Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցությունը կազմել է «կոմունիզմի ուսուցման վճռորոշ ակտ»՝ օրինագիծ, որով առաջարկվում է կոմունիզմի ուսուցումը ներառել դպրոցական ծրագրում։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում նախագիծը ունի 60 աջակից։
Օրենքի անհրաժեշտությունը հեղինակները հիմնավորում են հարցմամբ, որի արդյունքները ցույց են տվել՝ Z սերնդի (9-ից 24 տարեկան մարդկանց) մոտ 1/3 դրական է վերաբերվում կոմունիզմին, իսկ Z-ին նախորդող՝ միլենիալների սերնդի 40%-ը գրեթե չգիտի մարքսիզմի մասին։
Թվերը անհանգստացրել են հանրապետականներին։ Նրանք վստահ են, որ հարկավոր է վերանայել կրթական մոտեցումները և պատմել «Սովետական գուլագների մասին, որտեղ Ստալինը սովասպանդի է ենթարկել 3.5 մլն ուկրաինացիների»։
«Կոմունիզմը միայն մի հավասարություն է առաջարկում՝ լինել հավասարապես աղքատ, սոված, ճնշված և արտաքսված։ Կոմունիզմը իրականում քաղցկեղ է», – մամուլի ասուլիսին ասել է պատգամավոր Մարիա Սալազարը։
Մյուս պատգամավորները հավելել են՝ կա նաև Մաոյի Մշակութային հեղափոխությունը, որի հետևանքով տասնյակ միլիոն մարդիկ են մահացել։ Խոսվել է նաև ժամանակակից Չինաստանի մասին՝ ույղուրների ցեղասպանություն և այլն։ «Ուսանողները պետք է իմենան, որ իրենց ընկերը, որը հագել է Չէ Գևարայի պատկերով T-shirt, մոդայիկ չէ»։
Ամերիկացի օրենսդիրները եզրակացրել են՝ այս բոլոր դեպքերը պետք է անպայման ներառվեն կրթական ծրագրում․ «Կոմունիզմը պետք է մնա պատմության աղբակույտում»։
Ամեն մարզ և տարածաշրջան ինքն է որոշում կրթական ծրագրերի բովանդակությունը։ Դաշնային կառավարությունը տրամադրում է հասարակական կրթության վրա ծախսվող գումարի միայն 7%-ը։ Կոնգրեսի որոշումների ազդեցությունն այս առումով սահմանափակ է։