Home / Մշակույթ / Հեղափոխության ժառանգության ոչնչացումը որպես ռուսական ներխուժման գաղափարախոսություն

Հեղափոխության ժառանգության ոչնչացումը որպես ռուսական ներխուժման գաղափարախոսություն

Անդրեյ Մովչան

1991 թվական։ Լենինգրադ։ Քաղաքապետի տեղակալի աշխատասենյակ։ Քաղաքային հեռուստաալիքի թղթակիցը հարցազրույց է վերցնում Անատոլի Սոբչակի թիմակից երիտասարդ մի պաշտոնյայից։ Կադրում սպիտակ վերնաշապիկով, մանկական դիմագծերով, անմորուս մի մարդ է։ Ետին պլանում շերտավարագույրներ են, հեռուստացույց, սեղանի լամպ, հեռախոս, բացված թղթապանակներ։ Սովետական գրասենյակի տիպային միջավայր։ Բայց ինչ-որ բան պակասում է։ Լրագրողի ձայնը հաղորդում է՝ երեկ այս նույն աշխատասենյակում նա տեսել է Լենինի կիսանդրին, որն այսօր արդեն անհետացել է։ Ի՞նչ է պատահել։

«Դժվարանում եմ ասել, թե ինչ է պատահել։ Հավանաբար, դա արել է իմ օգնականներից մեկը, – պատասխանում է պաշտոնյան․ – Եթե ձեզ հետաքրքրում է իմ վերաբերմունքն այդ մարդուն, ուսմունքին, որը նա իբր թե ներկայացնում էր, կարող եմ ասել […] որ այդ ամենը ավելին չէր, քան գեղեցիկ և վտանգավոր մի հեքիաթ։ Վտանգավոր, որովհետև դրա իրագործումը կամ կյանքի կոչելու փորձը հսկայական վնաս է հասցրել մեր երկրին։ Այդ կապակցությամբ կուզեի խոսել այն ողբերգության մասին, որը մենք ապրում ենք արդեն այսօր։ Մեր պետության փլուզման ողբերգության մասին։ Այլ կերպ, քան ողբերգություն, սա չես անվանի։ Կարծում եմ՝ հենց 17 թվի Հոկտեմբերի գործիչներն են դանդաղ գործածության ական դրել ունիտար պետության շենքի տակ, որ կոչվում էր Ռուսաստան։ Ի՞նչ են նրանք արել։ Նրանք տրոհել են մեր հայրենիքը առանձին իշխանապետությունների, որոնք մինչ այդ երկիր մոլորակի քարտեզում առհասարակ չեն հիշատակվել, և օժտել են այդ իշխանապետությունները կառավարություններով և խորհրդարաններով։ Այժմ ունենք այն, ինչ ունենք […] Մեծապես դա հենց այդ մարդկանց մեղքն էր՝ ուզեին, թե չուզեին»։

Պետերբուրգյան քաղաքապետարանի երիտասարդ պաշտոնյան, որ ջախջախիչ քննադատությամբ հարձակվել էր հեղափոխության ժառանգության և անձամբ Լենինի վրա, 39-ամյա Վլադիմիր Պուտինն էր։ Ավելի ուշ՝ արդեն Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատասենյակը զբաղեցնելուց հետո, նա իր հարցազրույցներում և ելույթներում բազմաթիվ անգամներ կկրկնի հետևյալ միտքը՝ Խորհրդային Միության փլուզումը «ХХ-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն էր», և այդ աղետի համար մեղավոր են արկածախնդիր հեղափոխականները, որոնք երազում էին իրագործել իրենց ուտոպիական նախագծերը ցանկացած, ավելի ստույգ՝ նախկին ռուսական պետականության ապամոնտաժման գնով։

Այս նույն հայեցակարգը Պուտինը վերարտադրում է նաև 2022 թվականի փետրվարի 21-ի իր ծրագրային ելույթում, որում հչռակվում են երեք օր անց մեկնարկած ուկրաինական պատերազմի գաղափարաբանական հիմքերը։

«Սկսեմ նրանից, որ ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանի կողմից։ Այդ գործընթացը սկսվել է 1917 թվականի հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո, ընդ որում՝ Լենինը և նրա համախոհները դա արել են Ռուսաստանի հանդեպ շատ կոպիտ ձևով՝ նրանից իր պատմական տարածքների մի մասի անջատման հաշվին»։

aeb599ce4f7698fed8acdd21b128bbab
«Բոլշևիկները Ռուսաստանը զոհաբերում են Ինտերնացիոնալին», սպիտակգվարդիական ծաղրանկար, 1918-1919

Ինչո՞ւ է պատմական այս էքսկուրսի համար մեկնակետ ընտրվել հենց 1917 թվականը, այլ ո՛չ խորը անցյալը կամ, հակառակը, մեր ժամանակներին ավելի մոտ իրադարձությունները։ Հեղափոխությունը շրջադարձային պահ էր․ Պուտինի կարծիքով՝ այն կանխորոշել է մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է Ռուսաստանը։ Իրեն էլ ոնց որ թե բախտ է վիճակվել դրանք հանգուցալուծել։

Բայց ի՞նչ է արել հեղափոխությունը։ Պուտինը մանրամասնում է։ Հեղափոխությունը ոտնձգություն է կատարել անսասան հազարամյա կարգի՝ «միասնական և անբաժանելի» Ռուսական կայսրության նկատմամբ։ Մեկ ակնթարթում այն վերացրել է միապետության բազմադարյան տարածքային նվաճումները՝ ճնշված ժողովուրդներին օժտելով ինքնորոշման իրավունքով։ Սա՛ է նրա ամենահիմնական «մեղքը»։

«․․․լենինյան գաղափարները՝ համադաշնային պետական կարգը և ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև անջատում, դրվեցին խորհրդային պետականության հիմքում, – ասում է Վլադիմիր Պուտինը․ – ․․․Այստեղ միաժամանակ բազում հարցեր են ծագում, դրանցից առաջինը և ամենակարևորը՝ ինչո՞ւ էր պետք աղայավարի բավարարել նախկին կայսրության ծայրամասերի անվերջ աճող ազգայնական ամբիցիաները։ […] սա քիչ է՝ մի հատ էլ այդ հանրապետությունները օժտել միասնական պետության կազմից առանց որևէ պայմանի դուրս գալու իրավունքով»։

Պուտինը, կարծես, չի հասկանում կամ ձևացնում է, իբրև թե չի հասկանում, որ Ռուսական կայսրության ճնշված «ազգային ծայրամասերի» հարցը ХХ-րդ դարի սկզբի բոլոր երեք հեղափոխությունների շարժիչ գործոններից մեկն էր։ Ցարական, կայսերական Ռուսաստանի կարգերը սպառել էին իրենց, հասունացող փոփոխությունները չէին կարող շրջանցել ազգային հարցը, որը նույնպես լուծում էր պահանջում։ 1917 թվականի դրությամբ կուտակված հակասությունները այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ արդեն չէր էլ քննարկվում՝ ինչու և ինչպես պահպանել «միասնականն ու անբաժանելին», հարցը բոլորովին այլ էր՝ կայսրությունը տրոհվելու է մի շարք ազգային պետությունների՞, թե՞ կգտնվեն համակեցության սկբունքորեն նոր, ավելի իրավահասար պայմաններ։

7cf1d74c0647ddebf1bf7227e7cddefb«Կորչի՛ արծիվը»,  Իվան Վլադիմիրով, 1917

Այն ժամանակվա հեղափոխականները անկեղծորեն հավատում էին, որ հնարավոր է ստեղծել նոր աշխարհ՝ առանց կեղեքման, այդ թվում նաև կայսերեկան կեղեքման, իրենց պայքարով նրանք փորձում էին մոտեցնել այդ աշխարհի գալուստը։ Նախկին կայսրության ժողովուրդների սուբյեկտայնության ճանաչումը Պուտինը գնահատում է որպես հազարամյա նվաճողական պատերազմների հետևանքով գրավված տարածքների վատնում։ Մինչդեռ հեղափոխականների համար դա բոլորովին այլ՝ հակադիր մի բան էր, որ հանգուցալուծում էր հիշատակված նվաճումներից ծնված և արդեն հասունացած հակասությունները։ Ժողովուրդների ազատագրումը կայսերական լծից նաև նոր, անցյալի մնացուկներից ազատ հասարակության մասին նրանց գաղափարների և համոզմունքների մարմնավորումն էր։

