քայքայման մեջ, քրոնիկ կոլապսի եզրին պահելը ներկա իրադրության ամենալավ թաքցված գաղտնիքն է։ Թույլ, ընկճված, ինքնաքննադատ, վիրտուալ ես-ը այն անվերջ հարմարվող սուբյեկտն է, որի կարիքն ունեն արտադրության չընդատվող ինովացիան, տեխնոլոգիաների արագացված հնեցումը, սոցիալական նորմերի անդադար վերափոխումները և ընդհանրացված ճկունությունը։ Նա միաժամանակ և՛ ամենաանկուշտ սպառողն է, և՛ պարադոքսալ կերպով ամենապրոդուկտիվ անձը՝ նա, ով մեծ եռանդով կնետվի նույնիսկ ամենափոքրիկ պրոյեկտի մեջ, որպեսզի վերջում վերադառնա իր թրթուրային վիճակին։
«Ո՞վ եմ ես» ուրեմն։ Մանկուց ես անցել եմ ամենատարբեր հոսանքներով՝ կաթի, հոտերի, բարուրների, պատմությունների, ձայների, էմոցիաների, նյութերի, ժեստերի, գաղափարների, տպավորությունների, հայացքների, երգերի և ուտելիքների։ Ո՞վ եմ ես։ Ամեն ձևով կապված տեղանքների, տառապանքների, նախնիների, ընկերների, սիրեկանների, դեպքերի, լեզուների, հիշողությունների, ամեն տիպի բաների հետ, որոնք ակնհայտորեն ես չեմ։ Ինձ աշխարհին կցող ամեն ինչ՝ բոլոր կապերը, որոնք սահմանում են ինձ, և ուժերը, որոնք իմ բաղադրությունն են, չեն կազմում ինքնություն՝ մի բան, որը կարելի է ցուցադրել անհրաժեշտության դեպքում։ Դրանք եզակի, կոլեկտիվ, ապրվող գոյություն են, որից երբեմն, որոշ տեղերում և ժամանակներում ծագում է նա, ով ասում է «ես»։ Անհամապատասխանության զգացումը զուտ հետևանքն է անձի հավերժության այս հիմար հավատի և այն չնչին հաշվենկատության, որն ունենք նրա նկատմամբ, ինչը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին կանք։
Reebok-ի «I am what I am»-ը, որը գահակալած է Շանհայի երկնաքերի գագաթին, գլխապտույտ է առաջացնում։ Արևմուտքն ամենուր գլորում է իր սիրելի Տրոյական ձին․ անձի և աշխարհի, անհատի և խմբի, կապվածության և ազատության ջղայնացնող անտինոմիաները։ Ազատությունը մեր կապվածությունները թոթափելու գործողությունը չէ, այլ դրանց հետ աշխատելու մեր գործնական կարողությունը, այդ տարածությունում շարժվելը, այն ձևավորելը կամ լուծարելը։ Ընտանիքը գոյություն ունի որպես ընտանիք, այսինքն՝ դժոխք նրանց համար, ովքեր այլևս չեն փորձում կամ չգիտեն, թե ինչպես փոխել դրա բթացնող մեխանիզմները։ Արմատներից պոկվելու ազատությունը միշտ էլ ցնորային ազատություն է եղել։ Մենք չենք կարող ազատվել մեր կապերից՝ առանց կորցնելու այն, ինչի վրա պետք է ծախսեինք մեր ուժերը։
«Ես ես եմ»-ը, հետևաբար, ուղղակի սուտ չէ՝ պարզունակ գովազդային հնարք, այլ ռազմական արշավ է, պատերազմի կոչ ընդդեմ այն ամենի, ինչ գոյություն ունի մարդկանց միջև, ինչ շրջանառվում է անորոշ և անտեսանելի կերպով կապում նրանց, ինչ կանխում է ամայացումը և ստիպում է մեզ լինել, թույլ չի տալիս, որ ամբողջ աշխարհը դիտվի և զգացվի որպես արագ մայրուղի, լունապարկ, նոր քաղաք․ մաքուր ձանձրույթ՝ անկիրք, բայց լավ կազմակերպված, դատարկ, սառեցված տարածություն, որտեղ ոչինչ չի շարժվում բացի գրանցված մարմիններից, մոլեկուլային ավտոմեքենաներից և կատարյալ ապրանքներից։
