Home / Մշակույթ / Մեզ պետք է սոցիալական, ոչ թե՝ բանտային պետություն

Մեզ պետք է սոցիալական, ոչ թե՝ բանտային պետություն

հավակնոտ գաղափարները դառնում են հնարավոր

Ճգնաժամները դոմինանտ գաղափարախոսությունները բեկելու հնարավորություն են ստեղծում: Կորոնավիրուսի ճգնաժամը դիտարկենք․ ընդամենը մեկ ամիս առաջ ոչ մի ավիաընկերություն չէր համաձայնում պակասեցնել թռիչքները՝ հանուն կլիմիայական ճգնաժամը մեղմելու։ Այսօր նրանք գրեթե ամբողջությամբ դադարել են թռնել։ Մինչև 2008 թվականը պահպանողական ֆինանսիստները չէին պատկերացնի, որ կենտրոնական բանկերը կարող են միջամտել ֆինանսական շուկային։ Բայց ճգնաժամից հետո ԱՄՆ Կենտրոնական բանկը մի քանի շաբաթում արժույթ թողարկեց աննախադեպ՝ ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով և այն ներարկեց սննկացող բանկերին (թեև դա ֆինանսական ճգնաժամից չփրկեց, քանի որ չզուգորդվեց օրենսդրական փոփոխություններով)։ Երկրորդ համաշխարհայինից հետո Գերմանիան և Ճապոնիան հայտնվեցին ճգնաժամում, արտաքին պարտքը գերազանցում էր ՀՆԱ-ի 200 տոկոսը։ Այս երկրները որոշեցին ոչ թե այդ պարտքը փակել, այլ խիստ պրոգրեսիվ հարկեր սահմանել և դրանց շահույթը ներդնել կրթական և այլ  ենթակառուցվածքների մեջ (սա աշխատեց):

Այս օրինակները բերելով՝ տնտեսության պատմաբան Թոմաս Պիկետին պնդում է․ «Ճգնաժամները անհնարը պատկերացնելու հնարավորություն են տալիս»։

1980-ականներից մինչ օրս ճնշող գաղափարախոսությունն այն է, որ խիստ կենտրոնացած հարստությունը վերաբախշել չի կարելի.այդ միտքը պանդորայի արկղն է, և եթե այն բացվի՝ անվերահսկելի ճգնաժամ կսկսվի։

Գաղափարախոսությունները և վերջին հազարամյակում դրանց փոփոխությունները Պիկետիի մարտին լույս տեսած «Կապիտալը և գաղափարախոսությունը» գրքի գլխավոր թեման են։ Այն հավելում է հեղինակի՝ 7 տարի առաջ լույս տեսած «Կապիտալը 21-րդ դարում» գրքին, որն, անվանը վայել, բեսթսելեր դարձավ և թարգմանվեց 40 լեզուներով։ Հարկային արխիվներից և դրանց ծավալուն վերլուծությամբ կազմված 500 էջանոց հատորում Պիկետին ապացուցում է պարզ բան․ վերջին երկու հարյուր տարում շահույթը կապիտալից գերազանցել է տնտեսության շահույթը, արդյունքում ստեղծվող ունեցվածքը կենտրոնանում է հարուստների ձեռքում, իսկ անհավասարությունը՝ խորանում է։

«Կապիտալը և գաղափարախոսությունը» անհավասարության մասին է․ ըստ Պիկետիի՝ անհավասարությունը կարիք ունի արդարացվելու, դրա համար հասարակարգերն օգտագործում են տարբեր գաղափարախոսություններ։

Այս առումով՝ ունեցել ենք երեք տիպի հասարակգ.

  1.  Եռաֆունկցիոնալ հասարակություն (եկեղեցի, ազնվականություն, գյուղացիությունուն), որտեղ անհավասարությունը արդարացվում էր այն հանգամանքով , որ ազնվականությունը պաշտպանում է գյուղացիությանը, իսկ եկեղեցին՝ կրթում։ 
  2. Ունեցվածքապաշտության հասարակություն (հետագայում՝ կապիտալիստական), սկսվում է ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ մասնավոր ունեցվածքի իրավունքը հասանելի է դառնում բոլոր ոչ ստրուկ տղամարդկանց։ Այն համարվում է և՛ ազատագրվելու գործիք և՛ սրբություն։ Քանի որ գոյություն ունեցող մասնավոր ունեցվածքի վերաբաշխման ձևը չի գտնվում, իսկ արիստոկրատիան վերակենդանանում է (оրինակ, 1825 թվականին Ֆրանսիան փոխհատուցում է հեղափոխության ժամանակ ունեցվածքը կորցրած, Հաիթիի անկախացումից հետո ստրուկներ կորցրած նախկին ազնվականներին), անհավասարությունը արդարացնում է մասնավոր ունեցվածքը։ Օրինակ՝ մինչև 20-րդ դարի սկիզբը Շվեդիայում ունեցվածքի չափով էր որոշվում, թե քաղաքացին քանի քվեաթերթիկով է մասնակցում ընտրություններին։ 
  3. Հիպերկապիտալիզմ.  այս վերջին գաղափարախոսությունը իր մեջ ներառում է ոչ միայն նորույթներ, այլ նաև արխաիզմներ, օրինակ՝ հայրիշխանություն։ Հիպերկապիտալիզմին ևս բնորոշ է նեո-ունեցվածքապաշտությունը և միջազգային կապիտալի ազատ, չգրանցվող, չհարկվող տեղաշարժը։ Այս համակարգի անհավասարությունը արդարացնելու կարևոր պատումն է մերիտոկրատիան․ հաղթում է նա, ով արժանի է։ Ըստ այս գաղափարի՝ եթե ամեն ինչ հասանելի է ամենքին, աղքատներն իրենց մեղքով է, որ աղքատ են։ Մերիտոկրատիայի հետևանքներից են խտրականության դրսևորումները, ինքնությունների քաղաքականությունը, պոպուլիզմը, ինչի պատճառով պատմության մեջ առաջին անգամ մարդիկ սկսել են իրենց դասակարգային շահերին հակառակ քվաեարկել։ 

