Home / Հայաստան / Վերաքննիչը անփոփոխ թողեց «Հայկական ժամանակի» դեմ կայացված վճիռը

Վերաքննիչը անփոփոխ թողեց «Հայկական ժամանակի» դեմ կայացված վճիռը

Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակարիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բողոքը` ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, համաձայն որի օրաթերթը պետք է փոխհատուցում վճարեր Ազգային Ժողովի երեք պատգամավորներին:

Հիշեցնենք, որ փետրվարին կայացված վճռի համաձայն, դատարանն օրաթերթին պարտավորեցրել էր 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ պատգավորներ, խոշոր գործարարներ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին:

Պատգամավորները պահանջում էին հերքել օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները և փոխատուցել ստացված բարոյական վնասը, ինչպես նաև դատական ծախսերը: Պատգամավորներից յուրաքանչյուրը պահանջել էր 2,5 միլիոն դրամ: Դատարանը մասամբ է բավարարել պատգամավորների պահանջը:

Փետրվարին կայացված դատական վճռից հետո Epress.am-ի հետ զրույցում օրաթերթի թողարկմանն պատասխանատու Հայկ Գևորգյանը դատարանի որոշումը որակել էր որպես հերթական ապօրինություն:

«Դատարանը իրենց սեփական դատարանն է: Որ այս վճիռը պիտի լիներ, մենք չէինք էլ կասկածում: Մեզ համար ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել», – ասել էր Գևորգյանը:

Նշենք, որ, համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:

Նշենք նաև, որ վերջին տարվա ընթացքում սա օրաթերթի դեմ երկրորդ դատական հայցն էր, որը դատարանը բավարարել է: «Պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Նա իրեն հասցված վնասը գնահատել էր 16 միլիոն դրամ:

Դատարանը պահանջը բավարարել էր մասամբ` պարտավորեցնելով օրաթերթին վճարել մոտ 3.5 միլիոն դրամ: Լևոն Քոչարյանի մասին 2009 թվականի փետրվարին տպագրված հոդվածը կոչվում էր «Ռոբերտիչի արկածները Դուբայում»: Հրապարակման մեջ նշվում էր, որ 2008 թվականի վերջին Լևոն Քոչարյանը հարբած վիճակում ձերբակալվել է Դուբայում տեղի ոստիկանության կողմից:

Tekali Taxi