Հեղինակ՝ Նենսի Ֆրեյզեր, ամերիկացի փիլիսոփա
Տպագրվել է՝ dissentmagazine.org-ում
Դոնալդ Թրամփի ընտրությունը նեոլիբերալ գերիշխանության փլուզման մասին վկայող քաղաքական ընդվզումներից մեկը դարձավ։ Այդ ընդվզումների թվում էին Մեծ Բրիտանիայում «Բրեքսիթի» որոշումը, Իտալիայում Ռենցիի բարեփոխումների մերժումը, ԱՄՆ-ում Բերնի Սանդերսի նախագահական արշավը Դեմոկրատական կուսակցությունից և Ֆրանսիայում «Ազգային ճակատ» կուսակցության ժողովրդականության աճը։ Չնայած տարբեր նպատակներին ու գաղափարախոսություններին՝ այս ընտրական խռովությունների նշակետը մեկն է․ դրանք բոլորը կորպորատիվ գլոբալիզացիայի, նեոլիբերալիզմի և քաղաքական իսթեբլիշմենթի ժխտում են։ Բոլորի դեպքում էլ ընտրողները «Ո՛չ» են ասում ժամանակակից ֆինանսականացված կապիտալիզմին բնորոշ խստամբերության քաղաքականության, ազատ առևտրի, գիշատիչ պարտքի, անստույգ ու վատ վճարվող աշխատանքի մահացու համադրությանը։ Նրանց ձայները պատասխան են կապիտալիզմի այս ձևի, որն առաջին անգամ լիովին ջրի երես դուրս եկավ 2008֊ի համաշխարհային ֆինանսական համակարգի գրեթե ամբողջական անկման ժամանակ, կառուցվածքային ճգնաժամին։
Մինչև վերջերս, սակայն, այս ճգնաժամի հիմնական արձագանքը դրսևորվում էր սոցիալական բողոքի ձևով՝ դրամատիկ ու առույգ, բայց բավական վաղանցիկ։ Քաղաքական համակարգերը, մյուս կողմից, կուսակցական գործիչների ու իսթեբլիշմենթի վերնախավի վերահսկողության տակ համեմատաբար իմուն էին թվում․ գոնե այնպիսի հզոր կապիտալիստական երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ֊ն, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։ Այժմ, սակայն, ընտրազանգվածի դժգոհության ալիքները թնդում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ համաշխարհային ֆինանսական համակարգի ցիտադելներում։ Թրամփի, «բրեքզիթի» օգտին կամ Իտալիայում բարեփոխումների դեմ քվեարկածները դուրս են եկել իրենց քաղաքական տիրակալների դեմ։ Երես թեքելով կուսակցական իսթեբլիշմենթից՝ նրանք մերժել են համակարգը, որը վերջին երեսուն տարիներին կործանում էր իրենց կյանքի պայմանները։ Այստեղ, սակայն, զարմանալին այն չէ, որ նրանք նման բան են արել, այլ այն, որ արել են այսքան ուշ։
Այնուամենայնիվ, Թրամփի հաղթանակն ապստամբություն է ոչ միայն համաշխարհային ֆինանսական համակարգի դեմ։ Նրա ընտրողները մերժել են ոչ այնքան նեոլիբերալիզմն ընդհանրապես, որքան՝ առաջադեմ նեոլիբերալիզմը։ Որպես օքսիմորոն է հնչում, բայց սա իրական, թեև այլասերված, քաղաքական ծրագիծ է, որով բացատրվում են ԱՄՆ֊ում ընտրությունների արդյունքներն ու, ինչու ոչ, զարգացումները մյուս երկրներում։ Առաջադեմ նեոլիբերալիզմն ԱՄՆ֊ի դեպքում մի կողմից իրենից ներկայացնում է նոր սոցիալական շարժումների հիմնական հոսանքների դաշինք (ֆեմինիզմ, հակառասիզմ, բազմամշակութայնություն, ԼԳԲՏ+ իրավունքներ), մյուս կողմից՝ բարձրարժեք «խորհրդանշական» ու ծառայությունների ոլորտի վրա հիմնված գործարար հատվածի (Ուոլ Ստրիթ, Սիլիկոնյան հովիտ և Հոլիվուդ)։ Այս դաշինքի շրջանակում, առաջադեմ ուժերը, ըստ էության, միավորվել են ճանաչողական կապիտալիզմի ուժերի, մասնավորապես, ֆինանսականացման հետ։ Միգուցե անգիտակցաբար, բայց առաջիններն իրենց խարիզման փոխանցել են վերջիններին։ Բազմազանության և իրավազորման իդեալները, որոնք կարող էին սկզբունքորեն տարբեր նպատակների ծառայել, այժմ քողարկում են քաղաքականությունը, որը կործանել է արդյունաբերությունն ու նրանց, ովքեր ժամանակին համարվում էին միջին խավ։
Առաջադեմ նեոլիբերալիզմն ԱՄՆ֊ում զարգանում էր վերջին երեսուն տարիների ընթացքում ու վերջնականապես հաստատվեց 1992֊ին Բիլ Քլինթոնի ընտրվելուց հետո։ Քլինթոնը «նոր դեմոկրատների»՝ ԱՄՆ֊ում Թոնի Բլերի «նոր լեյբորիզմի» կրկնօրինակի հիմնական մշակողն ու ռահվիրան էր։ [Ռուզվելտի] «Նոր գործարք» կոալիցիայի փոխարեն, որն իր մեջ ներառում էր արդյունաբերական բանվորներին, աֆրո-ամերիկացիներին ու քաղաքային միջնախավը, Քլինթոնը ստեղծեց գործարարների, ծայրամասերի բնակիչների, նոր սոցիալական շարժումների ու երիտասարդության նոր միություն, որոնք բոլորը հռչակում էին իրենց ժամանակակից ու առաջադիմական արժեքները՝ ընդունելով բազմազանության, բազմամշակութայնություն ու կանանց իրավունքների գաղափարները։ Չնայած նման առաջադիմական պատկերացումների խրախուսմանը, սակայն, Քլինթոնի վարչակազմը, միևնույն ժամանակ, ձգտում էր իր կողմ քաշել Ուոլ Ստրիթը։ Երկրի տնտեսության վերահսկողությունը հանձնելով «Գոլդման Սաքս» ներդրումային բանկին՝ վարչակազմը թուլացրեց բանկային համակարգի վերահսկողությունն ու սկսեց բանակցել ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ, որոնք արագացրին ապաարդյունաբերականացման գործընթացը։
Արդյունքում, անտերության մատնված «Ժանգոտ գոտին»՝ «Նոր գործարքի» սոցիալ֊դեմոկրատիայի երբեմնի անկյունաքարը, այսօր ընտրազանգված ապահովեց Դոնալդ Թրամփի համար։ Այս տարածաշրջանը, Հարավի մյուս ավելի նոր արդյունաբերական կենտրոնների հետ միասին, կրեց վերջին երկու տասնամյակներին զարգացող ֆինանսականացման հիմնական հարվածը։ Քլինթոնի քաղաքական կուրսը, որին հետևեցին նաև նրա հետնորդները, այդ թվում՝ Բարաք Օբաման, վատթարացրեց բոլոր աշխատավորների դրությունը, բայց հատկապես տուժեցին արդյունաբերական բանվորները։ Կարճ ասած՝ քլինթոնիզմը կրում է արհմիությունների թուլացման, իրական աշխատավարձերի անկման, աշխատանքային անկայունության ու վերացված ընտանեկան աշխատավարձին (family wage` բազմանդամ ընտանիք պահելու համար բավականաչափ բարձր աշխատավարձ ֊ խմբ․) փոխարինման եկած գումար վաստակող երկու անդամ ունեցող ընտանիքների աճի համար պատասխանատվության առյուծի բաժինը։
