Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին Ստրասբուրգում հայտարարել էր, որ կարելի է Կազանում դրական արդյունքներ, առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի, սակայն Կազանը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Այս մասին երեկ Կազանում Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: Ամեն դեպքում, հանդիպումը, կարծում եմ, օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները: Եվ կարևորն այն է, որ ՌԴ նախագահ Մեդվեդևը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում, իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման և դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար:
Կողմերի միջև վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն 12-րդ հանդիպումն էր: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում, այս սցենարը, երբ Ադրբեջանը, փաստորեն, նոր փոփոխություններով և առաջարկներով է հանդես գալիս, արդեն առնվազն չորրորդ անգամ է կրկնվում: Սա է իրականությունը: Բայց շարունակելու ենք բանակցությունները, որովհետև կարգավորման համար այլ ճանապարհ չկա: Միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հիմնախնդիրը», – Էդվարդ Նալբանդյանի խոսքերը փոխանցում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: