Home / Մշակույթ / հարցականի տակ դրված չի․ պարզաջրի՛ր, լվա՛, կրկնի՛ր

հարցականի տակ դրված չի․ պարզաջրի՛ր, լվա՛, կրկնի՛ր

մարտ 30, 2020

գլոբալ ցուցադրական տեսահանդեսի համակարգը, որի պրոցեսում ենք գտնվում հիմա, զանգվածային մեդիայի և սոցիալական ցանցերի նույնատիպ ինֆորմացիայի հոսքի միջոցով նպատակ ունի մարդկանց ինտեգրելու այդ պրոցեսների մեջ՝ կատարելագործելով ներկա կյանքի պայմանների հսկումը։  դրա առաջնային խնդիրը մարդկանց ճանաչողությունը շրջակա միջավայրի և միմյանց նկատմամբ կանգնեցնելն է։ գործի դնելով մի շարք հսկողական գործիքներ՝ կարգից դուրս իրականություն սահմանելու և արտադրելու համար, հսկիչ համակարգը մատնում է հասարակության անդամների նկատմամբ իր վստահության բացակայությունը։ վիրուսի վերահսկելի լինելու պատրանքի ներքո իրականում վերահսկվում է կյանքը։ առօրեական սպառողականության ավարտի եզրին մարդիկ մասնակցում են մահը կյանքից տարանջատելու կեղծիքին ՝ հնարավոր դարձնելով հսկողականության գործիքների էլ ավելի խորանալը և ձուլվելը կենսական անհրաժեշտությունների մեջ։ ստեղծված իրավիճակում հսկող համակարգը ինքն է որոշում կենսական անհրաժեշտությունները։ այն կենսական անհրաժեշտություն է հայտարարում կյանքին վտանգ հասցնող հանքարդյունաբերության, զենքի և զինամթերքի արտադրության, վիրտուալ բուքմեյքերական ընկերությունների անարգել գործունեությունը, որը փաստացիորեն ապահովում է մրցակցայինությունը խաղադրույքային էկոնոմիկայի մեջ։ հսկող համակարգը կյնաքը և կենսական անհրաժեշտությունը սահմանում է բացառապես խաղադրույքային էկոնոմիկայի շուրջ, որից դուրս կյանքն արգելված է։

համընդհանուր մեկուսացման կազմակերպումը «սոցիալական հեռավորութուն» հայտարարելով՝  ամբողջ հասարակության անդամներին շարունակական ճնշման մեջ է պահում՝  իրագործելով մի տեխնիկա, որն իսպառ վերացնում է Հանդիպումն ընդմիշտ կորսված ազատության պայմաններում։ Հանդիպման տարածքը, որտեղ տեղի է ունենում շփումը, աֆֆեկտը, հոգատարությունը, սերը, սոցիալական սենտիմենտը և որտեղ իրացվում է պոտենցիան, վերածվում է գործարքային տարածքի՝ Հանդիպումը վերափոխելով հսկվող կազմակերպման, բիզնես պլանովորման, հեռավար բանտարկության։ այս գործարքային տարածքում հայտնվում է միջնորդը։ առանց միջնորդի շփումն այլևս հնարավոր չէ։ միջնորդը հարթ, սահուն մակերեսով, հիգիենիկ, անմարմին սարք է` անմիջապես օգտագործման համար, որի նպատակն է կյանքից զատել և հանել խնդրայինը, բարդույթները, բախումները, բացասականը, հուզականությունը, ծալքերը, կնճիռները․ սա է քաղաքակիրթ իրականությունը։ քաղաքակրթության աստիճանը որոշում է մեկուսացման կազմակերպման մրցակցայինությունը։ միջնորդ սարքերը (menstrual cycle tracker, nutritional risk index, heartbeat and pulse checker, insulin protocol calculator․․․ ինչպես նաև նոր հավելված AC19.am կորոնավիրուսի տեստավորման համար) արտադրվում են մեկուսացման կազմակերպման պայմաններում, որոնց հարթ և սահուն կիրառումը նորմալիզացնում է վերահսկումը։

 

մոտիկ արի

արի ու տես քո աչքերով, որ օտարը իրականում հայելին է, ու դու երկու կողմից էլ դու ես։ ինչ մոտիկ էինք, երբ սիրում էինք, ինչ հեռու ենք, երբ այլևս չենք հավատում։ ես կկանգնեմ քո գերեզմանի մոտ մինչև հողի հետ մեկ դառնաս։

ընկե՛ր, իրավիճակը ավելի վատ է , քան կարելի է պատկերացնելի։  մենք ապրում ենք հաստատված մեկուսացման մեջ շրջափակված։ չգիտեմ ինչ ասել․․․

ես կհանեմ մարմնիս շերտը, որը սնվում էր քո վախից։

կա մի բան, որ պետք է քանդել, կա մի բան, որի համար պետք է հոգ տանել։
մահը կգա ու կպահի սահմանը –

մենք պիտի ենթարկվենք ձգողականությանը, որը մեզ մոտիկ է բերում, մենք պիտի անցնենք իրար միջով, որպեսզի վերադարձնենք օդը մաշկին։

այնքան ներկայություն կա հույզերի մեջ։ կարող ես տեսնել ամենօրյա կյանքը։ կենսական անհրաժեշտությունը սոցիալական տարածքի մեջ է։

արի մոտիկ

անհրաժեշտության երևակայությունը մղում է։ ամենակարևոր գործերը կատարելու ժամանակն է։

մի բան էլ 
մեր «անձնական» նշանակությունը պիտի լինի առավել ուժեղ, քան երբևէ,

մենք ծնվել ենք և ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ հանցագործ վուլգար հաստատությունները դրդում են մարդուն ինքնաոչնչացման։

մենք պետք է ինքնասպա՞ն լինենք

ինչ-որ բան փոխելու համար երկար ճանապարհ պիտի քայլենք և այդ ժամանակ զզվելի հաստատությունը ինքն իրենով ինքնասպան կլինի։

սիրելի՛ ընկեր, հետևիր քո ինտուիցիային, որը երբևիցե չես ունեցել

շատ բաներ կան, որ պետք է քանդվեն դեռ

գրված է յախկի կողմից