Վերջին կետը վկայում է այն մասին, որ սոցիալական ապահովության համակարգի թիրախավորումը կոծկվել է նոր սոցիալական շարժումներից որդեգրված՝ ազատագրման համար պայքարի շղարշով։ Մինչ արդյունաբերությունն անկում էր ապրում, ողջ երկիրը թնդում էր «բազմազանության», «իրավազորման» և «հակախտրականության» մասին խոսակցություններով։ «Առաջադիմությունը» հավասարության փոխարեն մերիթոկրատիայի հետ նույնականացնելով՝ այս եզրերը «էմանսիպացիան» հավասարեցրին միշտ հաղթական կորպորատիվ աստիճանակարգում «տաղանդավոր» կանանց, փոքրամասնությունների ու նույնասեռականների փոքր վերնախավի ստեղծման հետ, այլ ոչ՝ հիերարխիայի ոչնչացման։ «Առաջադիմության» նման լիբերալ-անհատապաշտական ընկալումը աստիճանաբար փոխարինեց 1960-ականներին և 70-ականներին տարածված էմանսիպացիայի ավելի լայն՝ հակահիերարխիկ, իրավահավասար, դասակարգային֊գիտակից, հակակապիտալիստական ըմբռնումը։ Նոր ձախերի թուլացմանն զուգընթաց՝ կապիտալիստական հասարակության քննադատությունը հայտնվեց ստվերում, և երկրին բնորոշ լիբերալ-անհատապաշտական մտածողությունը վերահաստատեց իր դիրքը՝ աննկատելիորեն ճնշելով «առաջադեմների» ու ինքնահռչակ ձախերի ձգտումները։ Նեոլիբերալիզմի աճի հետ այս միտման համընկնումն էլ հենց ամրապնդեց վերոնշյալ պրոգրեսիվ֊նեոլիբերալ դաշինքը։ Կապիտալիստական տնտեսությունն ազատականացնել ձգտող կուսակցությունն իր կատարյալ դաշնակցին գտավ՝ ի դեմս «գործելու» ու «ապակե առաստաղը կոտրելու» վրա կենտրոնացած կորպորատիվ ֆեմինիզմի։
Արդյունքն էմանսիպացիայի աղավաղված պատկերացումներն ու ֆինանսականացման ճակատագրական ձևերը միախառնող «առաջադեմ նեոլիբերալիզմն» էր։ Հենց այս խառնուրդն էլ արժանացավ Թրամփի ընտրողների լիակատար մերժմանը։ Այս համարձակ նոր կոսմոպոլիտ աշխարհից դուրս մնացին ոչ միայն արդյունաբերական բանվորները, այլև՝ կառավարիչները, փոքր գործարարները, և, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր կախված էին «ժանգոտ գոտու» և հարավի արդյունաբերությունից, ինչպես նաև՝ գործազրկության և թմրանյութերի հետևանքով կործանված գավառականները։ Պրոգրեսիվ մոռալիզմի կողմից նրանց տրված մշակութապես հետամնացի կարգավիճակն էլ ավելի վատթարացրեց այս բնակչության համար ապաարդյունաբերականացման վնասը։ Մերժելով գլոբալացումը՝ Թրամփի ընտրողները նաև ժխտեցին դրա հետ նույնացվող լիբերալ կոսմոպոլիտիզմը։ Ոմանց համար (թեև, իհարկե, ոչ բոլորի) դա իրենց վատթարացող պայմանների համար քաղաքական կոռեկտությունը, ոչ սպիտակ բնակչությանը, ներգաղթյալներին ու մահմեդականներին մեղադրելու ամենակարճ ճանապարհն էր։ Իսկ ֆեմինիստներն ու Ուոլ Ստրիթը նրանց աչքերում անքակտելիորեն ձուլված են ու մարմնավորվում են Հիլարի Քլինթոնի կերպարի մեջ։
Այս միաձուլումը հնարավոր դարձավ իրական ու հետևողական ձախերի բացակայության շնորհիվ։ Չհաշված պարբերական պոռթկումները, ինպիսին էր, օրինակ, բավական վաղանցիկ «Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժումը, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ֊ում կայուն ձախ ներկայություն գրեթե չկար։ Չկար նաև որևէ համապարփակ ձախ նարատիվ, որը կարող էր Թրամփի աջակիցների արդարացի դժգոհությունը կապել ֆինանսականացման բազմակողմանի քննադատության հետ մի կողմից, և էմանսիպացիայի հակառասիստական, հակասեքսիստական ու հակահիերարխիական տեսլականի հետ՝ մյուս կողմից։ Բանվոր դասակարգի ու նոր սոցիալական շարժումների միջև հնարավոր ու նույնքան կործանարար կապերը նույնպես անտեսվեցին։ Կենսունակ ձախ քաղաքականության այս երկու անփոխարիների ասպեկտներն անջատվեցին միմյանցից, որպեսզի որոշ ժամանակ անց ընդհանրապես հակադրվեն իրար։
Այսպես շարունակվեց առնվազն մինչև Բեռնի Սանդերսի ակնառու քարոզարշավի սկիզբը, որը փորձեց վերամիավորել դրանք՝ հղվելով Black Lives Matter (Սևամորթների կյանքերը կարևոր են) շարժմանը։ Պայթեցնելով գերիշխող նեոլիբերալ մտածողությունը՝ Սանդերսի ընդվզումը դեմոկրատական ճամբարում էր հավասարազոր էր Թրամփի գործողություններին։ Եվ մինչ Թրամփը գլխիվայր էր շուռ տալիս ողջ հանրապետական իսթեբլիշմենթը, Բերնին աներևակայելիորեն մոտ եկավ Օբամայի օծյալ իրավահաջորդին հաղթելուն, որի ապարատչիկները վերահսկում էին Դեմոկրատական կուսակցությունում իշխանության բոլոր լծակները։ Սանդերսի ու Թրամփի շնորհիվ ամերիկացի ընտրողների ճնշող մեծամասնությունն արթնացավ։ Բայց փրայմերիզը հաղթահարեց միայն Թրամփի ռեակցիոն պոպուլիզմը։ Նա հեշտությամբ ջախջախեց իր հանրապետական հակառակորդներին, այդ թվում նրանց, որոնց աջակցում էին խոշոր դոնորներն ու կուսակցական ղեկավարությունը, մինչդեռ Սանդերսի ապստամբությունը հաջողությամբ սանձահարվեց ոչ այնքան էլ ժողովրդավարական Դեմոկրատական կուսակցության կողմից։ Հիմնական ընտրություններին ընդառաջ՝ ձախ ալընտրանքն արդեն ճնշվել էր։ Մնացել էր միայն ընտրություն առանց ընտրության հնարավորության՝ ռեակցիոն պոպուլիզմի ու պրոգրեսիվ նեոլիբերալիզմի միջև։ Պարտությունը գրանցվեց այն պահին, երբ, այսպես կոչված, ձախերը կանգնեցին Հիլարի Քլինթոնի կողքին։
Այնուամենայնիվ, սա ընտրություն է, որից ձախերը այս պահից սկսած պետք է հրաժարվեն։ Քաղաքական դասերի կողմից մեր առջև դրված պայմանները ընդունելու փոխարեն, մենք պետք է աշխատենք այդ սահմանումների վերանայման ուղղությամբ՝ օգտագործելով ներկա կարգի նկատմամբ համատարած ու աճող սոցիալական հակակրանքը։ Սոցիալական ապահովության հաշվին ֆինանսականացման ու էմանսիպացիայի օգտին հանդես գալու փոխարեն, պետք է ստեղծենք էմանսիպացիայի ու սոցիալական ապահովության նոր դաշինք՝ ընդդեմ ֆինանսականացման։ Սանդերսի ծրագրի վրա հիմնված այս նախագծում էմանսիպացիան նշանակելու է ոչ թե կորպորատիվ հիերարխիայի բազմազայնացում, այլ՝ դրա ոչնչացում։ Իսկ բարգավաճումը նշանակելու է ոչ թե բաժնետոմսերի արժեքի աճ կամ կորպորատիվ շահույթ, այլ՝ նյութական նախադրյալներ բոլորի բարեկեցիկ կյանքի համար։ Այս համադրությունը ներկայիս իրավիճակում միակ հաղթական ու հետևողական արձագանքն է։