«․․․պետականաշինության լենինյան պրինցիպները պարզապես սխալ չէին, դա, ինչպես ասվում է, ավելին էր քան սխալը։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո սա բացարձակ ակնառու դարձավ, – ասում է Պուտինը․ – ․․․բոլշևիկյան քաղաքականության հետևանքով առաջացավ խորհրդային Ուկրաինան, որն այսօր էլ հիմնավոր կերպով կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա»։ Նա՛ էր [այս պետության] հեղինակը և ճարտարապետը»։

Բնականաբար, ոչ մի Ուկրաինա էլ Լենինը չի ստեղծել։ Ուկրաինան, նրա քաղաքական շարժումները և ժողովրդական զանգվածները այն ժամանակ արդեն իսկ իրական գործոն էին ոչ միայն ռուսական, այլև միջազգային քաղաքականության մեջ։ Ճանաչելով Ուկրաինայի սուբյեկտայնությունն ու նրա ինքնորոշման իրավունքը՝ Լենինը ճանաչեց իրերի փաստացի դրությունը, որի հետ այլևս հնարավոր չէր հաշվի չնստել։ Եվ Պուտինը բոլշևիկների առաջնորդին սա ներել չի կարողանում։

Առանց Ուկրաինայի սուբյեկտայնությունը ճանաչելու, առանց ինքնորոշման իրավունքի հազիվ թե հնարավոր լիներ նախկին կայսրության տարածքները վերահավաքել մեկ միասնական պետական միավորի մեջ։ Լենինի համար սա ակնհայտ էր։ Ցուցանշական է, որ նոր պետության նրա նախագծի մեջ նույնիսկ «Ռուսաստան» բառը չկար․ նոր միավորումը անվանեցին հանրապետությունների միություն, որում ռուսական հանրապետությանը փաստացի տրվում էր նույն կարգավիճակը, ինչ միության մյուս անդամներին։ Ոչինչ չպետք է հիշեցներ կայսերական անցյալի մասին։

Եթե Ուկրաինային ազգային լայն իրավունքներ չտրվեին, նրան հնարավոր կլիներ պահել «Մեծ Ռուսաստանի» (որի մասին հետահայաց երազում է Պուտինը) սահմաններում բացառապես բիրտ ուժով։ Եվ արդյո՞ք առհասարակ հնարավոր կլիներ։

a75e02bd7d652681b06da2a163710bb4
«Ցարական Ռուսաստան՝ բանտ ժողովուրդների համար։ Ցարական իմպերիալիզմի նվաճողական նկրտումները» քարտեզը ստեղծվել է Իզոստատ ինտիտուտի՝ «Դիագրամների, քարտեզների, քարտոգրամների և ուրվագծերի ալբոմ՝ նախատեսված իմպերիալիզմի լենինյան տեսությունը ուսանելու համար» նյութերի հիման վրա, Իզոգիզ, 1936

Հատկանշական է նաև, որ փետրվարի 21-ի իր ելույթում Պուտինն ագրեսիվ կերպով հարձակվում է հենց վաղ խորհրդային տարիների վրա, երբ հեղափոխական գաղափարները դեռ թարմ էին, իսկ մարդիկ լի էնտուզիազմով, քաղաքականության մեջ, ինչպես երբև մինչ այդ կամ դրանից հետո, առաջնորդվում էին սկզբունքներով և իդեալներով, ոչ թե հաշվենկատ ցինիզմով։ Նահանջը հեղափոխությամբ հռչակված սկզբունքներից՝ ստալինյան ժամանակները, Պուտինը ողջունում է որպես վերադարձ որոշակի «բնական կարգի»։

«․․․ կյանքը անմիջապես ցույց տվեց, որ առաջարկված անկերպարանք, փաստացի համադաշնային սկբունքների հիման վրա հնարավոր չէ ո՛չ պահպանել այդ հսկայական և բարդ տարածքը, ո՛չ էլ կառավարել այն։ […] [Հետագա իրադարձությունները] սովորական դեկլարացիայի, ձևականության վերածեցին պետական կարգի հռչակված, բայց չաշխատող սկզբունքները։ Իրականության մեջ խորհրդային հանրապետությունները սուվերեն իրավունքներ այդպես էլ չունեցան, նման բան ուղղակի չկար։ Գործնականում ստեղծվեց խիստ կենտրոնացված, բնույթով բացարձակապես ունիտար պետություն»։

Ազգերի իրավահավասարության հեղափոխական գաղափարներից ստալինյան նահանջը Պուտինը դիտարկում է որպես վերադարձ հին ու բարի «միասնական և անբաժանելի» Ռուսաստանին․ նրան դա իրապես դուր է գալիս։ Բայց ամբողջական վերադարձն այլևս անհնարին էր։ Լենինը «հեղափոխական արատը» դրել էր նոր պետականության ամենահիմքում։

«Ափսոս, ամեն դեպքում՝ շատ ափսոս, որ բազային, ֆորմալ իրավական հիմքերից, որոնց վրա կառուցվել էր մեր ողջ պետականությունը, ժամանակին չմաքրվեցին օդիոզ, ուտոպիական, հեղափոխությունից ազդված, բայց ցանկացած նորմալ պետության համար բացարձակապես կործանարար ֆանտազիաները»։

613ca488d10300f48845b5236e2bce4f
Ազգային հարցի շուրջ Վլադիմիր Լենինի հոդվածների հավաքածու, Պոլիտիզդատ, 1969

Դժվար է հասկանալ՝ ինչն է Պուտինը անվանում «ցանկացած նորմալ պետություն»։ Եթե այդպիսին են գաղութային կայսրությունները, որոնք հիմնվում են արյունալի նվաճումների և ժողովուրդների հպատակեցման վրա, հազիվ թե նման պետությունները կարելի է նորմալ և նույնիսկ կենսունակ անվանել տվյալ պահի պատմական պայմաններում։  

Առաջին համաշխարհային պատերազմը չորս խոշոր կայսրությունների վերջը տվեց՝ Օսմանյան, Ավստրո-Հունգարական, Գերմանական և Ռուսական։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո անէության մեջ մնացին բոլոր մյուսները՝ Բրիտանականը, Ֆրանսիականը, Պորտուգալականը, Բելգիականը, Նիդերլանդականը և Ճապոնականը։ Պարզ է՝ իմպերիալիզմը լենինյան ընկալմամբ չանհետացավ, դրա գաղութային-կայսերական տեսակը փոխարինվեց ազդեցության և վերահսկողության ավելի հնարամիտ, արտատարածքային ֆորմաներով։

Միակ պետություն-հսկան, որ ժառանգել էր նախկին կայսրության գրեթե բոլոր տարածքային նվաճումները, Խորհրդային Միությունն էր՝ մայրցամաքի իր հանրահայտ ⅙-րդ մասով։ Բայց վերամիավորվել, պահպանել պետության միասնականությունը ևս 70 երկար տարիներով նրան հաջողվել էր բնավ ո՛չ կայսերական հայեցակարգի, այլ հակառակը՝ դրանից հրաժարվելու շնորհիվ։

Խորհրդային հանրապետությունների միության գաղափարը ենթադրում էր, որ տարբեր ժողովուրդների աշխատավոր մասսաները հոժարակամ միավորվում են համատեղ նպատակներին միասին հասնելու, առանց շահագործման և կեղեքման նոր հասարակություն կառուցելու համար։ Ընդ որում՝ Լենինի ստեղծած մոդելը ենթադրում էր, որ այդ միությունը կարող է ընդլայնվել։ Նրա մտահղացման համաձայն՝ դրան պետք է միանային նոր ու նոր հանրապետություններ՝ երկրներ, որոնցում հաղթում է հեղափոխությունը։ Եվ պարտադիր չէր, որ պատմական Ռուսաստանը մնար միության կիզակետը։ Ընդլայնված միության կենտրոն կարող էր լինել, օրինակ, Գերմանիան, եթե պրոլետարական հեղափոխությունն այնտեղ հաղթեր։ Այս նախագծի վերջնարդյունքը Լենինը տեսնում էր ամբողջ աշխարհի մասշտաբով՝ որպես հանրապետությունների արդեն համաշխարհային միություն։

85336e23a5ebc09a8d4efc8d413cf5a0
Ռուսաստան — ԽՍՀՄ — Համաշխարհային ԽՍՀՄ, հավաքածու, հեղինակներ՝ կարմիր դրոշակակիրներ և արտասահմանյան բանվորներ, Պրոֆիզդատ, 1932

Ավելին՝ բոլշևիկների պլանների մեջ ի սկզբանե չէր էլ մտնում 1922-ի ձևաչափով ԽՍՀՄ ստեղծումը։ Այն երևան եկավ նախնական ակնկալիքների՝ միջազգային հեղափոխության ձախողման հետևանքով։ Պրոլետարական հեղափոխությունը Եվրոպայում պարտվեց և պարփակվեց նախկին Ռուսական կայսրության տարածքում։ Սա ХХ-րդ դարի սոցիալիստական նախագծի գլխավոր ողբերգությունն էր, քանի որ նախկին կայսրության տարածքների հետ միասին ԽՍՀՄ-ը ժառանգեց բազում դժվարլուծելի հակասություններ և արատներ, որոնք ներհատուկ էին այս հողերը շրջանակած նախորդ նախագծին։

Սոցիալիստական պրոյեկտի պարփակումը նախկին Ռուսական կայսրության սահմաններում օրինաչափորեն, թեև ոչ անխուսափելիորեն, հանգեցրեց նրան, որ և՛ ներսում, և՛ դրսում ԽՍՀՄ-ը սկսեց ինչ-որ իմաստով ընկալվել որպես ռուսական պետականության իրավաժառանգ։ Ազգային հակասությունների ռեցեդիվը սրա հետևանքն էր․ կենտրոնական իշխանության կողմից ազգային մշակույթների և հանրապետությունների ինքնուրույնության ամրապնդումը կամաց-կամաց սկսում էր ընկալվել որպես սպառնալիք նախագծի միասնականությանը, իսկ ռուսական մշակույթը և պետական ժառանգորդությունը՝ որպես ցեմենտայնացնող հիմք։

Այս միտումների վերածնունդը հնարավոր կլինե՞ր արդյոք, եթե սոցիալիստական պետության ուրվապատկերը այլ տեսք ունենար և այդքան չնմանվեր նախկին կայսերական Ռուսաստանին։ Հավանաբար, դա բոլորովին այլ պատմություն կլիներ։ Բայց ԽՍՀՄ-ի դեպքում ստացվեց այնպես, որ մի քանի սերունդներ՝ թե՛ երկրի ներսում և թե՛ արտասահմանում, մեծացան համոզմունքի մեջ, որ «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն» և «Ռուսաստան» բառերը գրեթե հոմանիշային են։ Պուտինն այդ մարդկանցից մեկն է։

«Խորհրդային Միության փլուզումն ի՞նչ էր։ Դա Խորհրդային Միություն անվանումը կրող պատմական Ռուսաստանի փլուզումն էր», – 2021 թվականի դեկտեմբերին «Ռուսաստան․ Նորագույն պատմություն» վավերագրական ֆիլմում ասում էր Վլադիմիր Պուտինը։

Երևի միակ պոզիտիվը, որ Պուտինը տեսնում է խորհրդային նախագծում, դա հենց սա է՝ այն պարփակվեց նախկին Ռուսական կայսրության սահմաններում և ժամանակի ընթացքում, նահանջելով սկզբնական շրջանի «ուտոպիական» սկզբունքներից, ստացավ դրա հատկանիշների մի մասը՝ դառնալով Ռուսական պետականության ժառանգորդը։ Այլ կերպ ասած՝ նա գովերգում է ԽՍՀՄ ամենառեակցիոն հատկանիշները, որոնք Սովետական Միությունը ստացավ իր կազմավորման բարդագույն ընթացքում։ Եվ քննադատում է այն գաղափարները, որոնց վրա Միությունը հիմնվում էր՝ ժողովուրդների հավասարություն և եղբայրություն, իրական ինտերնացիոնալիզմ, ատելություն ինքնակալության և մեծապետականության, թալանի և նվաճողականության նկատմամբ, իսկական ժողովրդավարության ոգի, որը քաղաքականություն էր բերում բազմամիլիոնանոց ժողովրդական զանգվածների։

Հատկանշական է, որ Խորհրդային Միության հաղթանակը նացիստական Գերմանիայի նկատմամբ՝ մեկնությամբ, որի վրա հիմնվում է մեր ժամանակների ռուսական ազգայնական առասպելը, Պուտինի համար ո՛չ հումանիզմի և էգալիտարիզմի հաղթանակն է արմատական հակաէգալիտարիստական և հակահումանիստական գաղափարների նկատմամբ, ոչ էլ զոհի հաղթանակը ագրեսորի նկատմամբ։ Ժամանակակից պետական առասպելաբանության մեջ դա «պատմական Ռուսաստանի» հաղթանակն է Գերմանիայի, Եվրոպայի, Արևմուտքի նկատմամբ՝ ռուսական պետականության հաղթությունը և նրա սահմանների ընդլայնումը։ Ճիշտ այնպես, ինչպես հեղափոխությունը և Առաջին համաշխարհայինից դուրս գալու որոշումը ոչ թե կայսերական մսաղացին մասնակցելուց հրաժարում էր, այլ «պատմական Ռուսաստանի» ամոթալի կապիտուլիացիան՝ ուտոպիստ մոլեռանդների դավաճանական հարվածը պետության մեջքին, ոտնձգություն ռուսական պետականության նկատմամբ և դրա կիսափլուզում։

