Անգլիական Գարդիան օրաթերթի Իսպանիայի թղթակից Աշիֆա Քասամը հաղորդում է մարտի 16-ի դրությամբ Իսպանիայում ընդունված որոշումների մասին։
Աշխարհում կորոնավիրուսի տարածման ամենաարագ տեմպն ունեցող Իսպանիայում առողջապահական համակարգը ծայրը ծայրին արդեն չի հասցնում։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է արմատական միջոցառումների մասին, որոնք թույլ կտան ժամանակավորապես կառավարության ձեռքի տակ վերցնել մասնավոր բուժծառայություն մատուցողներին և աղետին դիմագրավելու համար անհրաժեշտ պարագաներ արտադրողներին, ինչպիսիք, օրինակ, դիմակներ ու վիրուսի անալիզի սարքեր արտադրողներն են։
Առողջապահության նախարար Սալվադոր Իյան հայտարարել է, որ մասնավոր առողջապահական հաստատություններն այժմ գտնվում են պետական առողջապահական համակարգի հայեցողության տակ, նրանք պետք է ենթարկվեն առողջապահության նախարարության հրամաններին։ «Ցանկացած ընկերություն, որն ունի պաշտպանիչ հագուստ, որը կարող է երկրին օգնել վիրուսի դեմ պայքարել, կամ ցանկացած ընկերություն, որն ունի նման նյութեր (դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ, չպատենտավորված դեղեր, ռեսպիտրատոր սարքեր) արտադրելու կարողություն, 48 ժամ ունի կառավարությանը զեկուցելու համար, հակառակ դեպքում դրանք կտուգանվեն», – ասել է նախարարը։ Նա նաև հավելել է, որ բոլոր հանրային ու մասնավոր տարածքները պետք է ապահովեն պացիենտներ ընդունող վայրերի վերածվելու հնարավորությունը։
Հրաման է տրվել նաև բժշկական համալսարանների՝ նեղ մասնագիտացման վկայագրեր դեռևս չստացած վերջին կուրսերի ուսանողներին թույլ տալ ներգրավվել բուժծառայությունների տրամադրման գործընթացում։ Սա կօգնի դիմակայել առողջապահական համակարգի ծայրահեղ ծանրաբեռնվածությանը։
Հրաման է տրվել բոլոր բուժհաստատություններին պարտադիր կերպով վիճակագրական տվյալներ տրամադրել կենտրոնական վարչակազմին։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կիրակի գիշերը հայտարարել է արտակարգ դրություն 15 օրով, ինչը նշանակում է 47 միլիոն բնակչությամբ երկրի համար տեղաշարժման գրեթե ամբողջական սահմանափակում։ Կփակվեն բոլոր ոչ պարենային խանութները, ռեստորանները, մշակույթի և ժամանցի վայրերը։
Ոստիկանությունը կհետևի, որ խաղահրապարակները նույնպես փակ մնան, մինչ ռազմական հաստատություններից ջոկատները կստանձնեն հակաբակտերիալ ախտահանման միջոցառումներ հանրային վայրերում։
Միայն 3 շաբաթում Իսպանիայում հաստատված վարակակիրների թիվը հասել է 8000-ի, շուրջ 300ը մահացել են, ինտենսիվ բուժում է ստանում 400ը, 500ից ավելի մարդիկ արդեն բուժվել են։
Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ ռազմական շարժական հիվանդանոցներ կտեղակայվեն ողջ երկրում և կհանձնվեն կենտրոնական առողջապահական իշխանություններին։ Զինուժը կօգնի նաև հիգիենայի պարագաներ, դեղեր ու սնունդ բաժանել անտուն մարդկանց, իսկ սոցիալական ծառայություններ մատուցող ճաշարանները կշարունակեն սնունդ տրամադրել օգտվողներին՝ առանց բացելու ճաշարանի տարածքները։