Ֆրանսիան չէր դառնա տագնապի դեմ հաբերի երկիր, հակադեպրեսանտների դրախտ, նեվրոզի Մեքքա, եթե միևնույն ժամանակ չլիներ արտադրողականության եվրոպական չեմպիոնը։ Հիվանդությունը, ուժասպառությունը, դեպրեսիան կարելի է դիտարկել որպես անհատական սիմպտոմներ՝ մի բանի, որը բուժման կարիք ունի։ Դրանք նպաստում են ներկա կարգուկանոնի պահպանմանը, իդիոտիկ նորմաներին հնազանդորեն հարմարվելուն, կաստիլների արդիականացմանը։ Նրանք հատկորոշում են նպաստավոր, հաճոյակամ և պրոդուկտիվ հակումների իմ ընտրանին և առանձնացնում այն հակումները, որոնցից պետք է զգուշորեն հրաժարվեմ։ «Գիտեք, երբեք ուշ չէ փոխվել»։ Բայց ձախողումները՝ ընդունված որպես փաստ, կարող են հանգեցնել նաև ես-ի հիպոթեզի ապամոնտաժմանը։ Եվ վերածվել դիմադրության ակտի այս պատերազմում, ապստամբության և ուժի՝ այն ամենի դեմ, ինչ դավադրում է նորմալիզացնել և ամպուտացնել մեզ։ Ես-ը մի ներքին բան չէ, որ գտնվում է ճգնաժամային դրության մեջ, այլ արտաքին կաղապար, որն ուզում են դրոշմել մեզ վրա։ Նրանք փորձում են մեր ես-ը դարձնել մի բան, որը խիստ սահմանված է, առանձին, որոշակի որակների միջոցով գնահատելի, կառավարելի, մինչդեռ մենք ընդամենը արարածներ ենք՝ շրջապատված այլ արարածներով, եզակիություններ նմանների մեջ, կենդանի կաշի, որը հյուսում է աշխարհի կաշին։ Հակառակ նրա, ինչ մեզ ասել են մանկությունից, լինել խելացի չի նշանակում իմանալ, ինչպես հարմարվել․ եթե դա նույնիսկ խելոքության դրսևորում է, ապա՝ ստրկական։ Չհարմարվողականությունն ու ուժասպառությունը պրոբլեմ են միայն մեզ ենթարկեցնելու դիտակետից։ Ավելի շուտ դրանք ելակետ են, հանդիպման կետ նոր մեղսակցությունների համար։ Դրանք բացահայտում են ավելի վնասված, բայց շատ ավելի կիսելի բնապատկեր, քան բոլոր երևակայական աշխարհները, որ այս հասարակությունը փայփայում է իր նպատակների համար։
Մենք ոչ թե ընկճված ենք, այլ գործադուլ ենք անում։ Նրանց համար, ովքեր հրաժարվում են կառավարել իրենք իրենց, «դեպրեսիան» ոչ թե վիճակ է, այլ անցում, հրաժեշտ, ծուռ քայլ դեպի քաղաքական անանդամակցություն։ Այդ պահից սկսած դեղամիջոցները և ոստիկանությունը խաղաղեցման միակ հնարավոր ձևերն են։ Ահա թե ինչու այսօրվա հասարակությունը չի վարանում գերակտիվ երեխաներին Ritalin նշանակել, նստեցնել մարդկանց դեղերի վրա, և հայտարարում է, թե կարող է «վարքագծային խանգարումներ» հայտնաբերել անգամ երեք տարեկան հասակում։ Որովհետև ես-ի հիպոթեզը ամենուր սկսում է ճաքեր տալ։
Անտեսանելի կոմիտե
ֆրանսերեն բնագիրը՝ L’insurrection qui vient – Comité invisible
թարգմանությունը՝ Գևորգ Մնացականյանի