Հենց այս վերջին համակարգից ու այն արդարացնող գաղափարախոսությունից էլ ազատվելու համար ճգնաժամը լավ ժամանակ է, եզրակացնում է Պիկետին։ Նա առաջարկում է միջազգային գործիքաշար՝ պրոգրեսիվ հարկեր ոչ միայն եկամտի, այլև ունեցվածքի հանդեպ, տնտեսության մասնակցային կառավարում` աշխատողների ձայնի նեռարմամբ, կենտրոնական բանկերի տիրույթի սահմանափակում և օրենսդիր մարմինների դերի մեծացում (այժմ, օրինակ, ԵՄ-ում հարկային փոփոխությունները որոշվում են կոնսենսուսով, ոչ թե՝ մեծամասնության ձայնով, արդյունքում Լյուքսեմբուրգը, օրինակ, օգտվում է վետոյի իրավունքից և դառնում օֆշոր), կապիտալի թափանցիկ գնահատում՝ հարկային մարմիններում, որպեսզի տեխնոլոգիական դարում հարուստների մասին տեղեկության միակ աղբյուրը Forbes ամսագրի պես հարթակները չլինեն։

Բայց ինչ անել բուն կորոնավիրուսային ճգնաժամի հետ 

Le Monde—ի իր սյունյակում Թոմաս Պիկետին գրում է․

«Համաճարակները անհավասար հետևանքներ են ունենում տարբեր երկրներում, ինչպես որ Իսպանական գրիպի ժամանակ էր, ամենաշատը մահացությունը եղավ Հնդկաստանում և Ինդոնեզիայում։ Մեզ պետք է անհանգստացնի այն, որ հիմա էլ աղքատ երկրներում առողջապահական համակարգերը չեն կարողանա հաղթահարել ճգնաժամը, հատկապես, որ այդ երկրները տարիներ շարունակ տառապել են վերջերս գերիշխող գաղափարախոսությամբ պարտադրված խստամբեր քաղաքականությունից։ Այդ երկրները խոցելի էկոհամակարգեր ունեն, և արտակարգ դրություն հայտարարելը արդյունավետ չի լինի։ Նվազագույն եկամուտի բացակայության պայմաններում աղքատները  ստիպված կլինեն կրկին դուրս գալ աշխատանքի, ինչը կնպաստի համաճարակի աճին: Հնդկաստանի օրինակով տեսնում ենք՝ կարանտինը ոչ այլ ինչ է, քան գյուղական և քաղաքային միգրանտների զանգվածային տեղահանում, ինչը վիրուսի տարածման էլ ավելի մեծ ռիսկ է պարունակում։ Մարդկային կորուստներից խուսափելու համար մեզ պետք է սոցիալական, ոչ թե՝ բանտային պետություն: Իսկ սոցիալական պետություն ստեղծելու համար պետք է ամբիցիոզ սոցիալական ծրագրեր, արդար հարկում և միջազգային ֆինանսական ռեգիստր, որպեսզի գերհարուստ միջազգային կորպորացիաները վերջապես ըստ պատշաճի հարկվեն։ Ավելորդ է ասել, որ նման միջոցներ ձեռնարկելը հեշտ չի լինելու։ Օրինակ՝ արդյոք Էմանուել Մակրոնը կամ Դոնալդ Թրամփը պատրաստ են կասեցնել հարկային նվերները, որ տվել են գերհարուստներին։ Պատասխանը կախված կլինի ոչ միայն նրանց կամքից, այլ նաև՝ քաղաքական ընդդիմության մոբիլիզիացիայից։ Մի բան հստակ է․ սկսվում են գաղափարական տարերայնություններ»: