Վլադիմիր Պուտինը սկսել է ներխուժումն Ուկրաինա՝ ըստ ամենայնի ակնկալելով, որ իր զորքերը կարող են ճնշել ուկրաինական դիմադրությունը։ Բայց հարձակումը կարող է լրջորեն ապակայունացնել նրա ռեժիմը․ ռուսների շրջանում արդեն իսկ պատերազմի նկատմամբ խանդավառության տեսանելի բացակայություն է նկատվում։
Ռուաստանն անցյալ գիշեր հարձակվել է Ուկրաինայի վրա։ Վատագույն մտավախությունները հաստատվել են։ Ներխուժման ծավալը լիովին հասկանալի չէ, բայց արդեն պարզ է, որ ռուսական բանակը հարձակում է գործել թիրախների վրա ողջ երկրով մեկ, ոչ թե միայն հարավ-արևելքում (այսպես կոչված «ժողովրդական հանրապետությունների» սահմանի երկայնքով )։ Այս առավոտ ուկրաինացիները տարբեր քաղաքներում արթնացել են պայթյուններից։
Վլադիմիր Պուտինը հստակեցրել է գործողության ռազմական նպատակը՝ ուկրաինական բանակի լիակատար կապիտուլյացիա։ Քաղաքական ծրագիրը մնում է անհստակ, բայց գուցե, ամենայն հավանականությամբ, խոսքը Կիևում ռուսամետ կառավարություն հաստատելու մասին է։ Ռուսական իշխանությունը ենթադրում է, որ դիմադրությունն արագ կկոտրվի, և սովորական ուկրաինացիների մեծ մասը պարտաճանաչ կերպով կընդունի նոր ռեժիմը։ Սոցիալական հետևանքները հենց Ռուսաստանի համար ակնհայտորեն ծանր կլինեն․ արդեն առավոտյան՝ անգամ մինչև արևմտյան պատժամիջոցների մասին հայտարարվելը, ռուսական ֆոնդային բորսաները փլուզվեցին, և ռուբլու անկումը գերազանցեց բոլոր ռեկորդները։
Պուտինի՝ անցյալ գիշերվա ելույթը, որում նա հայտարարեց պատերազմի բռնկման մասին, ներկայացնում էր իմպերիալիզմի և գաղութատիրության անթաքույց լեզուն։
Այս առումով, նրա կառավարությունը 20-րդ դարի սկզբից ի վեր միակն է, որ այսքան բացահայտ խոսում է իմպերիալիստական ուժի պես։ Կրեմլն այլևս չի կարողանում Ուկրաինայի նկատմամբ իր ատելությունն ու նրան պատժիչ «դաս» տալու ցանկությունը թաքցնել այլ դժգոհությունների, այդ թվում՝ անգամ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևում։ Այս գործողությունները հեռու են բանականորեն հասկանալի «շահերից» և գտնվում են ինչ-որ տեղ՝ «պատմական առաքելության» տիրույթում, ինչպես Պուտինն է դա հասկանում։
2021-ի հունվարին՝ Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունից հետո ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները մեծ հաշվով ճնշել են ընդդիմությունը Ռուսաստանում։ Նավալնու կազմակերպությունը «էքստրեմիստական» է հայտարարվել և կազմալուծվել է, ցույցերն ի պաշտպանություն իրեն ավարտվել են շուրջ 15 000 ձերբակալություններով, և գրեթե բոլոր անկախ մեդիաները կամ փակել են կամ պիտակել որպես «օտարերկրյա գործակալներ»՝ մեծապես սահմանափակելով նրանց գործունեությունը։ Զանգվածային ցույցերն ընդդեմ պատերազմի քիչ հավանական են․ չկա քաղաքական մի ուժ, որն ունակ է դրանք համակարգել, և մասնակցությունը որևէ փողոցային ակցիայի, անգամ միանձնյա պիկետների, արագ ու խիստ կերպով պատժվում է։ Ռուսաստանում ակտիվիստներն ու մտավորական շրջանակները ցնցված ու բարոյալքված են այս իրադարձություններից։
Հուսադրող նշան է այն, որ ռուսական հասարակության մեջ չի նկատվում հստակ աջակցություն պատերազմին։ Համաձայն Levada կենտրոնի՝ հարցումներ անող վերջին անկախ գործակալության (Ռուսաստանի կառավարության կողմից պիտակված որպես «օտարերկրյա գործակալ»), ռուսաստանցիների 40 տոկոսը չի աջակցում ռուսական իշխանությունների կողմից Դոնեցկի և Լուհանսկի «ժողովրդական հանրապետություններին», իսկ 45 տոկոսն աջակցում է։ Թեև «դրոշի շուրջ համախմբվելու» որոշակի նշաններն անխուսափելի են, ուշագրավ է, որ չնայած հիմնական մեդիաաղբյուրների նկատմամբ լիակատար վերահսկողությանն ու պրոպագանդիստական դեմագոգիայի դրամատիկ զեղմանը, Կրեմլը չի կարողանում պատերազմի նկատմամբ խանդավառություն առաջացնել։
2014-ին Ղրիմի բռնակցմանը հաջորդած հայրենասիրական մոբիլիզացիային համարժեք այսօր ոչինչ տեղի չի ունենում։ Այդ առումով ներխուժումն Ուկրաինա հերքում է տարածված տեսակետը, թե Կրեմլի արտաքին ագրեսիան նպատակ ունի պահպանել ներքին լեգիտիմությունը։ Հակառակը՝ եթե ինչ, այս պատերազմը կապակայունացնի ռեժիմը և անգամ ինչ-որ չափով սպառնալիք կդառնա դրա գոյատևման համար, քանի որ «2024-ի խնդիրը»՝ Պուտինի վերընտրման համար համոզիչ շոու կազմակերպելու կարիքը, դեռ սեղանին է։
Ձախերն աշխարհով մեկ պիտի միավորվեն մի պարզ ուղերձի շուրջ․ ոչ Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։ Ռուսաստանի գործողություններին չկա արդարացում․ դրանց հետևանքը կլինի տառապանքն ու մահը։ Ողբերգության այս օրերին մենք միջազգային համերաշխության կոչ ենք անում Ուկրաինայի հետ։
Իլյա Մատվեև, Իլյա Բուդրայթսկիս
Մատվեևը գիտաշխատող է և դասախոս Սանկտ Պետերբուրգից, Openleft.ru-ի հիմնադիր խմբագիր է և Հանրային սոցիոլոգիայի լաբորատորիա հետազոտական խմբի անդամ:
Բուդրայթսկիսը ձախ գրող է Մոսկվայից
24․02․2022