Բրազիլիայի նախագահական ընտրություններում ձախ թեկնածու Լուլա դա Սիլվան հաղթել է նախկին նախագահ, արմատական աջ Ժաիր Բոլսոնարուին։ Լուլան հավաքել է ձայների 50,8%-ը, Բոլսոնարուն՝ 49,2%-ը։
Լուլան 2003-2011 թվականներին եղել է Բրազիլիայի նախագահը։ Հետագայում նա դատապարտվել է 12 տարի ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով, բայց Գերագույն դատարանը չեղարկել է դատավճիռը, ինչը նրան թույլ է տվել նորից առաջադրվել ընտրություններում։
«Այսօր միակ հաղթողը Բրազիլիայի ժողովուրդն է։ Սա ո՛չ իմ, ո՛չ Աշխատավորական կուսակցության, ո՛չ էլ այն կուսակցությունների հաղթանակն է, որոնք ինձ աջակցել են քարոզարշավում։ Սա ժողովրդավարական շարժման հաղթանակն է, որը ձևավորվեց քաղաքական կուսակցություններից, անձնական շահերից և գաղափարախոսություններից վեր, որպեսզի ժողովրդավարությունը հաղթանակած դուրս գա», – հայտարարել է դա Սիլվան Սան Պաուլոյի հյուրանոցներից մեկում հավաքված բազմությանը:
Լուլան խոստացել է ավելի շատ սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն վերցնել, մինչդեռ Բոլսոնարուն, ում կառավարման տարիներին Բրազիլիան ականատես եղավ COVID-19-ի անկառավարելի մահացության դեպքերի ու Ամազոնյան անտառների համատարած հատմանը, քարոզարշավ էր իրականացնում աջերին համախմբելու համար։
Սա Բրազիլիայի ամենաբևեռացված ընտրությունն էր 1985 թվականին ռազմական բռնապետության փլուզումից հետո, որի դեմ պայքարել է նորընտիր նախագահը և որը նոսթալգիայով է հիշում բանակի նախկին հրամանատար Բոլսոնարուն։
Բոլսոնարու VS Լուլա
Բոլսոնարուի պաշտոնավարման չորս տարիները նշանավորվեցին պահպանողականությամբ և այսպես կոչված ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությամբ: Նա պնդում էր, որ իր մրցակցի վերադարձը իշխանության կհանգեցնի կոմունիզմի, թմրամիջոցների ու աբորտների օրինականացման և եկեղեցիների հալածանքների։
Բոլսոնարոն առաջարկում էր շարունակել իր տնտեսական առաջնահերթությունները՝ ուժեղացնելով բիզնեսի համար բարենպաստ, բաց շուկայական տնտեսությունը և նվազեցնելով պետության դերը՝ սեփականաշնորհումների միջոցով: Լուլայի քարոզարշավը կենտրոնացած էր խոստումների վրա, որ նա կվերադարձնի իր կառավարման տարիների բարեկեցիկ տնտեսական ժամանակները: Լուլայի համար մեկ նպատակներից է սովի և աղքատության մակարդակի հաղթահարումը:
Ըստ «Ադրիեն Արշտ Լատինական Ամերիկայի կենտրոնի» տնօրեն Ջեյսոն Մարչակի՝ Լուլայի նախագահության երրորդ ժամկետը ամենայն հավանականությամբ կնշանավորվի Հարավ-Հարավ դիվանագիտության վերադարձով ու Լուլայի՝ ինքն իրեն որպես Գլոբալ հարավի առաջնորդ ներկայացնելով։ Ակնկալվում է, որ նա կուժեղացնի Բրազիլիայի և նմանատիպ հեռանկարներով այլ կառավարությունների, ինչպիսիք են՝ Արգենտինան, Չիլին, Մեքսիկան և Կոլումբիան, միջև համագործակցությունը։
«Լուլայի ընտրությունը որպես տարածաշրջանի դեպի ձախ թեքվածության մաս բնութագրելը չափազանց պարզեցնում է տարածաշրջանային քաղաքականության վիճակը: Ավելի շուտ, այդ փոփոխությունը նշան է, որ մարդիկ ցանկանում են առաջնորդներ, որոնք, իրենց կարծիքով, կկառավարեն ավելի խորը շահագրգռվածությամբ՝ բարելավելու սովորական մարդու կյանքը, հատկապես գլոբալ գնաճի պայմաններում», – ասում է Մարչակը։
Լատինական Ամերիկան՝ ձախերի ձեռքում
Ձախ առաջնորդները, այդ թվում՝ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը և Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը, ողջունել են Լուլայի հաղթանակը՝ հայտարարելով, որ այն բացեց «նոր դարաշրջան Լատինական Ամերիկայի պատմության համար» և ազդարարեց հույսի ժամանակ:
Տարածաշրջանում սովի ու աղքատության պայմաններում, որը հատկապես սրվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով, Լատինական Ամերիկայի քաղաքական ձախերը վերածնունդ են ապրում, պնդում են վերլուծաբանները։
Մինչև Բրազիլիան, Չիլին էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 19-ին դեմ քվեարկեց աջական կառավարության դեմ՝ ընտրելով ձախ կոալիցիայի, ուսանողական բողոքի ցույցերի առաջնորդ, 35-ամյա Գաբրիել Բորիչին։
Նույն ժամանակ Հոնդուրասում ընտրվեց առաջին կին նախագահը՝ Քսիոմարա Կաստրոն՝ խոստանալով «հանել Հոնդուրասը նարկոդիկտատուրայի ու կոռուպցիայի անդունդից»:
Ավելի վաղ՝ 2021-ի հունիսին, Պերուում հաղթեց ընտրողների համար անհայտ, նախկին ուսուցիչ, արմատական ձախ 51-ամյա Պեդրո Կաստիլյոն, ով խոստացավ ավելի լավ կիսել երկրի հսկայական հանքային հարստությունը և ավելի շատ հոնորարներ վերցնել հանքարդյունաբերական ընկերություններից, որոնց մեղադրում էր թալանի մեջ:
Չնայած՝ ձախ քաղաքական գործիչները ավելի շատ դիրքեր են գրավում տարածաշրջանում, արմատական աջերը միևնույն է շարունակում են կառավարել Լատինական Ամերիկայի որոշ երկրներում՝ Նիկարագուայում, Վենեսուելայում, Էկվադորում և այլն։
«Լատինական Ամերիկան մեծ ազդեցություն ունի ամբողջ աշխարհի պրոգրեսիվների երևակայության վրա՝ եթե հիշենք Ֆիդել Կաստրոյին, Չե Գևարային։
Լատինական Ամերիկայում կանաչների աճող ալիք կա, որը հանդիպել է «վարդագույն ալիքին»*: Ամեն երկրում տարբեր կլինի, բայց հետաքրքիր է տեսնել, թե ինչ կստացվի», – ասում է Վաշինգտոնում գործող Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Ջոն Քավանին։
*1998 թվականին Վենեսուելայում Ուգո Չավեսի հաղթանակով տարածաշրջանով անցավ այսպես կոչված «վարդագույն ալիքը». երկրների մեծ մասում՝ բացառությամբ Ֆրանսիական Գվիանայի և Կոլումբիայի, ընտրվեցին ձախակողմյան և ձախակենտրոն ուժեր։