Անձամբ ես առաջադեմ նեոլիբերալիզմի պարտության համար չեմ տխրում։ Իհարկե, Թրամփի ռասիստական, հակամիգրանտական, հակաբնապահպանական վարչակազմն ահի տեղիք է տալիս։ Բայց պետք չէ սգալ ոչ նեոլիբերալ գերիշխանության կործանման համար, ոչ էլ նրա, որ Դեմոկրատական կուսակցությունը դուրս պրծավ քլինթոնիզմի երկաթե բռունցքներից։ Թրամփի հաղթանակն ազդարարեց էմանսիպացիայի ու ֆինանսականացման դաշինքի պարտությունը։ Բայց նրա նախագահությունը չի ենթադրում ելք ներկայիս ճգնաժամից, ոչ էլ խոստանում է նոր ռեժիմ կամ անվերապահ գերիշխանություն։ Փոխարենը, մենք բախվել ենք անցումային շրջանի, բաց ու անկայուն իրավիճակի, որում սրտերն ու մտքերը բաց են նոր գաղափարների համար։ Իսկ այս իրավիճակում կան ոչ միայն վտանգներ, այլև՝ հնարավորություններ․ հնարավորություն ձևավորելու նոր ձախ շարժում։
Դա տեղի կունենա, թե ոչ, մասամբ կախված կլինի Քլինթոնին աջակցած առաջադեմների պատրաստակամությունից ու նրանց լուրջ ինքնավերլուծությունից։ Նրանք պետք է հրաժարվեն այն մխիթարական բայց կեղծ առասպելից, թե իրենք պարտվել են Պուտինի ու ՀԴԲ աջակցությունն ստացած «ողորմելի անձանց կույտի» (ռասիստների, կնատյացների, իսլամաֆոբների ու հոմոֆոբների)։ Պետք է ընդունեն մեղքի իրենց բաժինը սոցիալական ապահովությունը, նյութական բարեկեցությունն ու բանվոր դասակարգի արժանապատվությունն էմանսիպացիայի կեղծ պատկերացումներին զոհաբերելու հարցում։ Պետք է խորը մտածեն, թե ինչպես կարող ենք վերափոխել ֆինանսականացված կապիտալիզմի քաղաքական տնտեսությունը՝ վերաիմաստավորելով «դեմոկրատական սոցիալիզմի» մասին Սանդերսի գաղափարն ու հասկանալով, թե դա ինչ կարող է նշանակել 21֊րդ դարում։ Առաջին հերթին, պետք է կապ հաստատեն Թրամփի ընտրազանգվածի հետ, որն ամենևին էլ կազմված չէ ոչ ռասիստներից ոչ էլ հավատարիմ աջերից, այլ՝ «կեղծված համակարգի» զոհերից, որոնք կարող են ու պետք է ներգրավվեն նոր ձախ հականեոլիբերալ նախագծին։
Սա չի նշանակում, որ պետք է աչք փակել ռասիզմի ու սեքսիզմի առկա խնդիրների վրա։ Բայց պետք է ցույց տալ, թե այս պատմական ճնշումներն ինչ ձևերով են արտահայտվում այսօրվա ֆինանսականացված կապիտալիզմի պայմաններում։ Հրաժարվելով նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիշխող սխալ ու անհեռանկար մտածելակերպից՝ կանանց ու ոչ սպիտակ մարդկանց խնդիրները պետք է կապենք այն խնդիրներին, որոնց բախվում են Թրամփի ընտրողները։ Այդ դեպքում, նորացված ձախ շարժումը կկարողանա նոր ու հզոր դաշինքի հիմքեր դնել, որը կպայքարի բոլոր ճնշվածների համար։