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլշևիկները ցանկանում էին, որ իրենց հայրենիքը պարտվի, և մինչ հերոսական ռուս զինվորններն ու սպաները արյուն էին թափում Առաջին համաշխարհայինի ռազմաճակատում, ոմանք ճոճում էին երկիրը ներսից․ այնքան ճոճեցին, որ Ռուսաստանը որպես պետություն փլվեց և ինքն իրեն պարտված հռչակեց նույնիսկ պարտված երկրի [Գերմանիայի] առջև։ Հիմարությու՛ն, ուղղակի ցնորք, բայց սա տեղի ունեցավ, սա ազգային շահերի ամբողջական դավաճանություն էր։ Նման մարդիկ մեզ մոտ այսօր էլ կան», – 2016 թվականի օգոստոսին՝ Սելիգար երիտասարդական ճամբարում ասում էր Պուտինը։ 

3ac192e57f00893786f5279467940210
«Հայրենիքը վտանգված է։ Թափված արյունը պահանջում է շարունակել պատերազմը մինչև հաղթանակ։ Զինվոր ընկերներ, անհապաղ դեպի խրամատնե՛ր։ Լենինին վերադարձնենք Վիլհելմին», հակաբոլշևիկյան ցույցի կարգախոսներից, 1917 թվականի ապրիլ

Վերոհիշատակված մեջբերումներից դժվար չէ կռահել, որքան անկեղծ է Պուտինը համարում, որ Ռուսաստանի դժբախտությունների մեղավորը «հեղափոխության անեծքն» է։ Եթե ժամանակակից Ուկրաինայում սովետական նախագիծը պարսավում են նրա համար, որ այն «չափից դուրս Ռուսաստան» էր, Պուտինը հենց դա [եթե ոչ բացառապես դա] է գնահատում խորհրդային պրոյեկտի մեջ։ Եթե Ուկրաինայում պնդում են, որ Լենինը ուկրաինացիներին իրական ինքնորոշում չի տվել, Պուտինը նրան մեղադրում է տրամագծորեն հակառակում՝ Ուկրաինային նա չափից դուրս շատ ազատություն է տվել։

Վերադառնանք հարցին, որը հնչել է ամենասկզբում։ Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահի՝ ներխուժումը նախանշած ծրագրային ելույթը վերածվեց հեղափոխության դեմ պարսավագրի։ Որովհետև, ըստ նրա, հենց հեղափոխությունն է Ռուսաստանի ձախորդությունների իրական արմատը։  Այժմ Պուտինը չի սահմանափակվում միայն նրանով, որ մեղադրի Լենինին Ռուսաստանը դավաճանելու և կայսերական միասնության դեմ հանցանք գործելու համար, այլ որոշում է, որ ժամանակն է ուղղել լենինյան «ավելին քան սխալները» և չեղարկել ուկրաինացիների ինքնորոշման իրավունքը՝ հեղափոխության «երիցս անիծված» այդ ժառանգությունը։

«Դուք դեկոմունիզացիա եք ուզո՞ւմ: Դե ինչ՝ մեզ դա առավել քան գոհացնում է: Բայց պետք չէ, ինչպես ասում են, մնալ ճամփի կեսին։ Մենք պատրաստ ենք ցույց տալ՝ ինչ է Ուկրաինայի համար ենթադրում իրական դեկոմունիզացիան»։ 

Եվ ահա՝ փետրվարի 24-ին ռուսական տանկերը մտնում են Ուկրաինայի տարածք, որ զրկեն նրա ժողովրդին պետականությունից՝ անցյալ դարի սկզբի հեղափոխության կարևորագույն ձեռբերումներից մեկից։

Անդրեյ Մովչան

բնագրերը՝ September ամսագրում